Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԳՅԱԴԱՆԵՐԻ

Փետրվար 01,2006 00:00

«ԳՅԱԴԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ» Վանո Սիրադեղյանի այս երկի ազդեցությանն է ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը վերագրում իր անունից արված պնդումը: Օրերս մամուլում հրապարակվեց, թե Հմայակ Հովհաննիսյանը խոստանում է առաջիկայում քաղաքական դաշտը ցնցել բավականին լուրջ սկանդալային բացահայտումներով, որոնք վերաբերելու են «Ազգային միաբանությանն» ու նրա նախագահին. «Հովհաննիսյանը խոստանում է խոսել միայն ու միայն 100 տոկոսանոց փաստերով: Դա լինելու է Հովհաննիսյանի՝ ինչպես ինքն է ասում՝ քաղաքակիրթ պատասխանը ԱՄ-ի՝ իր հասցեին ուղղված մերկապարանոց հայհոյանքներին»: Սակայն «Ազգային միաբանության» փոխնախագահ Գագիկ Թադեւոսյանը մեզ հայտնեց, թե հենց հրապարակման օրը խոսել է Հմայակ Հովհաննիսյանի հետ, ու նա ժխտել է, թե նման հայտարարություն է արել. «Անգամ ասաց, որ եթե որեւէ լրագրող դիմի ինձ եւ հարցնի, թե ի՞նչ սկանդալային բացահայտումներ եք պատրաստվում անել՝ կպատասխանեմ, որ ո՛չ գործ տվող եմ, ո՛չ էլ կոմպրոմատներ տարածող: Եվ կասեմ, որ ընդհանուր առմամբ՝ ես զբաղվում եմ միայն վերլուծություններով»: Մենք Հմայակ Հովհաննիսյանին ուղղեցինք այդ հարցը, թե այդ ի՞նչ սկանդալային բացահայտումներ է անելու եւ ե՞րբ: Սակայն նրա պատասխանը բոլորովին այլ էր. «Ինձ համար անակնկալ էր այդ հրապարակումը: Դա թերթի ենթադրությունն է: Երեւի կարդացել են Վանո Սիրադեղյանի «Գյադաների ժամանակը» գիրքը, որտեղ նա ասում է, թե Հմայակ Հովհաննիսյանը չափազանց բանիմաց մարդ, քաղաքական գործիչ ու քաղաքագետ է, շատ բան գիտի: Երեւի ազդվել են Վանո Սիրադեղյանի՝ իմ մասնագիտական բանիմացության վերաբերյալ այդ գնահատականից եւ ենթադրել, թե ես կխոսեմ 100 տոկոսանոց փաստերի լեզվով: Երեւի այդ ենթադրության համար հիմք է հանդիսացել նաեւ իմ գործելակերպը, որ երբեք անպատասխան չեմ թողնում որեւէ մերկապարանոց մեղադրանք: Բայց այդ հրապարակման մեջ չկա չակերտավորված որեւէ բառ՝ իմ ասածի վրա հղումով: Ես այդ ենթադրությունը չեմ մեկնաբանի, քանի որ սովորություն ունեմ չենթարկվել որեւէ մեկի հուշումներին, թե ե՛րբ պետք է խոսեմ, ի՛նչ պետք է խոսեմ, ո՛ւմ համահունչ պետք է ձգտեմ արտահայտել իմ մտքերը: Ես երբեք չեմ փորձում համաձայնեցնել կամ կոնյուկտուրայից բխեցնել իմ վերլուծությունների կամ տեսակետների հրապարակման թե՛ ժամանակը, թե՛ բովանդակությունը»: Իսկ «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը թեեւ երեկ դեռ Լոնդոնում էր, սակայն տեղյակ էր այս պատմության մանրամասներին եւ ասաց մեզ. «Որոշ մարդկանց հանգիստ չի տալիս այն հանգամանքը, որ «Ազգային միաբանությունն» այդպես էլ չհայտնվեց իրենց իսկ կողմից դրված ծուղակներում: Եվ ավելի՛ն՝ անցած տարվա իր քաղաքական վարքագծով ժողովրդին ապացուցեց, որ ի դեմս այս կուսակցության՝ կա բավական լուրջ քաղաքական ուժ, որը կարողանում է այս խառնիճաղանջ քաղաքական ներկապնակում հստակ տանել իր քաղաքականությունը՝ բացահայտելով իշխանության մեջ հայտնված բանսարկուների դավադրությունները, որոնք ցանկացած օրինապաշտ երկրում իրենց ծառայողական պարտականությունները հանցավոր կերպով ձախողելու համար անփառունակ հեռացված պետք է լինեին իրենց պաշտոններից, իսկ անաչառ գնահատականի դեպքում՝ հայտնվեին ճաղավանդակների ետեւում: Չստանալով արժանի գնահատականը եւ պատիժը՝ նրանք փորձում են քաղաքական լուրջ բանավեճերը տեղափոխել իրենց համար հոգեհարազատ քաղաքական ղումարբազության ոլորտ: Վերջիններիս ուզում եմ հիշեցնել ավստրալիացի աբորիգենների հայտնագործած հնարքը, այն է՝ բումերանգը, որը վերջիվերջո հարվածում է ճիշտ այն նույն մարդու գլխին, որի ձեռքից արձակվել է այն»: Էմիգրանտների նկատմամբ Նիդեռլանդների կառավարության քաղաքականության շուրջ ԵԽԽՎ քննարկումներում Արտաշես Գեղամյանի հունվարի 26-ի ելույթի (նա խոսել էր Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից մեր հուշարձանները ոչնչացնելու մասին.- Ա. Ի.)՝ հաջորդ օրը, ըստ ԱՄ ղեկավարի՝ «հույն պատվիրակներից մեկը զգուշացրեց, որ ազերիները եւ թուրքերը լուրջ «անակնկալ» են մատուցելու ինձ: Եվ հետաքրքրականն այն է, որ ասացին, թե ամենաանսպասելի տեղից եմ ստանալու այդ «անակնկալը»: Զգուշացումների հիմնավորվածությանը երկար սպասելու առիթ չունեցա՝ հրապարակ իջեցվեց ի սկզբանե իր ճիզվիտությամբ առանձնացող եւ իրականությանը չհամապատասխանող այն թեզը, թե առաջիկայում «Ազգային միաբանությանը» սպասվում են սկանդալային բացահայտումներ: Հաշվարկը շատ պարզ է՝ ստվեր գցելով մեր կուսակցության վրա, հնարավորինս թուլացնել այն լուրջ մեղադրանքները, որոնք իմ կողմից հնչեցին ԵԽԽՎ ամբիոնից: Իսկ թե ո՞ւմ է ձեռնտու դա՝ թող վերլուծի եւ դատի մեր ընթերցողը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Պահպանելու ենք պրն Հովհաննիսյանի հետ զրույցի ձայնագրությունը, որ նա հանկարծ չհայտարարի, թե իր խոսքերը Վանո Սիրադեղյանի «Ափսոս էր երեխան» պատմվածքից մեր տպավորության հետեւանքն են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել