Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒՐ ՀԱՍԱՆՔ ՈՒԹ ՏԱՐԻ ԱՆՑ

Փետրվար 04,2006 00:00

ՈՒՐ ՀԱՍԱՆՔ ՈՒԹ ՏԱՐԻ ԱՆՑ Երեկ ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովում քննարկվեցին անցած տարի ԱԺ-ում տեղի ունեցած ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված լսումների արդյունքները եւ կազմվեց փաստաթուղթ: Ըստ հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի, նման փաստաթուղթ չի ընդունվել երբեւէ, եւ այն կարող է դառնալ հետագա քայլերի համար կարեւոր հիմք. «Մենք մատնանշել ենք սկզբունքները, նպատակը եւ մարտավարությունը»: Եզրակացության մեջ նշված նպատակները հետեւյալն են. «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը եւ հակամարտության կարգավորման արդյունքը պետք է հանդիսանա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրականացումը: Դա կարող է տեղի ունենալ երկու մակարդակով՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգում միջազգային հանրության կողմից կամ ազատ ինքնորոշման իրավունքի հարգման հիման վրա հաշտության ամբողջական պայմանագրի կնքում, որը պետք է ներառի հստակ լուծումներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի, անվտանգության անհրաժեշտ եւ բավարար երաշխիքների, փախստականների եւ տարածքների հարցերի վերաբերյալ եւ ամրագրի Հայաստանի՝ որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության եւ անկախության երաշխավորի կարգավիճակը: Սակայն այս մոտեցումը որեւէ կերպ չի կարող հանգեցնել ինքնավարության բարձրագույն աստիճանի սահմանմանը Ադրբեջանի կազմում, քանի որ դրա հիմքում ընկած է ազգային փոքրամասնության իրավունքների ապահովման սկզբունքը մետրոպոլիայի տարածքում: Մինչդեռ Ադրբեջանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար մետրոպոլիա երբեք չի հանդիսացել, հետեւաբար Ղարաբաղի հայերը սեփական տարածքում չեն կարող «փոքրամասնություն» համարվել»: Ըստ արձանագրության. «Կարգավիճակի հարցը եղել եւ մնում է հակամարտության գլխավոր հարցը՝ բուն առարկան: Կարգավիճակը պետք է առավելագույնս ճշգրիտ եւ լիարժեք արտահայտի հիմնախնդրի պատմական, իրավական եւ քաղաքական իրողությունները եւ հաշվի առնի նաեւ հակամարտող կողմերի միջեւ առկա հարաբերությունների բնույթն ու որակը: Հետեւաբար խաղաղության գործընթացի արդյունավետությունը ուղղակիորեն կախված է հենց այս հարցի արդար լուծումից»: Հիմնական սկզբունքները, որ կարեւորել է հանձնաժողովը, հետեւյալն են. «Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի ենթակայության բացառում: Լեռնային Ղարաբաղի անկլավային վիճակի բացառում եւ Հայաստանի հետ ցամաքային անվտանգ եւ ապահով սահմանի առկայություն, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորում, համաշխարհային առաջադեմ գործընթացներին Լեռնային Ղարաբաղի մասնակցության համար միջազգային երաշխիքների ապահովում, ադրբեջանահայության կրած նյութական եւ բարոյական վնասների, ներառյալ հայրենիքի կորստի, համարժեք փոխհատուցման ապահովում»: Քանի որ այս փաստաթղթի կազմումը տեղի ունեցավ Հայաստանում իշխանափոխության ութերորդ տարելիցի օրը, երբ հրաժարական տվեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ իշխանության եկավ «պատերազմի կուսակցությունը», փորձեցինք ութ տարի անց կրկին ճշտել Ղարաբաղի հարցի հանդեպ որոշ ուժերի գնահատականները: Արմեն Ռուստամյանը նկատեց. «98-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը ուղղակի առնչվում էր Ղարաբաղի հարցի լուծման իր մոտեցումների հետ: Եվ երեւի հրապարակային ամբողջական տեսակետի առումով մեկ անգամ դա տեսել ենք Լեւոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղություն» հրապարակման մեջ, եւ հաջորդը նաեւ ճակատագրի բերումով այսօր մենք ենք այս եզրակացությունը ընդունում, որը շատ ամբողջական անդրադառնում է այն մոտեցումներին, որը ժամանակին Տեր-Պետրոսյանը համարում էր ճիշտ եւ հնարավոր։ Այսօրվա մոտեցումները բավականին լուրջ տարբերվում են դրանցից, եւ կարելի է ուղղակի համեմատել մոտեցումների այս տարբերությունը: Երբ հետո առաջարկները կդրվեն սեղանին, մենք կնայենք՝ համապատասխանո՞ւմ են մեր ընդունած փաստաթղթի սկզբունքներին. եթե ոչ՝ ուրեմն մենք չենք կարող այդ առաջարկությունները ընդունել»: Չբացառվեց, որ հանձնաժողովի ընդունած փաստաթղթի հիման վրա համատեղ հայտարարություն կանեն նաեւ քաղաքական ուժերը: ՀԺԿ քարտուղար, պատգամավոր Ստեփան Զաքարյանի կարծիքը նույնի մասին բոլորովին այլ է: Ըստ այդմ՝ «Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, չհաշված վերջին երկու տարին, այդ քաղաքականությունը շատ ճիշտ էր վարվում: Եվ դրա արդյունքում էլ ունենք այն, ինչ այսօր ունենք: Հետագայում հետքայլեր եղան, իսկ այսօր մենք արձանագրում ենք, որ եթե այս իշխանությունները գնում են փաթեթային լուծման, որը ընդունելի է, ուրեմն ամեն ինչ պիտի արվի փաթեթային: Ես դա եմ շեշտում, եւ այստեղ մեզ համար անընդունելի է փուլային առումով տարածքների զիջումը»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել