Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ովքեր էին խանգարում օլիմպիադաների անցկացմանը

Փետրվար 04,2006 00:00

Մեծ
ու փոքր ահաբեկչություններ օլիմպիադաների ժամանակ Որքան էլ օլիմպիական խաղեր
ընդունող երկրների կառավարությունները ջանում են խուսափել անախորժ երեւույթներից,
միեւնույն է, դա նրանց չի հաջողվում: Որպես կանոն, բոլոր օլիմպիական խաղերի ժամանակ
արձանագրվում են սկանդալներ, ահաբեկչական գործողություններ, զանգվածային անկարգություններ,
որոնք, բարեբախտաբար, չեն ստվերում մարզական համաշխարհային տոնահանդեսները: 1968
թվականի հոկտեմբերի 2-ին՝ Մեխիկոյի ամառային օլիմպիական խաղերից երկու շաբաթ առաջ,
մի քանի հազար երիտասարդներ հեղեղեցին Տլատելոլկո հրապարակը: Նրանք պահանջում էին
իրավունքների հավասարություն եւ կրթության ավելի բարձր որակ: Մեքսիկայի նախագահ Գուստավո
Դիաս Օրդասը ուսանողներին համարում էր խամաճիկներ դրսի ինչ-որ ուժերի ձեռքին, որոնք
ցանկանում են խափանել Լատինական Ամերիկայում առաջին անգամ անցկացվող օլիմպիական խաղերը,
զինվորականներին հրամայեց կրակ բացել ուսանողների վրա: Համաձայն պաշտոնական վիճակագրության,
այդ օրը սպանվել է 37 մարդ: Իսկ անկախ աղբյուրները խոսում են 400 զոհի մասին: Մյունխենի
օլիմպիական խաղերի ժամանակ՝ 1972 թ. սեպտեմբերի 5-ին, «Սեւ սեպտեմբեր» ահաբեկչական
խմբի մի խումբ զինված ներկայացուցիչներ, ներխուժելով օլիմպիական ավանում Իսրայելի
պատվիրակության առանձնատուն, տեղում գնդակահարեցին երկու մարզիկի ու եւս ինը հոգու
պատանդ վերցրին: Նրանք պահանջում էին ազատ արձակել այդ ժամանակ Իսրայելի բանտերում
գտնվող «Պաղեստինի ազատագրման կազմակերպության» անդամներին եւ գերմանացի երկու ահաբեկչի:
Իսրայելի կառավարությունը հրաժարվեց բավարարել պահանջները: Սակայն ԳՖՀ-ի ներքին գործերի
նախարար Հանս Դիտրիխ Գենշերը շարունակում էր բանակցությունները ահաբեկիչների հետ:
Օլիմպիական ավանի քաղաքապետ Վալտեր Տրյոգերը, Գերմանիայի օլիմպիական կոմիտեի նախագահ
Վիլլի Դաումեն եւ Բավարիայի ներքին գործերի նախարար Բրունո Մերկը առաջարկեցին մարզիկների
փոխարեն իրենց պատանդ վերցնել, սակայն ահաբեկիչները հրաժարվեցին: Դրանից հետո ահաբեկիչներին
պատանդների հետ միասին ավտոբուսներով դուրս բերեցին օլիմպիական ավանի տարածքից, նստեցրին
ուղղաթիռ ու տեղափոխեցին մոտակայքի ռազմական օդակայան, որտեղ նրանց սպասում էր դեպի
Կահիրե թռիչքի համար բերված օդանավը: Պատանդներին ազատագրելու համար հրավիրվել էին
Գերմանիայի ոստիկանության ուժերը, սակայն օպերացիան ողբերգական զարգացումներ ստացավ
ու ավարտվեց փոխհրաձգությամբ: Արդյունքում սպանվեց իսրայելցի ինը մարզիկ, որոնց տեղում
հասցրին գնդակահարել ահաբեկիչները, մեկ ոստիկան եւ հինգ ահաբեկիչ: Մեկօրյա ընդմիջումից
հետո կազմկոմիտեն վերսկսեց օլիմպիական մրցումները: 1996 թվականին Ատլանտայի
օլիմպիական խաղերի ժամանակ, չնայած կիրառված անվտանգության բոլոր միջոցառումներին,
ահաբեկչական ակտ տեղի ունեցավ: Բազմամարդ օլմպիական զբոսայգում նռնակ պայթեց, որի
արդյունքում երկու մարդ զոհվեց, 100-ից ավելին վնասվածք ստացավ: Ահաբեկչին՝ Էրիկ
Ռոբերտ Ռուդոլֆին, որը մասնակից էր նաեւ մի քանի այլ ահաբեկչությունների, ձերբակալեցին
միայն հինգ տարի հետո, այն էլ պատահականորեն: 2004 թվականին Աթենքի օլիմպիական
խաղերի ավարտին աղմկալի սկանդալ եղավ: Մարաթոնյան վազքի եզրափակիչ հատվածում առաջատարի՝
բրազիլացի Վանդերլեյ Լիմայի վրա խուլիգանական հարձակում գործեց իռլանդացի հոգեւորական
Կոռնելիուս Հորանան: Նա թռավ արգելափակոցի վրայից ու հրելով մրցուղուց դուրս շպրտեց
մարզիկին, որի պատճառով վերջինս զրկվեց օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճելու հնարավորությունից:
Չնայած ոստիկանությունն ու հանդիսատեսն անմիջապես միջամտեցին, շոկի մեջ հայտնված
վազորդը զիջեց ոչ միայն առաջին, այլ նաեւ երկրորդ տեղը ու եզրագիծը հատեց երրորդը:
Մեղավորն այնուհետեւ դատապարտվեց մեկ տարվա պայմանական ազատազրկման ու տուգանվեց
երեք հազար եվրո: Պատրաստեց Ա. ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել