Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՎԱԿԱՆ Է ԲԱՑԵԼ ՄԻ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍ

Փետրվար 03,2006 00:00

Ըստ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Արդարության» ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանի՝
այդքանն էլ բավական կլինի խախտումների իրական ծավալը հաստատելու համար: Հունվարի
18-ին Ֆելիքս Խաչատրյանը հանդես եկավ հանրաքվեի ընթացքում կատարված խախտումների մասին
բացահայտումներով ու փաստերով: Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ արձագանքներ են եղել իրավապահ
մարմիններից. «Ցավոք, որեւէ ձեւով չարձագանքեցին: Ասուլիսից հետո հետաքրքրություն
ցուցաբերեց միայն NDI կազմակերպությունը»: Փաստորեն, միայն ամերիկացիներին է հետաքրքրել
հրապարակված փաստերի հիմնավորվածությունը: «Ավելի շատ անհերքելի փաստեր կան: Կուտակվել
է հսկայական նյութ,- ասաց պրն Խաչատրյանը եւ թվարկեց մի քանի օրինակներ:- Նույն համարի
քվեաթերթիկները եղել են ե՛ւ 14, ե՛ւ 20 ընտրատարածքներում՝ Ապարանի Ծաղկահովիտ գյուղում
եւ Էջմիածնի գյուղերից մեկում: 3-րդ ընտրատարածքի տարբեր տեղամասերում եւս եղել են
նույն համարների քվեաթերթիկներ: Այդ ընտրատարածքի արձանագրություններում չկան 10400
քվեաթերթիկների համարներ. ստացել են 61 հազար քվեաթերթիկ, իսկ 10 հազարինը չկա: Այս
բոլոր պնդումները հիմնավորված են փաստաթղթերով: Ամերիկացիները հանդիպման ընթացքում
հետաքրքրվեցին, թե դիմե՞լ ենք դատախազություն: Պատասխանեցի, թե ԱԺ-ում ստորագրություններ
ենք հավաքում, որ ստեղծվի ժամանակավոր հանձնաժողով. թող դրա հետ համագործակցեն թե՛
արդարադատության նախարարության, թե՛ դատախազության, թե՛ ընտրական հանձնաժողովների
ներկայացուցիչները: Ուսումնասիրվեն մեր ներկայացրած խախտումները, որից հետո նյութերը
կարող են փոխանցվել դատախազություն: Բայց արդյոք մեր ասուլիսը եւ դրա վերաբերյալ
հանգամանալից հրապարակումները բավարա՞ր նյութ չէին դատախազության համար, որ գործ
հարուցեին»: ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն «Առավոտին» ասել էր, թե խախտումները
բացահայտելու եւ պատժելու իրավական միակ հնարավորությունն, այնուամենայնիվ՝ դատախազության
քննությունն է: Ըստ նրա՝ ժամանակավոր հանձնաժողովները ոչինչ չեն կարող անել՝ հաշվի
առնելով «ԱրմենՏելի», «մազութի գործի» կամ «հոկտեմբերի 27-ի» հանձնաժողովների փորձը,
նաեւ այն, որ ժամանակավոր հանձնաժողովներն ունեն սահմանափակ լիազորություններ, որոնք
հնարավորություն չեն տալիս անցկացնել նորմալ քննություն: Սակայն Ֆելիքս Խաչատրյանն
առարկեց. «Թույլ տվեք չհամաձայնել պրն Թորոսյանի հետ: Թող խորհուրդ չտա՛ ընդդիմությանը:
Սա ո՛չ «մազութի», ո՛չ էլ ուրիշ մի գործ է: Սա «թարմ» գործ է՝ տեղի է ունեցել նոյեմբերի
27-ին: 1922 կնքված պարկերը գտնվում են ՀՀ պետական արխիվում, եւ հույս ունեմ, որ
դեռ չեն հասցրել մտնել պարկերի մեջ ու փոխել քվեարկության փաստաթղթերը: Եվ ժամանակավոր
հանձնաժողովը քննությամբ չէ, որ պետք է զբաղվի: Այն պիտի կատարի մի մեծ ընտրական
հանձնաժողովի աշխատանք՝ բացի այդ պարկերը եւ համոզվի արձանագրության համապատասխանությունը
պարկում առկա սկզբնական փաստաթղթերին: Հանձնաժողովի խնդիրը նաեւ արձանագրություններում
առկա աղաղակող փաստերը պարզելն է: Ասենք, արձանագրության մեջ գրված է, որ ստացվել
է 1800 քվեաթերթիկ, բայց տակը գրված է ընդամենը 35 քվեաթերթիկի ելունդների համարներ՝
այս հակասությունը պարզելու համար ընդամենը պետք է բացել այդ տեղամասային ընտրական
հանձնաժողովի պարկը եւ համոզվել, թե իսկապես կա՞ն այդ քվեաթերթիկները: Իմ կարծիքով,
այդ 35-ն ընդամենը քվեարկությանը մասնակցած թերթիկների համարներն են»: Այսուհանդերձ՝
Տիգրան Թորոսյանն ինքնախաբեություն է համարում հանձնաժողով ստեղծելը, երբ հայտնի
է, որ դրա «աշխատանքի արդյունքում կլինեն ելույթներ, կլինի մի հաշվետվություն, եւ
դրանով ամեն ինչ կավարտվի»: ԿԸՀ-ում «Արդարության» ներկայացուցիչը դարձյալ
չհամաձայնեց. «Շատ ներողություն, եթե հանձնաժողովը զեկուցի, որ անհետացել է այսքան
քվեաթերթիկ կամ 2 մլն-ից 1 միլիոնը քառապատիկ ծալված չէ՝ հենց այնպես գցված է պարկերի
մեջ, դրանից հետո ուղղակի պետք կլինի, որ ԱԺ-ն եւ իշխանությունը կամք հանդես բերեն»:
Ընդհատեցինք՝ հետաքրքրվելու համար, թե արդյոք նման փաստե՞ր էլ կան: Ի պատասխան պրն
Խաչատրյանը հիշեցրեց ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավարի վկայությունը, թե տրցակներով
քվեաթերթիկներ է տեսել տուփում. «Այ, թեկուզ միայն Երեւանի 6/01 տեղամասը բացվեր…
Քվեարկությանն իսկապես մասնակցածները ցուցակում իրենց անվան դիմաց՝ շրջված, հակառակ
են ստորագրում: Իսկ այս տեղամասում այնքան են շտապել կեղծել, որ ցուցակում իրար հետեւից
ուղիղ շարել են ստորագրությունները, որոնք անմիջապես տարբերվում են»: Նույն
ԵԽԽՎ ներկայացուցիչները, որոնք արձանագրել են այս խախտումները տվյալ տեղամասում,
ԵԽԽՎ Դիտարկման հանձնաժողովի հունվարի 31-ի հայտարարությամբ ափսոսանք հայտնեցին,
որ ընդդիմությունն իր ներկայացուցիչներին հետ կանչելով ընտրական հանձնաժողովներից՝
«ինքն իրեն զրկեց կեղծիքների եւ չարաշահումների վերաբերյալ իր բողոքները դատարանում
ներկայացնելու հնարավորությունից»։ ԿԸՀ-ում «Արդարության» ներկայացուցիչն այս հիշեցմանն
ի պատասխան ասաց. «Եթե ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը ներկա լիներ նաեւ քարոզարշավի
ժամանակ՝ չէր ասի նման բան: Քարոզարշավի ընթացքում էլ տեղի ունեցան աղաղակող թերություններ:
Դրանց շուրջ 93 բողոքներով դիմել ենք դատարաններ, եւ առանց քննարկման վերադարձվել
են բոլոր դիմումներն էլ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել