Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ճակատագիրը հայտնի չէ

Փետրվար 03,2006 00:00

ՀՀ առաջին օմբուդսմենի տարեկան զեկույցը դժվար թե ԱԺ առաջիկա նստաշրջանում լսվի

Հայտնի է, որ ՀՀ առաջին ու արդեն նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը առաջիկա երկուշաբթի օրը ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին 2005թ. տարեկան զեկույցը վերջնական տեսքի կբերի: Դա խոստացել է Լ. Ալավերդյանը: Համաձայն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի, Լ. Ալավերդյանը ՀՀ խորհրդարանին որպես ի գիտություն պետք է ներկայացներ հիշյալ զեկույցը, որտեղ ներառված է լինելու նաեւ իր՝ որպես առաջին պաշտպանի, ոտնահարված իրավունքների մասին շարադրանքը: Բայց քանի որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի շուրջ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ նա մի կողմից՝ արդեն պաշտոնանկ է արվել, մյուս կողմից՝ նաեւ կնքվել է նրա գրասենյակը, ՀՀ ԱԺ-ում զեկույցը ներկայացնելու հարցը, կարծես թե, մնացել է օդից կախված: Ավելին, եթե նկատի ունենանք, որ խորհրդարանի առաջիկա նիստերից մեկում քննարկվելու է նոր օմբուդսմենի հարցը, հնարավոր է, որ 2005թ. տարեկան զեկույցը ԱԺ-ում այդպես էլ չհրապարակվի, առավել եւս, որ իշխանություններին դրա հրապարակումն ի լուր ողջ հանրապետության առանձնապես ձեռնտու չէ: Չէ՞ որ զեկույցում կոշտ գնահատականներ կան՝ ուղղված գործադիր ու դատական իշխանությունների հասցեին, արձանագրված են ՀՀ-ում մարդու իրավունքների խախտման զանգվածային դեպքեր ու այլն:

Թերեւս նաեւ այդ նկատի ունենալով՝ չորեքշաբթի օրը Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նամակով դիմել էր ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին՝ ակնկալիքով, որ մոտակա նստաշրջանի օրակարգ կմտցվի ԱԺ-ում ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպանի զեկույցի հրապարակումը:

Երեկ մենք փորձեցինք ճշտել, թե ինչպիսի՞ն է ՀՀ խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանի արձագանքը Լ. Ալավերդյանի նամակին: ԱԺ հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության պետ Անահիտ Ադամյանը փոխանցեց, որ ԱԺ նախագահը աշխատանքի չի գալիս՝ վատառողջ լինելու պատճառով, իսկ նրա արձագանքը կլինի այսօր:

Իսկ այսօր ՀՀ խորհրդարանում ԱԺ մշտական հանձնաժողովների ավանդական նիստերից հետո տեղի է ունենալու հանձնաժողովների ու խումբ-խմբակցությունների նախագահների համատեղ նիստը, որտեղ պետք է որ ձեւավորվի նաեւ առաջիկա գարնանային նստաշրջանի օրակարգը: Օմբուդսմենի տարեկան զեկույցը օրակարգում ընդգրկելու հարցը պետք է որ առաջարկի ինքը՝ Ա. Բաղդասարյանը, բայց որոշում կայացնողը կլինեն նիստի մասնակիցները:

Արդյոք նրանք պատրա՞ստ են հարցն օրակարգ մտցնել՝ դեռ պարզ չէ: «Արդարություն» խմբակցության մամլո քարտուղար Ռուզան Խաչատրյանը երեկ մեր հարցին ի պատասխան՝ ասաց, թե հարցը հիշյալ նիստի շրջանակներում ամենայն հավանականությամբ չի լուծվի՝ օրակարգ չի մտնի, բայց խմբակցությունը որոշում է կայացրել իր նախաձեռնությամբ այդ հարցը օրակարգային դարձնել:

«Ազգային միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը ասաց, թե խմբակցության վերաբերմունքը այդ հարցին կախված կլինի նրանից, թե Լ. Ալավերդյանի զեկույցն իրենից ինչ է ներկայացնում ու ինչ որակի է: «Թող հարցը ներկայացնեն՝ կորոշենք»,- ասաց պարոն Գեղամյանը: Պատասխանելով մեր այն հարցին, թե խմբակցությունն ինչպես կվարվի, եթե այսօր ԱԺ հանձնաժողովների ու խմբակցությունների համատեղ նիստում ԱԺ նախագահը հանկարծ զեկույցն օրակարգում ընդգրկելու առաջարկ անի, պարոն Գեղամյանն ասաց, որ իր գլխավորած խմբակցությունն այդ նիստերին սովորաբար չի մասնակցում, որովհետեւ դրանք «ֆիկտիվ» է համարում:

Ինչ վերաբերում է կոալիցիային, ապա՝ նրանք դեռ հստակ դիրքորոշում այս հարցում չունեն, ու վաղը, եթե հիշյալ նիստում նման հարց առաջանա, թերեւս տեղում որոշեն՝ ինչ անել: Այդուհանդերձ, նկատի ունենալով այն, որ ե՛ւ խումբ-խմբակցությունների, ե՛ւ առավել եւս մշտական հանձնաժողովների նախագահները մեծամասնությամբ հենց իշխանական ճամբարից են՝ պետք է եզրակացնել, որ նրանք դժվար թե զեկույցի հրապարակման հարցում առանձնակի շահագրգռություն դրսեւորեն:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել