Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՀԱ ՊԻՏԻ «ՆԵՎԹՉԻԻՆ» ՊԱՐՏՎԻ

Փետրվար 04,2006 00:00

Որ մնացածը խոսելու տեղ ունենան

Մինչ հայերով Գյումրի-Կարս երկաթուղու երկարությամբ բերաններս բացած խոսում ենք երկաթուղու նշանակությունից ու հիշում ենք, որ, ասենք, քսաներկու թվին ռուսները երկուսուկես վագոն սեւ օճառ են ուղարկել Հայաստան, որ լվացվենք, մեր հարեւաններն ու ռուսներն էլ հետը՝ մեզ արհամարհած կառուցում են Թուրքիա-Ախալքալաք երկաթգիծը: Մինչ Իրան-Հայաստան գազամուղի խողովակների տրամագծի ճոռոմության մեր մտավորական ուղեղները հիշում են, որ այն ժամանակ, երբ Պերճ Պռոշյանը վեպ էր գրում, Օմար Խայամը դեռ բանաստեղծություն էլ չէր կարդացել, երկու այդ տրամագծի գազատար են կառուցում Հայաստանի քթի տակ՝ թքած ունենալով, որ մենք Ռուսաստանի ամենասիրած ֆորպոստն ենք ու որ բոլոր ռուս երգչուհիները հայերեն են երգում «Երեւանի սառը ջուրը»: Մինչ ադրբեջանցիները քարուքանդ են անում Նախիջեւանի պատմական գերեզմանոցները, մենք դաշնակցականաբար ջղայնանում ենք ու մաուզերի վրա կրկին երդվում, որ անպայման «էթալու» ենք Սասուն, մի բան էլ իջնելու ենք Վան:

Թեւ ոչ սառնասրտորեն, բայց կարելի է գրել մեր հավաքական բթամտության ողջ պատմությունը՝ Մսրա Մելիքին կրելուց մինչեւ «Փյունիկի» չհանդիպումը «Նեւթչիի» հետ ու այդ առթիվ մեր համազգային ջղայնությունը: Բայց մինչ մենք շարունակում ենք համահայկական «ներվատրյոպկան»՝ ամեն օր ութսունն անց մի սկլերոզով հիվանդի բերանով հիշելով, թե ոնց մտանք Բեռլին ու «Հիտլերը տեղում չէր», ոնց էինք յոթանասուն տարի առաջ «Կայրաթի» հերն անիծում՝ անկախ հայ-ղազախական բարեկամությունից ու ոնց էինք «Նեւթչիի» տղերքին քառասուն տարի առաջ հենց Բաքվի կենտրոնում «կզզըցնում»՝ անկախ «Լենինսկի պռասպեկտում տրյոխկոմնըտնի կվարտիրա» ունեցող հայերի համար վախենալու, ադրբեջանական սպորտը պատրաստվում է 2008, 2012 թվերի օլիմպիադաներին ու միջազգային մրցաշարերին:

Հիմա նայենք ադրբեջանական սպորտի ընդամենը մեկ օրվա մասին տեղի մարզական մամուլի էջերը:

– Հունաստանի բրոնզե մեդալակիր ադրբեջանուհի Իրադա Աշումովան գնդակային հրաձգության Մյունխենի միջազգային մրցաշարում մտել է առաջին քսանյակ:

– Կանանց վոլեյբոլի «Ազերրեյլ» ակումբը Շվեյցարիայում նախապատրաստվում է չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչին:

– Թեքվոնդոյի Ադրբեջանի հավաքականը Շվեդիայում նվաճել է 12 մեդալ՝ այդ թվում եւ ոսկե, եւ արծաթե մեդալներ:

– Ադրբեջանցի երկու մարմնամարզուհիներ անհատական հրավերներ են ստացել՝ հանդես գալու գեղարվեստական մարմնամարզության Իտալիայի առաջնությունում եւ շարունակում են հաջող ելույթներ ունենալ:

– Հունա-հռոմեական, ազատ ոճի եւ կանանց ըմբշամարտի Ադրբեջանի ներկայացուցիչները նախապատրաստվում են Պեկինի 2008 թվականի օլիմպիադային:

– Հոկեյի Ադրբեջանի կանանց հավաքականը Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականի հետ հանդիպումով բացել է Դուրբանում ընթացող միջազգային մրցաշարը:

– Հանդբոլի Ադրբեջանի հավաքականը մասնակցում է «Չելինջ քապ»-ի 1/8 եզրափակիչին:

– Ազատ ոճի ըմբշամարտի 17-րդ ավանդական միջազգային մրցաշարին 17 երկրների թվում կմասնակցի նաեւ Ադրբեջանը:

Նայե՞նք Հայաստանի մարզական մամուլը: Ոչ թե մի օրվա, այլ մի քանի ամսվա, մի քանի տարվա: Կարճ հաղորդագրություններ հայկական ծագումով, Ամերիկայում, Ավստրալիայում, Ճապոնիայում ու այլուր ապրող հայերի, բայց ոչ Հայաստանը ներկայացնող Հայաստանի քաղաքացիների մասին: Իսկ գնդակային հրաձգությունների փոխարեն՝ ինքնասպանություններ մարտական ատրճանակներով, կանանց վոլեյբոլի փոխարեն՝ թրաֆիքինգի զոհեր, հոկեյի տղամարդկանց հավաքականի պարտություն 200-ն անց հաշիվներով, էլ ի՞նչ հոկեյի կանանց հավաքական, հանդբոլի հավաքականի փոխարեն՝ սկաուտների նոր վազվզոցներ «լեռներով ու լայն դաշտերով», «Արի տարոնական» կամ «Մահ կամ ազատություն» ֆուտզալի ավանդական միջազգային մրցաշարի փոխարեն՝ ֆուտզալի Հայաստանի հավաքականին մարզադահլիճ չեն տալիս, որովհետեւ նախարարը չի ուզում, որ «զալի պարկետը փչանա», հունա-հռոմեական ոճի երկու ըմբիշներ, եվրոպայի երբեմնի (էլի երբեմնի) չեմպիոններ, 20 րոպե ուշանում են կշռվելուց ու զրկվում են 2006 թ. Եվրոպայի առաջնությանը մասնակցելու իրավունքից: Թեքվոնդոյի Հայաստանի հավաքականն էլ չի հիշում, թե Հայկը ոնց Բելին մի նետով հաղթեց ու…

Այս ազգային խայտառակության ֆոնին պատկերացնում ե՞ք՝ «Փյունիկի» ֆուտբոլիստներն ադրբեջանցիների հետ հրաժարվում են խաղալ ու… մեռնեմ ադրբեջանական մամուլի ջանին՝ էնքան մերոնց ինքնահրկիզվելու նյութ տա, որ նույնիսկ նրանց հերիքի, ովքեր չգիտեն, որ ֆուտբոլի գնդակը ոչ թե քառակուսի է, այլ լավ էլ կլոր է: Սրան էլ գումարած ճշմարիտ սովետական մարդուն վայել «ադաբրյամսը»: Ալբերտ Ազարյանը դատապարտում է, որովհետեւ իրենց մարզաձեւում հայկական ու ադրբեջանական թիմերը չեն հանդիպում: Եթե հանդիպեին, ինքը նման բան թույլ չէր տա: Ոչինչ, որ Ազարյանի գլխավորած ֆեդերացիային ամիսներ առաջ զրկել էին միջազգային մարզաձեւի ֆեդերացիային անդամակցելուց ու Ազարյանի մարզաձեւի ներկայացուցիչները ոչ միայն Ադրբեջանի հետ չեն հանդիպում, այլ ընդհանրապես ոչ ոքի հետ չեն հանդիպում: Վերջին հաջողությունն էլ Ազարյանի մարզաձեւից նրա որդու խաչն էր 26 տարի առաջ ու վերջ: Հիշո՞ւմ եք վերջին միջազգային հանդիպումը: Բայց մարզադպրոցը Լինսի փողերով վերանորոգած է, տուռնիկների հուսալիությունը անձամբ Քոչարյանն է ստուգել՝ հանրության աչքի առաջ, գիմնաստիկա պարապող երեխաների ծնողներն էլ փողերը ճիշտ ժամանակին տալիս են: Պատկերացնո՞ւմ եք, Լեւոն Ջուլֆալակյանն էլ է դատապարտում, որովհետեւ իրենք Հայաստանի պետական դրոշը հաղթականորեն բարձրացրել են ստամբուլյան դահլիճի կամարների ներքո: Համարյա «Ստամբուլը դարձնենք արյան ծով»: Պատկերացնո՞ւմ եք, Հովհաննես Զանազանյանն էլ է դատապարտում, որովհետեւ «Արարատը» որտեղ ասես խաղացել է եւ հաղթել է «Նեւթչիին»՝ այդ թվում եւ Բաքվում, «Միլանի» ու «Ինտերի» երկրպագուներն էլ նույն քաղաքում են ապրում: Ինչ վատ է, որ Զանազանյանն իր ախպերության հետ Բաքվում գառի խորոված կերել է, իսկ Միլանում՝ ոչ:

Չես հասկանում, թե ինչո՞ւ համազգային սուգ ու շիվանի չեն տալիս իրենց, երբ լեռնադահուկորդները հայտարարում են, որ գալիք օլիմպիադայում 30-րդ տեղը գրավելը իրենց համար երազի է նման, բայց դիվոտում են, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 1:0 հաշվով պարտվում է Հոլանդիայի հավաքականին: Հո Էլբրուսը Ծաղկաձորից շուտ չի առաջացել:

Հանուն մեր գոյատեւման երաշխիքի՝ «Փյունիկը» հա պիտի «Նեւթչիին» պարտվի:

ՆԱՐԵԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել