Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դադարեցրե՛ք հանդիպումները

Փետրվար 04,2006 00:00

Ըստ
«Ի պաշտպանություն ԼՂՀ-ի» կազմկոմիտեի՝ քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել Ղարաբաղը որպես
բանակցային կողմ, անիմաստ է ՀՀ-ի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումները շարունակելը:
1996-ից ի վեր մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ ու կուսակցություններ
միավորող այս կազմկոմիտեն երեկ հրավիրել էր «Լեռնային Ղարաբաղ. նոր զարգացումներ»
թեմայով փակ քննարկում, որին խոստացել էին մասնակցել նաեւ կոալիցիայի ներկայացուցիչները,
սակայն դրժել էին խոստումը: Սակայն ներկա էին ԼՂՀ նախագահի խորհրդական Արման Մելիքյանն
ու Հայաստանում ԼՂՀ ներկայացուցիչը: Քննարկման ընթացքում ընդունվել էր հայտարարության
նախագիծ, որը մի քանի օրից կհրապարակվի մամուլում: Այսուհանդերձ, հայտարարության
հիմնական սկզբունքները բացահայտվեցին նիստից հետո կայացած ասուլիսում: Կազմկոմիտեն
Հայաստանի իշխանությունից պահանջում է դադարեցնել Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունները,
քանի դեռ վերականգնված չէ Բուդապեշտի գագաթաժողովում ձեւավորված բանակցությունների
ձեւաչափը, որին մաս է կազմում նաեւ Ղարաբաղը: Դադարեցման պահանջի առնչությամբ «Ի
պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի» կազմկոմիտեի ղեկավար, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն
ասաց, թե բանակցություններ չկան էլ՝ ընդամենն առկա են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների
հանդիպումներ, զրույցներ: «Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի» կազմկոմիտեն
նաեւ գտնում է, թե քանի դեռ հայ եւ ադրբեջանցի հասարակությունների միջեւ չկա հաշտեցման
մթնոլորտ՝ կարգավորման մասին խոսելն անիմաստ է: «Ուղղակի թերուս մարդկանց դիրքորոշումն
է, թե կարելի է 2006-ի ընթացքում այսպիսի համաձայնագրերով լուծել հիմնահարցը»,- ասաց
Արամ Սարգսյանը, պնդելով, թե այս հիմնահարցը չունի արագ՝ 1-2 տարվա լուծում: Արամ
Սարգսյանը նաեւ ընդգծեց, թե Ռոբերտ Քոչարյանը լիազորություն չունի ԼՂՀ ժողովրդի եւ
իշխանությունների անունից ստորագրել այս կամ այն փաստաթղթի տակ, հատկապես ազատագրված
տարածքների վերադարձի մասին համաձայնագրի, քանի որ այդ դեպքում Հայաստանն ուղղակի
կճանաչվի ագրեսոր: Իսկ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը հայտարարեց, որ եթե անգամ նա
ստորագրի ինչ-որ փաստաթուղթ՝ «Միշտ կարող ենք դեմ տալ այն հանգամանքը, որ Ռոբերտ
Քոչարյանը 2003 թվականից լեգիտիմ նախագահ չէ, ու նրա ստորագրածը մենք կարող ենք եւ
չընդունել»: Արամ Սարգսյանը հիշատակեց Իլհամ Ալիեւի՝ օրերս արած հայտարարությունը.
«Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում առաջիկա տարիներին ոչ մի փոխզիջում
չի լինի: Չի կայացվի որեւէ որոշում, որն այսօր, վաղը կամ 100 տարի անց թույլ տա Լեռնային
Ղարաբաղը դուրս բերել Ադրբեջանի կազմից: Կրկնում եմ, որ այդ հարցը բանակցությունների
թեմա չէ»: Ըստ ՀԴԿ նախագահի՝ նման պնդումներից հետո հարց է առաջանում՝ «ի՞նչ է, հայկական
կողմը բոլոր զիջումները վերցնում է ի՞ր վրա: Ուրեմն ինչո՞ւ են շարունակում այս բանակցությունները»:
Կազմկոմիտեն անթույլատրելի է համարում Ղարաբաղի կարգավիճակի նոր հանրաքվեի
անցկացումը՝ այն էլ 15 տարի անց, եւ հողերի հանձնումը: Եթե այնուամենայնիվ նման հարցերի
վերաբերյալ համաձայնագիր կնքվի՝ Արամ Սարգսյանը խոստանում է, որ կծավալեն այնպիսի
հասարակական շարժում, ինչպիսին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի նախօրեին էր: Ա.
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել