Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Քաղաքական տհասության մարտահրավեր

Փետրվար 04,2006 00:00

«ՀՀ-ի միջամտությունը իրավապաշտպան գործունեությանը-Վահե Գրիգորյանի հետագա ճակատագիրը» խորագրով երեկվա քննարկման ժամանակ ընդունվեց փաստաբանի՝ քաղաքական բանտարկյալի կարգավիճակում հայտնվելը:

Փավստոս Բուզանդի փողոցի բնակիչների իրավունքները պաշտպանող փաստաբան Վահե Գրիգորյանը, ներպետական իրավական պաշտպանության բոլոր միջոցները սպառելով, իր պաշտպանյալների բողոքները ներկայացրել է Ստրասբուրգի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քննարկմանը, ինչի արդյունքում արժանացել է իշխանությունների «ուշադրությանը» եւ, ինչպես լինում է մեր երկրում, նրա նկատմամբ հանրուցվել է քրգործ: 2005թ. հոկտեմբերի 7-ից փաստաբանը գտնվում է կալանքի տակ, իսկ դեկտեմբերի 30-ից նա տեղափոխվել է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան: Թե առաջին ատյանի, թե վերաքննիչ դատարանները կայացրել են վճիռ՝ կիրառելով կալանքը: Վճիռը վիճարկելու, նրան ազատ արձակելու ուղղությամբ նրա փաստաբանների ձեռնարկած բոլոր ջանքերն անցնում են ապարդյուն: Վճռաբեկ դատարանն առանց քննարկելու առկա բողոքները, գործը մեկ ամիս պահելուց հետո, այն վերադարձրել է: Հունվարի 9-ին Վ. Գրիգորյանի գործը գրանցվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, իսկ նույն օրվա Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճռով կալանքը եկարաձգվել է եւս երկու ամսով: Փաստաբանի իրավունքների պաշտանությանն ուղղված քննարկմանը ներկա իրավապաշտպան հ/կ-ների նախագահներն ու փաստաբանները իրենց բացասական գնահատականը տվեցին կատարվածին: Քննարկմանը ներկա ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ կիրառվող պետական հետապնդումները բնորոշեց որպես քաղաքական տհասության մարտահրավեր: «Վահե Գրիգորյանը դիմել է ինձ, երբ առանց իրավական հիմքերի մտել էին իր գրասենյակը՝ նրան հրավիրելով ԱԱԾ: Պարզաբանման համար դիմել եմ ԱԱԾ եւ ստացել պատասխան, թե փաստաբանի դեմ հարուցված է քրեական գործ: Ես նրանց ասել եմ, որ այդ մարդը փախուստի դիմող անձնավորություն չէ, որ չկա տուժող, ուստի կալանքը որպես խափանման միջոց չի համապատասխանում ոչ անձի, ոչ նրա գործի էությանը»,- ասաց Լ. Ալավերդյանը: Վերջինս դիմել էր նաեւ գլխավոր դատախազությանը՝ ներկայացնելով այն փաստը, որ «կեղծ ցուցմունք տված քաղաքացին փախուստի մեջ է»: Գլխավոր դատախազությունից նա ստացել էր կոշտ պատասխան: Փաստաբան Գրիգորյանին՝ իբրեւ բարեկիրթ իրավաբանի, բնութագրեց վարչապետի խորհրդական, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը. «ՀՀ-ում մարդը վճարում է իր ազնվության համար: Մեր իշխանությունները հուշում են քաղաքացիներին, որ հույս չունենան, թե կարող են պաշտպանել իրենց իրավունքները: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, հույս չունեմ, որ անգամ ամենաազնիվ փաստաբան ունենալու դեպքում կարող եմ պաշտպանել իմ իրավունքները, քանի որ մեր դատական համակարգը կախված է իշխանությունից եւ չունի անկախություն»,- շարունակեց կառավարությունում աշխատող Հ. Խառատյանը:

Փաստաբան Ռուբեն Ռշտունին ակնհայտ սուտ համարեց ՀՀ սահմանադրության այն դրույթը, ըստ որի՝ Հայաստանը իրավական պետություն է, քանի որ «ում լեզուն երկար է, կարող են պատճառ բռնել եւ կալանավորել»: Փաստաբանը քննադատության ենթարկեց հեռուստաընկերություններին, որոնք իրենց հեռու են պահում հասարակության մեջ կատարվող բացասական երեւույթների լուսաբանումից, մտահոգվում են միայն, «թե ինչպես Գայանեին ամուսնացնեն հավատարիմ ամուսնու հետ, քանի որ շան տարի է»:

ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել