Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՉԻՆՉ ՉԻ՞ ՓՈԽՎԵԼ

Փետրվար 03,2006 00:00

«Ոչ
լեգիտիմ Սահմանադրությունը փոխարինվեց ոչ լեգիտիմ փոփոխություններով»,- կարծում է
իրավաբան Վարդան Պողոսյանը: Անցել է հինգ տարի այն օրից, ինչ Հայաստանն անդամակցում
է Եվրոպայի խորհրդին՝ որպես լիիրավ անդամ: Սակայն այն պարտավորությունները, որոնք
մեր երկիրը ստանձնել է ԵԽ առջեւ 2001թ. հունվարի 25-ին, դեռեւս, մեղմ ասած, ոչ ամբողջովին
են կատարված: Երեւանի մամուլի ակումբը՝ «Գործընկերություն հանուն բաց հասարակության»
կազմակերպության հետ, 2004թ. հոկտեմբերից սկսել է հետազոտություն իրականացնել այդ
պարտավորությունների կատարման ընթացքի մասին: Հետազոտություն-մոնիտորինգի արդյունքը՝
«Հայաստանում ժողովրդական բարեփոխումների մոնիտորինգ» անվանումով մեծածավալ զեկույցը,
երեկ հանձնվեց հասարակության դատին: Զեկույցում ընդգրկված են բոլոր այն ոլորտները,
որոնց վերաբերյալ Հայաստանը պարտավորություններ էր ստանձնել՝ դատական բարեփոխումներ,
տեղեկատվության եւ խոսքի ազատության բնագավառ, ընտրական իրավունք, քաղաքացու եւ մարդու
իրավունքներ եւ ազատություններ, այդ թվում՝ խղճի, կրոնական եւ այլն: Բացի սրանցից,
զեկույցը ներառել էր նաեւ 7 հավելված՝ ինչպես ՀՀ-ին եւ նրա ստանձնած պարտավորությունների
կատարման ընթացքին առնչվող ԵԽԽՎ բանաձեւերն ու կարծիքները, այնպես էլ ՀՀ սահմանադրական
փոփոխությունների մասին Վենետիկի հանձնաժողովի վերջնական եզրակացությունը, նախորդ
տարվա փետրվար ամսին կատարված ՀՀ հեռուստաալիքների մոնիտորինգի եւ նոյեմբերի 27-ի
հանրաքվեի լուսաբանման մոնիտորինգի հաշվետվությունները: Բնականաբար, շնորհանդեսի
ժամանակ ամենաշատն արծարծվեց փոփոխված Սահմանադրության եւ դրա ընդունման համար անցկացված
հանրաքվեի որակի հարցը, քանի որ՝ ա) ամենաթարմ հիշողությունները կապված են հենց դրա
հետ, եւ բ) բարեփոխված Սահմանադրության ընդունումը այն կարեւորագույն քայլը կարող
էր լինել, որը մեր երկիրը կտաներ դեպի ժողովրդավարություն: Սակայն, ինչպես արդեն
բոլորս (այդ թվում՝ Եվրոպան) գիտենք, Սահմանադրության «ընդունումը» մի մեծ նահանջ
քայլ էր ժողովրդավարությունից: Ահա այս միտքն էր սավառնում երեկ զեկուցումով հանդես
եկողների խոսքում: «1995-ին չընդունված Սահմանադրությունն այսօր փոխարինվել է չընդունված
փոփոխություններով»,- հայտարարեց «Ժողովրդավարություն» քաղաքական եւ իրավական հետազոտությունների
կենտրոնի նախագահ Վարդան Պողոսյանը, ում կարծիքով սխալ էր ընդդիմության որոշումը՝
հանձնաժողովներից անդամներին ետ կանչել, քանի որ դրա պատճառով այսօր բացակայում է
այն իրավական բազան, որով կարելի էր ապացուցված համարել կեղծիքները եւ նոր Սահմանադրության
ոչ լեգիտիմությունը: Իսկ նույն կենտրոնի փոխնախագահ Հրայր Թովմասյանը նկատեց, որ
չնայած այն բանին, որ իրավական հիմքերը բացակայում են, սակայն՝ «կա հասարակական գիտակցություն,
որը հնարավոր չի փոխել: 1 մլն 411 հազար «այո»-ն եւ 82 հազար «ոչ»-ը, անկախ որեւէ
իրավական հաստատումից կամ հերքումից, չեն կարող հասարակական գիտակցության մեջ ընկալվել
որպես իրականությանը համապատասխանող»: Անդրադառնալով հանրաքվեն կեղծելու պատճառներին՝
պարոն Թովմասյանն ասաց. «Դրված էր խնդիր. կամ ես քեզ պետք է ոչնչացնեմ, կամ՝ դու
ինձ: Սահմանադրական փոփոխությունների տապալումը կդիտվեր որպես ընդդիմության հաղթանակ,
եւ այդ պատճառով իշխանությունն ամեն ինչ արեց դրանից խուսափելու համար, որ ընդդդիմության
մտքով չանցնի, թե թեկուզ մի փոքր հաղթանակ կարող է ունենալ: Արդյունքում այսօր ունենք
կեղծված հանրաքվե, ընկճված ժողովուրդ եւ պառակտված ընդդիմություն»: Հրայր
Թովմասյանն անդրադարձավ նաեւ «հայկական» ընտրություններին. «Հայաստանում ընտրությունները
չեն կատարում իրենց հիմնական գործառույթը, չեն հանդիսանում քաղաքական կոնֆլիկտների
լուծման միջոց եւ իրականացնում քաղաքական սելեկցիա: Ճիշտ հակառակը՝ իրենք են դառնում
քաղաքական կոնֆլիկտի աղբյուր, քանի որ միշտ կեղծվում են: Իսկ արդյունքում ընդդիմությունը
չի ընդունում իր փոքրամասնություն լինելը, եւ կոնֆլիկտը ձգվում է: Կեղծիքների արդյունքում
իշխանության են գալիս կասկածելի անցյալով մարդիկ»: Ավելի ուշ, խոսելով մշտապես կեղծվող
ընտրությունների մասին, ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը պնդեց, որ պետք չէ այդ արատավոր
երեւույթը դիտել որպես «ազգային», քանի որ շատ ուրիշ երկրներ՝ մեզնից ավելի մեծ ու
փորձառու, ունեն կեղծիքների շատ ավելի զարգացած ինստիտուտներ: Ընդ որում՝ «ինստիտուտը»
բառիս ուղղակի եւ անուղղակի իմաստով: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել