Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄՐՑՈՒՅԹՍ ԳԱՂՏՆԻ ԹՈՂ ՄՆԱ»

Փետրվար 01,2006 00:00

«Առավոտին» դիմած երիտասարդ արվեստագետները
այսպես են որակում Ֆլորա Մարտիրոսյանի կազմակերպած Կոմիտասի անվան համահայկական մրցույթի
հայաստանյան փուլը: Հիշեցնենք, որ մտահղացման հեղինակ ու կազմակերպիչներից
ամերիկաբնակ երգչուհի Ֆ. Մարտիրոսյանը, որը, ի դեպ, երաժշտական դպրոցներ ունի ԱՄՆ-ում,
մրցույթի կազմակերպչական աշխատանքները սկսել էր դեռեւս 2005թ. աշնանը: Ամիսներ առաջ
հրավիրված ասուլիսում երգչուհին հայտարարել էր՝ մրցույթ-փառատոնը համահայկական է,
իսկ նախընտրական աշխատանքները սկսվում են Հայաստանից: Մոտ 300 հայտ էր ներկայացվել:
Երեւանում երկու փուլից հետո ժյուրին ընտրել է 38 մասնակից: Վերջիններիս հետ անցյալ
տարվա դեկտեմբերին կայացած ժողով-հանդիպման ընթացքում մրցույթի հայաստանյան մեկ այլ
կազմակերպիչ՝ Հայֆիլհարմոնիայի տնօրեն Լաերտ Մովսիսյանը տեղեկացրել էր, թե 2006-ի
ապրիլին հաղթած 38 հոգին մեկնելու են ԱՄՆ: Նա երիտասարդներին խոստացել է, որ Լաս
Վեգասում կկայանա շքեղ համերգ, ուր ներկա կլինեն տասնյակ երկրներից հրավիրված պրոդյուսերներ:
Իսկ մինչ մեկնումը իրենց հետ աշխատանքներ կտանեն երգիչներ Արմեն Գրիգորյանը եւ Արսեն
Գրիգորյանը: Հայաստանյան փուլի հաղթողներից մեկի հարցին՝ հնարավո՞ր է նոր անուններ
հայտնվեն Ամերիկա մեկնողների ցուցակում, Լ. Մովսիսյանը կտրուկ պատասխանել է. «Ոչ,
բացառվում է: Թող մի անգամ էլ Հայաստանում ազնիվ բան լինի»: Երիտասարդ կատարողներից
մի քանիսի պնդմամբ (որոնց անունները առայժմ չենք հրապարակի իրենց խնդրանքով), Լ.
Մովսիսյանը հայտարարել է, որ բոլոր ծախսերը հոգալու են կազմակերպիչները՝ մեծահարուստ
հայերի ներդրումներով: Սակայն «համահայկական» այս մրցույթը, որ կազմակերպիչները
խոստանում էին «շոուբիզնեսյան չդարձնել», ստացվեց այնպես, ինչպես մյուս հայաստանյանները:
Մինչ երիտասարդ երգիչները սպասում էին Ամերիկա մեկնելուն, օրերս կայանում է երկրորդ
ժողովը՝ առանց Լ. Մովսիսյանի, որն անցկացնում է ինքը՝ Ֆլորա Մարտիրոսյանը ու հայտարարում.
«Համարեք, որ նախորդ ժողովը չի եղել: Ի՜նչ Ամերիկա, ի՜նչ Լաս Վեգաս, ի՜նչ ծախսեր»:
Ըստ նրա, Ամերիկա են մեկնելու ոչ թե հաղթողները, այլ նրանց ձայնագրությունները: Ընդ
որում, հաղթողների թիվը 38-ից դարձել է 42: Պարզվում է նաեւ, որ մրցույթի ամերիկյան
փուլին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք՝ (եւ ոչ միայն հաղթողները) ընդամենն ուղարկելով
իր ձայնագրությունը: Նույն ժողովին Ֆ. Մարտիրոսյանը նաեւ տեղեկացրել է, որ ամերիկյան
ժյուրին՝ կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ, ամբողջ աշխարհից կընտրի
ընդամենը 15 հոգու: Իսկ ներկաներին փորձել է հանգստացնել. «Դուք, միեւնույն է, արդեն
հաղթել եք: Մենք ձեզ նկատի ենք ունենալու, եթե կազմակերպվեն համերգային շրջագայություններ:
Բացի այդ, դուք ընդգրկված եք աշնանը Երեւանում բացվելիք իմ դպրոցում»: Վերը
շարադրվածի առիթով կապվեցինք Ֆլորա Մարտիրոսյանի հետ: Նա զարմացավ, որ իր անցկացրած
ժողովից հետո հաղթողների համար դեռ մութ հարցեր են մնացել. «Այժմ աշխարհի տարբեր
քաղաքներում դեռ կայանում են նախընտրական փուլերը, իսկ հունիսին ամերիկյան ժյուրին՝
Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ, դեռ պետք է ընտրի լավագույն 15-ին՝ Հայաստանի,
ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Միջին Արեւելքի եւ այլ երկրների մրցույթների հաղթողներից: Վերջիններս
էլ կմասնակցեն եզրափակիչ փուլին: Իսկ դափնեկիրները, աշխարհահռչակ հայ երգիչների հետ,
կմասնակցեն գալահամերգին, որը կհեռարձակվի ամբողջ աշխարհով: Նշեմ նաեւ, որ հաղթողները
կմասնակցեն Լաս Վեգասի MGM Գրանդ հոթելում կազմակերպվող ամերիկյան հայտնի պրոդյուսերների
եւ երիտասարդ երգիչ-երգչուհիների հետ ամենամյա հանդիպմանը»: Ս.
ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել