Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանն իմունիտետ չունի

Փետրվար 02,2006 00:00

Ասում է Հայաստանի ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը

Երեկ Մամուլի ազգային ակումբում անդրադառնալով փետրվարի 10-ին կայանալիք Քոչարյան-Ալիեւ հանդիպումից ակնկալվող զարգացումներին՝ ՀԱԱԿ նախագահ Հ. Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, թե այն ԼՂ հակամարտության լուծման իմաստով ճակատագրական չի լինի, թեեւ այդ հանդիպման հետ լուրջ հույսեր են կապում միջազգային հանրությունն ու մանավանդ ԵԱՀԿ ՄԽ համանախագահնեը եւ Ֆրանսիան՝ ի դեմս նախագահ Ժակ Շիրակի: Այդուհանդերձ, պարոն Հովհաննիսյանը չբացառեց, որ առաջիկա հանդիպման ժամանակ կարող է խնդրի կարգավորման հիմք դրվել, թեեւ ԼՂ հիմնախնդիրը, ըստ նրա, կարող էր ավելի շուտ լուծված լինել: Կուսակցության նախագահը համոզված է՝ ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով ու փոխզիջումների արդյունքում: «Ով ի՞նչ զիջումների կհամաձայնի՝ կախված է այն բանից, թե այդ երկիրը միջազգային հանրության համար ինչ կշիռ ունի: Իմ տեսակետն այն է, որ ԼՂ խնդիրը լուծելը շատ բարդ է, մանավանդ, եթե առաջնային ենք համարում ԼՂ կարգավիճակի հարցը»,- նկատեց նա ու կարծիք հայտնեց, թե դա տրամաբանական է, որովհետեւ ԼՂ-ում ապրող մարդիկ պետք է հստակ երաշխիքներ ունենան, որ իրենց անվտանգությունը երկարատեւ է լինելու: «Եթե մենք այդ հարցը սվաղենք, հավատացեք, որ շատ կարճ ժամանակ հետո ԼՂ-ում շատ քիչ մարդ կմնա: 10-15 տարի հետո հանրաքվե անցկացնելը հարցի լուծման ձեւ է, բայց ի՞նչ երաշխիքներ կան, թե դրա արդյունքում ինչ է լինելու: Ղարաբաղի ազգաբնակչությունը այնտեղ ապրելու վստահություն ու երաշխիքներ պետք է ունենա, որպեսզի համարենք, որ ԼՂ հարցը ճիշտ ենք լուծել»,- հայտարարեց պարոն Հովհաննիսյանը:

Վերջինս անդրադարձավ նաեւ ԼՂ հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությանը, որի մասին հատկապես վերջին շրջանում շատ է խոսվում: Նրա դիտարկմամբ, միջազգային հանրության այդ ցանկությունը նորություն չէ, բայց դրա մասին իբրեւ կայացած փաստ խոսելն էլ անիմաստ է, քանի դեռ այդ մասին պաշտոնական մակարդակով չի խոսվում, երբ տեղյակ չենք, թե Քոչարյան-Ալիեւ բանակցությունների սեղանին ինչ փաստաթուղթ է դրված: Այդուհանդերձ, պարոն Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, թե միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը ԼՂ հակամարտության գոտում լուրջ փոփոխություններ կառաջացնի ամբողջ տարածաշրջանում՝ փոփոխելով այնտեղ ներկայացված երկու գերտերությունների կոնտինենտների միջեւ քաղաքական հավասարակշռությունը: Նրա համոզմամբ, եթե տարածաշրջանում լինեն մի կողմից՝ միջազգային խաղաղապահ ուժերը, մյուս կողմից՝ ռուսական ռազմաբազաները, պայքարը նրանց միջեւ կսրվի, որովհետեւ նրանք երկուսով չեն կարող գոյատեւել այս փոքրիկ տարածաշրջանում: «Կգնա լուրջ պայքար, ու վստահ եմ, որ ռուսական բազաները տարածաշրջանից դուրս կմղվեն, եւ դա ճիշտ կլինի»,- եզրակացրեց պարոն Հովհաննիսյանը:

Արդյոք ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում շտապողականությունն ու բանակցությունների ինտենսիվացումը, նաեւ միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու ցանկությունը տարածաշրջանում պայմանավորված չե՞ն հարեւան Իրանի նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքով ու գնալով սրվող իրավիճակով, Իրանի հյուսիսում հուսալի պլացդարմ ստեղծելու միջազգային հանրության ցանկությամբ: «Իհարկե: Միջազգային հանրությունը շատ լավ հասկանում է, որ Իրանի հյուսիսը բաց է, ուստի այնտեղ լուրջ պլացդարմ է պետք: Իրանի հյուսիսում ապրում է 15 մլն ադրբեջանցի»,- համաձայնեց կուսակցության նախագահն ու նկատեց, թե նաեւ դրանով է պայմանավորված Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության բավականին մեղմ ու զիջողական վերաբերմունքը անգամ այնտեղ տեղի ունեցող հակաժողովրդավարական գործընթացների ֆոնի վրա: «Միջազգային հանրության համար Իրանի հյուսիսում կենտրոնացած ադրբեջանցիները պոտենցիալ գործիք են Իրանի ներքին խնդիրները լուծելու համար: Բայց դա հասկանում են եւ Ռուսաստանը, եւ Իրանը: Ու թեեւ դա ամենեւին էլ ձեռնտու չէ Ռուսաստանին, բայց Լոնդոնում ՌԴ ԱԳ նախարար Լավրովը համաձայնեց Իրանի հարցը ՄԱԿ-ի ԱԽ-ում լուծել կոնսենսուսով: Դա մեծ քաղաքականություն է: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք ոչ մի դերակատարում այդ մեծ քաղաքականության մեջ չունենք, չունենք նաեւ դրան դիմադրելու իմունիտետ»,- ասաց ՀԱԱԿ նախագահը:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել