Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽՈՂՈՎԱԿՆԵՐԸ ՑՐՏԻՆ ՉԵՆ ԴԻՄԱՆՈՒՄ

Փետրվար 03,2006 00:00

Մայրաքաղաքի մի շարք թաղամասերում ջրի խողովակները տրաքել են, բայց դրանց «դեմն առնելու» համար ոչ ոք ոչինչ չի կարող անել:

Վերջին օրերի սառնամանիքների հետ կապված՝ մայրաքաղաքի բնակիչներից շատերը չեն կարողանում ոչ ջրից օգտվել, ոչ էլ կոյուղուց. ջրի խողովակները ներսից ու դրսից սառցակալել են, խցանվել ու կամ ջուրը տեղ չի հասնում, կամ ետ չի գնում: Այս օրերին բնակիչներից շատերը «Առավոտի» խմբագրություն են զանգահարում ու խնդրում. «Մի բան արեք՝ շուտ հասեք, ամբողջ կանալիզացիայիս կեղտը բարձրանում-լցվում ա տուն, մի հատ էդ անտեր ջրմուղից մասնագետներ չեն գալիս՝ վթարը վերացնեն, բա էլ էդքան մուծումները մենք ինչի՞ համար ենք անում, որ մենակ մի-երկու կաթիլ ջուր տան ու սենց իրավիճակներում ձեռքները լվանա՞ն: Փողի վախտերը պարտաճանաչ մուծել ենք, մարդուս ձեռից էլ ոչ մի բան չի գալիս, խելքը չի հասնում, որ մի բան անի, սենց շվարած նստել ենք»,- մեզ բողոքեց Մաքսիմ Գորկու փողոցի բնակիչներից մեկը: Նույն խնդիրն առկա է մայրաքաղաքի բոլոր թաղամասերում, ընդ որում, սառցակալվում ու խցանվում են հիմնականում առանձնատների ջրագծերը, քանի որ խողովակները եւ դրանց փականները, որտեղից էլ սկսում է սառցակալումը, անցնում են դրսով: Զեյթունի հանրակացարանի 8-րդ մասնաշենքի բնակիչներն ամեն ձմեռ ստիպված են լինում դռնեդուռ ընկնել՝ ուրիշի զուգարաններից օգտվելու համար: Հանրակացարանը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի ենթակայության տակ, եւ ամեն անգամ, հենց մի քիչ ցրտերն ընկնում է, բնակիչները մնում են առանց զուգարանի. «Արդեն ամաչում էլ ենք ուրիշի դուռը խփել ու ասել՝ կարելի՞ ա մի անգամ էլ ձեր զուգարանից օգտվել»,- ասաց հանրակացարանի բնակիչներից մեկը:

Ստեղծված իրավիճակի համար «Ջրմուղ-կոյուղի» ընկերությանը մեղադրել չի կարելի, քանի որ նմանատիպ դեպքի առնչությամբ ընկերությունը մեզ հայտնել էր, որ իրենք պատասխանատու են միայն մինչեւ շենք կամ մինչեւ բնակարան հասնող խողովակների համար եւ պատրաստակամ են վերացնել միայն այդ հատվածում տեղի ունեցած վթարները, իսկ մյուս խողովակները պետք է վերահսկեն թաղապետարաններն ու համայնքապետարանները: Բացի այդ, վերջին հաշվով, այստեղ վերահսկելու խնդիր էլ չկա, ձմեռային այս եղանակին խողովակների խցանումից խուսափել գրեթե անհնար է: «Հայպետհիդրոմետ» կազմակերպությունն այստեղ նույնպես մեղք չունի, քանի որ բարեխղճորեն զանգվածային բոլոր լրատվամիջոցներով տեղեկացրել է, որ «կանխատեսվում է ջերմաստիճանի նվազում»: Բնակիչներից շատերը բողոքում են, որ հեռուստատեսությամբ եղանակի տեսությանը հետեւելիս դժվար է պատկերացում կազմել, որ իսկապես գիշերը նման սառնամանիք կլիներ, քանի որ ընդամենը 15-16 աստիճան ցուրտ են կանխատեսել, որն այդքան էլ սարսափելի չէ, եւ խողովակները հաստատ այդքան ջերմաստիճանի կարող էին դիմանալ: Մինչդեռ, ըստ նրանց, այս օրերին իրականում մինչեւ 20-21 աստիճան ցրտել է: Երեկ բնակիչների նման մեղադրանքի առնչությամբ «Հայպետհիդրոմետի» կանխատեսումների բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը հավաստիացրեց, որ «ջերմաստիճանը ամսի 28-ի գիշերվանից սկսած կտրուկ նվազել է, ինչի մասին մենք քաղաքացիներին տեղեկացրել ենք, այն օրերին էլ, երբ իսկապես շատ ցուրտ է եղել, մենք ջերմաստիճանները նորմալ կանխատեսել էինք, բայց որոշ հեռուստաընկերություններ անընդհատ հին ձայնագրություններ էին դնում, 4 օր շարունակ ասում էին «-19-21»՝ նույնիսկ այն ժամանակ, երբ արդեն եղանակը տաքացել էր»: Զ. Պետրոսյանի խոսքերով՝ «մենք էլ շատ վրդովված էինք, ԶԼՄ-ները որտեղից ասես ինֆորմացիա են վերցնում, հետո քաղաքացիները մեզ են զանգում ու բողոքում»:

Նկատենք, որ եթե նույնիսկ բնակիչները տեղեկացված լինեին, որ տվյալ գիշեր սարսափելի ցուրտ է լինելու, ոչ մի կերպ չէին կարող իրենց խողովակները պաշտպանել: «Ջրմուղ-կոյուղու» տարածքային բաժինների մասնագետները բնակիչների անհանգստությանն այդ օրերին պատասխանել են, որ ամենակարեւորը՝ ջրի ծորակը բաց թողեք, իսկ սառած հատվածները ժամանակ առ ժամանակ տաքացրեք: Մի շարք բնակիչներ, հետեւելով այս խորհրդին, անկախ հաշվիչների ցուցմունքից, գիշեր-ցերեկ ծորակը բաց են թողել, խողովակներն էլ տաքացրել, բայց դրանք «սառուտաք» լինելով՝ պայթել են: Հնարավոր էր նաեւ խողովակները փաթաթել տարբեր կտորներով ու ցելոֆաններով, բայց կարգին ցուրտ լինելու դեպքում դա նույնպես չէր փրկի: Արդյունքում՝ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որում ոչ մեկին մեղադրել չի լինի: Առնվազն բնակիչները սեփական միջոցներով պետք է մի հնար գտնեն, ասենք՝ վճարեն «Ջրմուղ-կոյուղու» մասնագետներին, որ վթարը վերացնեն, որովհետեւ սեփական կամքով ու նախաձեռնությամբ նրանք աշխատել պարտավոր չեն: Իսկ հավատալ, թե թաղապետարանները կամ քաղաքապետարանը նոր ցրտադիմացկուն, որակյալ խողովակներ կտեղադրեն բոլոր շենքերում ու բնակարաններում կամ խողովակների ջեռուցման նոր համակարգ կներդնեն՝ առնվազն միամտություն կլինի:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել