Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվար 03,2006 00:00

«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԶՐԿՎԱԾ Է ԼՌԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ» Այս կարծիքին է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Գեղամ Հարությունյանը – Ժամանակին Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ եթե անգամ ընդդիմություն չլինի, ինքը պարզապես կստեղծի այն, քանի որ իր համար շատ օգտակար է, երբ թիկունքին զգում է ընդդիմության շունչը: Հիմա կարծես հենց այդպիսի իրավիճակ է. ընդդիմությունը ոչինչ չի անում, եւ իշխանությունները կարծես զբաղված են սեփական ընդդիմությունը ստեղծելու գործով: – Կարծում եմ՝ իշխանությունները նկատի են ունեցել հաստիքային ընդդիմությանը, որը իշխանության թիկունքում շնչում է այն ժամանակ, երբ թույլ են տալիս, եւ ընդհանրապես չի շնչում, երբ դա իրեն արգելում են: Բարեբախտաբար, Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին ընդդիմությունը այդպիսին չի եղել, եւ ընդդիմության շունչն այս իշխանությունը շատ լավ էլ զգացել է, եւ ընդդիմության հետ պայքարում իր իշխանությունը ինչ-որ ձեւով պահպանելու համար շարունակ մտել է ապօրինությունների եւ բռնությունների դաշտ: Ապացույցները բազմաթիվ են՝ ե՛ւ 2003-ի բոլոր ընտրությունները, ե՛ւ ապրիլի 12-ին իրականացրած «Կոլցո» օպերացիան, որն իրականում ռազմական շուրջկալի օպերացիա էր: Եվ այս ամենի գագաթնակետը սահմանադրական հանրաքվեն էր, որի ժամանակ ոչ միայն սահմանափակվեց խոսքի ազատությունը եւ հնարավորություն չտրվեց ընդդիմությանը լիարժեք ներկայանալ ժողովրդին, այլեւ բուն հանրաքվեի արդյունքներով հասարակությունը զրկվեց լռելու իրավունքից. սա արդեն ոստիկանապետության եւ բռնապետության խիստ ծայրահեղ դրսեւորում է: Բռնապետությունները հենց այդ ճանապարհով էլ հաստատվում են, սկզբում լռելու իրավունքից զրկվում է իշխանության մեջ գտնվող պաշտոնյան, այնուհետեւ՝ մտավորականությունը, եւ ի վերջո, գալիս է մի պահ, երբ լռելու իրավունքից զրկվում է ամբողջ հասարակությունը: Նայեք ձեր շուրջը, մի՞թե այսօր այդպիսի իրավիճակ չէ: Ստալինիզմի ժամանակաշրջանի առանձնահատկություններից մեկն էլ այն էր, որ հարեւանը պետք է շտապեր ինքը մատնել հարեւանին, քանի դեռ իր նկատմամբ դա չէր արվել: – Դուք կարծում եք հիմա Հայաստանում ստալինյան ժամանակնե՞ր են: – Չեմ կարծում, որ այդ աստիճանի է սրված, բայց փաստը փաստ է, որ հանրաքվեի ընթացքում մոտ 1 միլիոն 200 հազար մարդ զրկվեց լռելու իրավունքից: Չգնաց ընտրական տեղամասեր, չասաց՝ «այո», բայց նրա փոխարեն «այո» գոռաց իշխանությունը: Այսօր Հայաստանը հայտնվել է որեւէ տրամաբանությունից դուրս իրավիճակում: Եվ այս իրավիճակում խոսել ընդդիմության պարտության մասին՝ ճիշտ չեմ համարում: Պետք է խոսել երկրի վրա կախված սպառնալիքի մասին: Այսօր մենք ունենք մի իշխանություն, որը բացարձակապես դուրս է վերահսկողությունից, եւ սա ֆիքսվեց հանրաքվեից հետո: Սակայն մենք ապրում ենք փոխկապակցված աշխարհում, եւ անգամ տիեզերքի օրենքներով որեւէ մարմին չի կարող վերահսկողությունից դուրս մնալ: – Եթե ձեզ ճիշտ հասկացա, համարում եք, որ ներսից որեւէ բան անելն անհնարի՞ն է, եւ Հայաստանը պետք է սպասի, թե «դուրսը» ի՞նչ կանի իր հե՞տ: – Ես այդ միտքը չասացի, ես ասացի, որ իշխանությունը իր գործելակերպով Հայաստանը դարձրել է շատ խոցելի: – Իսկ ընդդիմությունը այս իրավիճակում ի՞նչ է անելու: – Ընդդիմությունը պետք է շարունակի պայքարը, ընդդիմությունը պետք է ամեն օր, ամեն ժամ չդադարեցնի պայքարը եւ դիմադրությունը, եւ այն, որ պարբերաբար ընդդիմությունը լուրջ քաղաքական քայլերի է գնում եւ չի հաջողում, չի նշանակում, որ ընդդիմությունը պետք է դրա համար դատապարտվի, պարզապես մենք գործ ունենք բիրտ եւ ժողովրդավարական որեւէ չափանիշ չհարգող իշխանության հետ: Եվ ընդդիմությունը պետք է շարունակի պայքարը, թե որքանո՞վ դրան կարձագանքի հասարակությունը՝ այլ խնդիր է: Ընդդիմությունը պետք է բարձրացնի դիմադրության իր եւ հասարակության ռեսուրսը, ոչ մի պահ չդադարեցնի պայքարը, օգտագործելով բոլոր հնարավորությունները, եւ անպայման կուտակի վստահության ռեսուրս: – Շատ չարչրկված է, բայց այդ ամենը ի՞նչ ձեւաչափով եք պատրաստվում անել: – Կարծում եմ, այսօր կա այսպիսի պահ՝ հնարավոր է, անհրաժեշտ է տարանջատվել՝ միանալու համար, գնում է իմաստավորման պրոցես, երկու տարբերակ կա. կամ կարելի է պրոցեսները իմաստավորել միասնաբար, կամ՝ առանձին-առանձին: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել