Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԳՈՂԸ ՏՆԻՑ ԼԻՆԻ՝ ԵԶԸ ԵՐԴԻԿԻՑ ԷԼ ԿՀԱՆԻ»

Փետրվար 04,2006 00:00

Որպես
«եզ» նկատի ունենալով, հավանաբար, «ԱրմենՏելի» վճարելիք գումարները՝ ասում է
Արշակ Սադոյանը Երեկ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը
(դատավոր՝ Սիմա Հովսեփյան) շարունակեց Սիրանույշ Հարությունյանի վճարման հաշվարկները
մասնակի անվավեր ճանաչելու մասին հայցն ընդդեմ «ԱրմենՏելի»: «ԱրմենՏել» ՀՁ ներկայացուցիչ
Արտակ Խաչատրյանը նախ հիշեցրեց նախորդ դատական նիստի ընթացքում դատարանից ինտերնետի
միջոցով իրենց կողմից կատարված փորձնական զանգերի մասին, որոնք ընդհատվել (վիրուսի
կամ համակարգչային հակերների մեղքով), ապա վերամիացվել էին: Իմիջիայլոց, այդ զանգերի
համար «ԱրմենՏելում» հաշվարկել էին 9200 դրամ վճարագումար: Հետո Ա. Խաչատրյանը դատարանին
միջնորդեց, անցկացնել անկախ փորձաքննություն, ճշտելու՝ «ԱրմենՏելը» եւ կապն ապահովող
պրովայդերներն ունե՞ն տեխնիկական հնարավորություններ զատորոշելու, վերահսկելու, կանխելու
բաժանորդի հեռախոսագծին կատարված անցանկալի միացումները: Նա նաեւ առաջարկեց այդ փորձաքննության
կատարումը հանձնարարել ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարության կամ Հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի համապատասխան մասնագետներին: Ա. Խաչատրյանը հարկ համարեց
նշել, որ հիմնական տարաձայնությունները առնչվում են ինտերնետի միջազգային եւ տեղական
հասանելիությանը: Ավելացրեց նաեւ, որ իրենց խնդիրը ավելի սկզբունքային է. հաստատել
խաղի կանոնները: Այս դեպքում արդյոք «ԱրմենՏելը» պատասխանատո՞ւ է բաժանորդների կատարած
զանգերի համար եւ չկա՞ դրանք վերահսկելու հնարավորություն: Հայցվորի ներկայացուցիչ,
ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանը նախ զարմացավ այդ բացատրություններից եւ հիշեցրեց,
որ ինտերնետային ելքի մենաշնորհը միայն «ԱրմենՏելինն» է, հետեւաբար, տեղական եւ միջազգային
ինտերնետը տարանջատելն այս դեպքում տեղին չէ: Հետո պարզաբանեց, թե ինչպես է «ԱրմենՏելը»
խոշոր չափերի գումար կորզում բաժանորդներից: Վերջիններս կարող են մտնել էրոտիկ, պոռնո,
զվարճալի կայքեր, այդ ժամանակ ապօրինաբար ինտերնետ կարող է մուտք գործել նաեւ շահագրգիռ
կողմը եւ կայք մտնելը կգրանցվի որպես միջազգային խոսակցություն: «Բաժանորդներն էլ
ամաչում են ասել՝ մտել եմ, լավ եմ արել: Բայց էրոտիկ կայք մտնելը ի՞նչ կապ ունի միջազգային
խոսակցության հետ (որի մեկ րոպեն անհամեմատ թանկ է)»,- շարունակում է Ա. Սադոյանը
եւ գրեթե համոզված ասում, որ «ԱրմենՏելի» քավորությամբ են կատարվում համակարգչային
խարդախությունները: Որպես ապացույց, նա նույնպես հրավիրեց նախորդ դատական նիստի փորձնական
զանգերին: «ԱրմենՏելը» եկավ իր համակարգչով, իր ծրագրով, դատարանում ցույց տվեց,
թե ինչպես կարելի է անջատել դատարանի հեռախոսը եւ միացնել միջազգային հեռախոսակապին:
Դա ոչ թե վիրուսային, այլ սովորական համակարգչային խարդախություն է»,- ասաց սպառողի
շահերի ներկայացուցիչը՝ նույնպես կողմ արտահայտվելով փորձաքննության անցկացմանը:
Դատարանը հարկ համարեց հարցումներ ուղարկել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն,
ինչպես նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ճշտելու՝ ունե՞ն
փորձաքննության իրականացման համար համապատասխան մասնագետներ, թե՞ ոչ: ԷԼՄԻՐԱ
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել