Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ»

Փետրվար 03,2006 00:00

«ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ» SOS է հնչեցնում Գյումրիի գեղագիտական կենտրոնի 30 տարվա տնօրեն, Հայաստանի նկարիչների միության անդամ Սուսաննա Մկրտչյանը: ԿԳ նախարարության ենթակայությամբ գործող, Հենրիկ Իգիթյանի ղեկավարած Գեղագիտության ազգային կենտրոնի մասնաճյուղը հանդիսացող Գյումրիի գեղագիտական կենտրոնը բազում խնդիրներ ունի: Գյումրիի գեղագիտական կենտրոնը երեխաներին, 3-4 տարեկանից սկսած, գեղագիտական հմտություններ է տալիս, այստեղ ուսուցանվում են երգ, պար, կերպարվեստ, ասեղնագործություն, կարպետագործություն եւ այլն: «Եթե խորհրդային տարիներին նման կենտրոններն իրականացնում էին կոմունիստական կուսակցության քարոզած գաղափարախոսությունը, ապա այսօր չունենք կոնկրետ գաղափարախոսություն: Էդ վերեւներում միայն ասում են՝ «հայեցի կրթությո՜ւն», «ազգային արժեքնե՜ր»… Նման կենտրոնները դարձել են ԿԳ նախարարության ենթակայությամբ գործող ՓԲԸ-ներ, ինչի արդյունքում նախարարությունն իր վրայից բեռը գցել է մեր՝ տնօրեններիս ուսերին՝ մատնելով անտերության: Դրանով իսկ ասում է՝ ոնց ուզում ես գոյատեւիր, ուզո՞ւմ ես՝ վարձ վերցրու, ուզո՞ւմ ես՝ առեւտուր արա,- պարզաբանեց տիկին Մկրտչյանը, ավելացնելով, որ հանրապետության մանկավարժներից ամենացածրը՝ 13 հազար դրամ, իրենք են ստանում,- անընդհատ խոսում են, թե ուսուցիչների աշխատավարձը բարձրանում է, բայց դա երբեք մեզ վրա չի անդրադառնում, այն դեպքում, երբ մեր ստաժը համարվում է մանկավարժական: Պատճառաբանում են, թե վճարովի խմբեր ունեցեք եւ դրա հաշվին ավելացրեք ձեր աշխատավարձը»: Ի դեպ, քանի որ կենտրոնը ենթարկվում է ԿԳ նախարարությանը, մարզպետարանն ու քաղաքապետարանը չեն աջակցում, համարելով, որ այս հաստատությունը իրենցը չէ: Գյումրիի գեղագիտական կենտրոնն այժմ ունի 300-350 աշակերտ: Թեեւ նախապես պարապմունքները վճարովի էին հայտարարված, սակայն ծնողներից շատերն ի վիճակի չեն վճարել, ու ստիպված երեխաների հետ այստեղ առանց վարձի են պարապում: Այդ քայլին գնալու համար բազմաթիվ պատճառներ կան: «Ո՞ր ծնողը իր երեխային կբերի չջեռուցվող կենտրոն, եթե նույն պատճառով անգամ միջնակարգ դպրոց չի ուղարկում: Իսկ մեզ մոտ հրավիրված երիտասարդ կադրերն էլ աշխատում, տարիների ընթացքում փորձ են ձեռք բերում, կայանալուց հետո վերցնում են իրենց պարապած խմբերն ու գնում այնպիսի մի տեղ, որտեղ ավելի բարձր են վճարում, ուսուցումն էլ երեխաների համար անվճար է»,- փաստեց Գյումրիի գեղագիտական կենտրոնի տնօրենը: Նրա հավաստիացմամբ, աղանդավորական կազմակերպությունները, որ իրենց քաղաքում մարդաորսով են զբաղված, բարձր աշխատավարձով, տաք, լավ կահավորված աշխատատեղերով գրավում են երիտասարդ մասնագետներին: Վերջիններիս սաներին էլ գայթակղում են նվերներով, սննդով, նաեւ հագած հագուստ են բաժանում: «Մեզ մոտ ամենից շատ տարածված են հիսունականները, եհովականները, ավետարանչական եկեղեցու անվան տակ գործող ինչ-ինչ կազմակերպություններ, մորմոնները: Վերջերս այդ կազմակերպություններից մեկի կանոնադրությունն ընկավ ձեռքս եւ ի՞նչ տեսնեմ… «Խմբերի նպատակը» տողի տակ, օրինակ, գրված էր՝ «խումբը օգտագործել որպես գրավչանյութ, հետագայում միսիոներներ պատրաստելու համար»: Աղանդավորական կազմակերպությունների համար պարարտ հող է ստեղծում մարդկանց սոցիալական ծանր վիճակը: Դրա համար էլ ծնողը երեխային մեր կենտրոնից տեղափոխում է այնտեղ, որտեղ տաք է ու անվճար բուտերբրոտ են տալիս: Մեր գեղագիտական կենտրոնը լինելով պետական՝ դուրս է մնացել պետության ուշադրությունից: Պետությունը չի ապահովում անգամ մեր նվազագույն ծախսերը, փոխարենն առաջարկում է ծնողներից փող հավաքել: Միգուցե դա հնարավոր է Երեւանում, բայց ոչ՝ Գյումրիում: Մի կարեւոր նկատառում եւս՝ չկա վերահսկողություն: Նախկինում ունեինք մեթոդական կենտրոններ, որտեղից գալիս-վերահսկում էին մեր աշխատանքը, հիմա ոչ մեկի պետքը չէ, թե ոնց ես աշխատում: Իմ աշխատանքային գործունեության ընթացքում 13-14 նախարար է փոխվել, բայց նրանցից միայն մեկն է այցելել մեր կենտրոն՝ Տիգրան Հախումյանը: Մեր կենտրոնը միշտ էլ շնորհալի երեխաներ է տվել, որոնք մասնակցում են միջազգային մրցույթների ու հաղթանակով վերադառնում: Վերջերս էլ Լեհաստանից նկարչական խմբից մեկը առաջին կարգի դիպլոմ է բերել: Անցած տարի Բուլղարիայում պարային միջազգային փառատոնից էլ են դիպլոմ բերել: Բայց հիմա այդ նույն խումբը իր ղեկավարով հանդերձ գնացել է մի ուրիշ տեղ, որտեղ ֆինանսական տեսակետից ավելի ձեռնտու է: Այ եթե ասածս վերահսկողությունը լիներ, այդպիսի բան չէր պատահի»,- կարծում է տիկին Մկրտչյանը: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել