Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանում կոռուպցիան ինստիտուտ է

Փետրվար 04,2006 00:00

Այս
եզրահանգմանն է եկել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս, նույն ֆակուլտետի ասպիրանտ
Բագրատ Հարությունյանը: Նա երեկ ներկայացրեց իր դիսերտացիայի թեման՝ «Կոռուպցիան
կրթական համակարգում»: «Մեր երկրում կոռուպցիան ինստիտուցիոնալ բնույթ է կրում.
կան հստակ դերեր, նորմեր, լեզու՝ հետեւաբար այն հասարակական նշանակության երեւույթ
է»,- ասաց Բ. Հարությունյանը: Նա իր հետազոտության մեջ (որն իրականացրել է Հետազոտական
ռեսուրսների կովկասյան կենտրոնի տրամադրած դրամաշնորհով) որեւէ սենսացիոն բացահայտում
չարեց, կոնկրետ անուններ չնշեց, չասեց, օրինակ, թե որ բուհն է ուսումնասիրությունների
արդյունքում համարվել ամենակոռումպացվածը: Փոխարենը, այս հետազոտության մեջ բավական
հետաքրքիր տիպաբանական վերլուծություններ կան: 26 «խորին հարցազրույցներ» են անցկացվել
բուհերի դասախոսների, ադմինիստրատիվ աշխատողների, դպրոցի ուսուցիչների հետ: 8 ֆոկուս
խմբերում ընդգրկվել են ուսանողներ, ավագ դպրոցի աշակերտներ, ասպիրանտներ: Կրթական
համակարգում կոռուպցիայի տարածված ձեւերը շրջանցելով՝ կանգ առնենք միայն Բ. Հարությունյանի
բնորոշումների վրա: Նա ուսանողներին բաժանել է հետեւյալ տիպերի. 1. մեր փրկությունը
գիտելիքի մեջ է, 2. բոլորի հետ պետք է կարողանալ լեզու գտնել, 3. սովորել բուհում՝
նշանակում է վայելել ուսանողական կյանքը (5 արկղ գարեջուր վերցնել եւ ամբողջ գիշեր
հարբել), 4. ընկել ենք՝ պետք է քաշենք եւ այլն: Բ. Հարությունյանի բնորոշմամբ, կա
ուսանողների խումբ, ում ինքն անվանում է «ճուտիկներ», որոնք սեփական ծնողների զոհն
են՝ թե դպրոցում, թե բուհում: Ճուտիկների ծնողները, ցանկանալով զերծ պահել իրենց
երեխային ցածր գնահատական ստանալու (կամ պարզապես չստանալու) հետ կապված ապրումներից,
անընդհատ նվերներ են մատուցում ուսուցիչներին, տնօրեններին, դասախոսներին: Հետազոտողի
կարծիքով, հենց այս ծնողներն են հիմնականում համալրում ծնողական խորհուրդների անդամների
շարքերը: Շորթողներ են համարվում այն ուսուցիչները կամ դասախոսները, ովքեր իրենց
սաներին անելանելի վիճակի մեջ են դնում. «Պահանջը կարող է ձեւակերպվել պարապմունքների
մասնակցելու, գրքեր գնելու եւ այլ տեսքով»: Առանձնացված են նաեւ որոշ արտահայտություններ՝
կոռուպցիայի լեզվից. «ոնց անե՞նք, որ մեր հարցը դրական լուծվի, հորեղբորս տղան նման
խնդիր ուներ ու սենց ձեւով լուծվեց, կարծում եմ, որ մեր դեպքում էլ է այդ ձեւը պիտանի,
դու չես կարող այս առարկան հանձնել, ի՞նչ ես պատրաստվում անել, էս առարկան միայն
իմ գրքով կարաք պարապեք…»: Կամ՝ «ես քո հետ չեմ ուզում խոսել, գնա, մտածիր՝ ինչ
պիտի անես, որ ստանաս, կամ մեծ եղբորդ ասա թող գա, իրար հետ որոշենք՝ քեզ դուրս ենք
թողնո՞ւմ, թե՞ գաս մոտս պարապես»: Հետազոտությունը հուշում է նաեւ որոշ ծածկագիր-բառեր
ու բառակապակցություններ. «Գնա, երկուշաբթի ժամը 30-ին կգաս: Սա վերցրեք՝ սուրճ կխմեք,
զգույշ եղեք՝ մեջը ուրիշ բան էլ կա: Քո գնահատականը մենակ կանաչ գրիչով կդրվի»: Հ.
ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել