Ձմեռային օլիմպիադայում մեր մարզիկներն առաջնորդվելու են օլիմպիական կարգախոսով՝ կարեւորը մասնակցությունն է
Փետրվարի 10-26-ը Իտալիայի Թուրին քաղաքում կայանալու են ձմեռային 20-րդ հոբելյանական խաղերը, որտեղ մեր հանրապետությունը ներկայացնելու են գեղասահքի Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան պարային զույգը, լեռնադահուկորդ Աբրահամ Սարկախյանը, որը հանդես է գալու հսկա ոլորավայրէջքում, ինչպես նաեւ կարճ ու միջին տարածությունների դահուկավազորդներ Հովհաննես Սարգսյանն ու Էդմոնդ Խաչատրյանը:
Փետրվարի 2-ին ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Թուրինում Հայաստանի պատվիրակության «շեֆ-միսիա» (տեխնիկական կազմակերպիչ), Հայաստանի ձմեռային մարզաձեւերի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը մեկնեցին մրցավայր, որտեղ զբաղվելու են մեր պատվիրակության ժամանման հետ կապված կազմակերպական խնդիրներով՝ բնակության, մարզվելու վայրեր, սնունդ եւ այլն: Մեկնելուց առաջ զրուցեցինք Արմեն Գրիգորյանի հետ:
– Պարոն Գրիգորյան, Հայաստանը Սպիտակ օլիմպիադաներում երբեք բարձր տեղերի չի հավակնել: Այդ ավանդույթը, ինչպես երեւում է, պահպանվում է:
– Ցավոք, մենք ձմեռային օլիմպիական խաղերում դեռ ստիպված ենք առաջնորդվել օլիմպիական կարգախոսով՝ կարեւորը մասնակցությունն է: Թեեւ Թուրինում հանգամանքները հաջող դասավորվելու դեպքում գեղասահքի հայկական զույգը, որը օրերս Եվրոպայի առաջնությունում գրավեց 14-րդ տեղը, կարող է մտնել նաեւ լավագույն տասնյակ, ինչը մեզ համար նշանակալից հաջողություն կլինի: Սակայն մենք չենք պատրաստվում միշտ մնալ վերջից գնացողների շարքում ու այժմվանից հաջորդ Խաղերի համար լուրջ ծրագրեր ենք նախապատրաստում: Դրանք հիմնականում կապված են Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայի հետ: 2005 թվականից ամբողջ հզորությամբ գործում է գերժամանակակից ճոպանուղին: Այս գարնանը օլիմպիական մարզաբազան նույնպես կկանգնի միջազգային չափանիշներին համապատասխանող հիմնանորոգման: Դրանից հետո մենք Հայաստանում կունենանք, գուցե, տարածաշրջանում լավագույն մարզահամալիրը, որտեղ արդեն հնարավոր կլինի լիարժեքորեն նախապատրաստվել թե ամառային, թե ձմեռային մարզաձեւերի խոշոր մրցումներին, մանավանդ որ՝ Ծաղկաձորն արդեն իսկ վերականգնում է իր երբեմնի բարձր միջազգային հեղինակությունը:
– Որքան էլ հեռու լինենք Թուրինում մրցանակային տեղեր զբաղեցնելու հեռանկարից, այդուհանդերձ, մասնակցությունը հնարավորին չափ պատշաճ պետք է լինի: Դրա համար մարզիկները պետք է նախապատրաստական նորմալ շրջան անցած լինեն:
– Անկասկած: Բոլոր նրանք, ովքեր ուղեգիր են նվաճել, ամբողջ տարի եղել են ուսումնամարզական հավաքներում, մասնակցել մրցաշարերի: Հիմա էլ դահուկորդները Ծաղկաձորում են ու մինչեւ մրցավայր մեկնելը կմարզվեն Ռուսաստանի հավաքականների հետ: ՀԱՕԿ-ը՝ սպորտի պետական կառույցը մշտապես զբաղվել է նրանց սննդի, վիտամինների, ուժերը վերականգնող դեղամիջոցների ապահովումով: Այնպես որ, բողոքների ոչ մի տեղ չկա:
– Իսկ դոպինգ-ստուգումներ անցկացվե՞լ են:
– Քանի որ մերոնք բարձր տեղերի չեն հավակնում, արգելված խթանիչներ օգտագործելու որեւէ վտանգ չենք տեսնում: Ավելին, դրա համար էլ դոպինգ-ստուգում անցկացնելու անհրաժեշտություն չենք տեսել: Մեր մարզիկները դոպինգ-ստուգում, եթե դրա կարիքն զգացվի, կանցնեն տեղում:
– Մեր պատվիրակությունը Թուրինում որտե՞ղ է հանգրվանելու:
– Մրցավայր մեկնելու ենք մի քանի կազմով: Փետրվարի 2-ին ես եւ Գագիկ Սարգսյանը կմեկնենք նախապատրաստական աշխատանքներով զբաղվելու: Չորս օր հետո Թուրին կժամանի հավաքականի մնացած կազմը: Հաջորդ օրը օլիմպիական ավանում պաշտոնապես կբարձրացվի Հայաստանի պետական դրոշը, որին ներկա կլինենք ամբողջական կազմով: Եվ, վերջապես, Հայաստանի պետական դրոշի ներքո կմասնակցենք Խաղերի բացման պաշտոնական արարողությանը:
– Քանի՞ մարդ է ընդգրկված Հայաստանի պատվիրակության կազմում:
– Կազմը հաստատվել է կառավարության անցած տարվա դեկտեմբերի 29-ի որոշմամբ: Դրա մեջ, բացի մեր երկուսից, մտել են մարզիկները, նրանց մարզիչները, ձմեռային մարզաձեւերի ֆեդերացիայի նախագահը, ՀԱՕԿ-ի նախագահը՝ որպես պատվիրակության ղեկավար, ՀՀ սպորտպետկոմի նախագահը, հայ մարզասերների համար Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությամբ օլիմպիական խաղերի ուղիղ հեռարձակման իրավունքը գնած ռուսաստանաբնակ գործարար Մկրտիչ Օքրոյանը, որի շնորհիվ, ի դեպ, հանրապետությունում ուղիղ հեռարձակմամբ հետեւում էին նաեւ Աթենքի օլիմպիական խաղերին, Հ1-ի երկու լրագրող: Ընդհանուր առմամբ՝ 18 հոգի:
– Այսինքն, սպորտի հետ առնչություն չունեցող մարդ չկա՞:
– Ոչ մի մարդ՝ ինչպես Աթենքում:
– Հայտնի՞ է, թե Թուրինում մերոնք որտեղ են բնակվելու:
– Այնտեղ միասնական ամենօրյա կապ պահպանելու հարցում, հնարավոր է, որոշ բարդություններ լինեն: Բանն այն է, որ կազմակերպիչներն օլիմպիական ավանը բաժանել են երեք մասի: Առաջինում բնակվելու են այն մարզաձեւերի ներկայացուցիչները, ովքեր հանդես են գալու սառցային մրցաձեւերում, երկրորդում, որի անունը Սիստերիա է՝ դահուկային ձեւերի մասնակիցները եւ երրորդում՝ բիաթլոնն ու մյուս մրցաձեւերը: Եվ քանի որ մենք հանդես ենք գալու գեղասահքում ու դահուկային ձեւերում, կբնակվենք իրար մոտ:
– Պատվիրակությունն ի՞նչ միջոցներով է մեկնում Թուրին:
– Գումարը հատկացվել է պետբյուջեից: Դրա մեջ մտնում են նաեւ օդանավի տոմսերը, օդի հարկը, հագուստը… Ընդհանուր առմամբ հատկացվել էր 29 մլն 254 հազար դրամ: Բայց քանի որ մենք նպատակահարմար չգտանք ու հրաժարվեցինք այսպես կոչված «վայս քարտերից», որոնցով մեր եւս երեք դահուկորդուհիների հնարավոր էր տանել օլիմպիական խաղեր, այդ գումարը կրճատվել է:
– Յուրաքանչյուր երկիր չափազանց մեծ կարեւորություն է տալիս պատվիրակության ներկայանալիությանը: Մերոնք ունե՞ն միասնական մարզազգեստ եւ շքերթային հագուստ:
– Անշուշտ: Մարզազգեստի կոմպլեքսը պատվիրված է «Puma» ֆիրմայում, իսկ շքերթայինը՝ տեղի մի քանի ֆիրմաներում: Դրանց դիզայնը նախապես քննարկվել ու հաստատվել է: Այնպես որ, Հայաստանը թե բացման արարողությանը, թե ընդհանրապես աշխարհին կներկայանա պատշաճ տեսքով:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ