Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոբուսներ կան՝ նորմալ վարորդներ չկան

Փետրվար 02,2006 00:00

Ավտոբուսներ կան՝ նորմալ վարորդներ չկան «Ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրինությունը վարորդների սղությամբ է բացատրում նրանց ոչ խիստ ընտրությունը: Չնայած պաշտոնյաների հավաստիացումներին, թե ներքաղաքային տրանսպորտի վարորդներին ընտրելիս հաշվի են առնվում կառավարության որոշմամբ ամրագրված հատուկ չափանիշներ, այնուամենայնիվ, հաճախ են պատահում գռեհիկ վերաբերմունքով վարորդներ, որոնք իրենց կյանքի բոլոր անհաջողությունների «մուռը» փորձում են հանել ուղեւորներից: «Առավոտի» լրագրողներից մեկը երեկ առավոտյան ակամա ընկել է տհաճ միջադեպի մեջ: Ներկայացնում ենք նրա գլխին եկածը, որը մեկն է հարյուրավոր քաղաքացիների հետ ամենօրյա կատարվածից. «Այրարատի» խաչմերուկից մինչեւ կրկես թիվ 26 երթուղու «3011Տ» համարանիշի ավտոբուսի վարորդը մի քանի անգամ կանգ առավ, իսկ երբ հասանք կանգառ, չլսելով իմ՝ «կանգառում պահեք» խնդրանքը, անցավ կրկեսի կանգառից: Հասկանալով, որ վարորդն ընկել է մտքերի մեջ, ինչպես հաճախ լինում է նրանց հետ, իսկ ավելի շուտ՝ փորձում է շտապ անցնել քիչ այն կողմ կանգնած պետավտոտեսուչից, ես ստիպված բղավեցի, որ կանգնեցնի մեքենան: Վարորդը թափով արգելակեց, բայց, չգիտես ինչու՝ կրկին շարունակեց ընթացքը, իսկ ես կտրուկ արգելակման պատճառով հավասարակշռությունս կորցրի ու ընկա աստիճանների վրա: Արդյունքում՝ ծագած վեճի ընթացքում ես՝ առանց այդ էլ տուժած ուղեւորս, ի լուր մնացածի լսեցի վարորդի՝ ինձ ուղղված «գովերգը», համեմված «ապուշ», «արա» եւ նույնիսկ՝ «կատու» արտահայտություններով»: Իսկ երբ ասացի, որ կբողոքեմ իր տնօրինությանը, պարզվեց՝ «տո դու ո՞վ ես, որ քու ասելով ինձ բան ասեն»: Միգուցե ավտուբուսն է՞լ է երթուղային տաքսի, եւ կանգառը նրա համար չէ՞, իսկ երբ հիշեցնում ես այդ մասին՝ պետք է հայհոյանքի՞ արժանանաս»: Այս առնչությամբ «Ավտոբուս» ՓԲԸ-ի գլխավոր ինժեներ Սուրեն Գեւորգյանի պարզաբանմամբ՝ «մենք հնարավորինս աշխատում ենք պահպանել բոլոր չափանիշները եւ աշխատանքի ընդունելիս պահանջում ենք բարձրակարգ, փորձառու վարորդներ, սակայն միայն փաստաթղթերն ու տեղեկանքները ստուգելով՝ չենք կարող մարդու տեսակն էլ որոշել: Չնայած, երբ բողոք ենք լսում՝ անպատիժ չեն մնում»: Պարոն Գեւորգյանը հավաստիացրեց, որ թիվ 26 երթուղու տվյալ վարորդը վաղը կազատվի աշխատանքից, բայց, ըստ նրա, խնդիրը դրանով չի լուծվի, քանի որ այսօր վարորդներ չեն ճարվում. «Էս պահին մենք լիքը ավտոբուսներ ունենք, որոնք՝ վարորդ չունենալու պատճառով չենք շահագործում, 15 նոր «Պազիկ» պարկում կանգնած է»: Երեկ մի միջադեպ էլ «Առավոտի» մեր մյուս աշխատակցուհու հետ էր պատահել. թիվ 97 երթուղային տաքսու գազի տարայից «փսսոց» է դուրս եկել, ինչը անհանգստացրել է ուղեւորներին, բայց երբ նրանք այդ մասին տեղյակ են պահել վարորդին, վերջինս ոչ միայն ուղեւորներին չի իջեցրել, բալոնի անսարքությունը չի վերացրել, այլեւ դժգոհել է, թե «հա, լավ, բերանը բաց ա, հեսա մի քիչ նորմալ տեղ կգտնեմ՝ կկանգնեմ»: Այդպես, երթուղայինը եւս մի քանի կանգառ գնացել է՝ վտանգի ենթարկելով թե իր, թե մյուսների կյանքը: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել