Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքացին՝ ընդդեմ բանկի, ԴԱՀԿ-ի եւ նոտարի

Փետրվար 01,2006 00:00

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում երեկ քննության դրվեց «Անուշ-7» ՍՊԸ-ի նախագահ, թոշակառու Ռուդոլֆ Հունանյանի հայցը:

2000թ. հունիսի 13-ին նրա բնակարան
ը՝ Մաշտոցի պողոտայի 45 շենք, բն. 20, աճուրդով վաճառվել է քաղաքացի Ալեքսանդր Բաղիրյանին: Ըստ հայցվորի, Ա. Բաղիրյանը հանդես է եկել իբրեւ «Լենտ-բանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ եւ աճուրդի գումարը՝ $6560 տրամադրել է կանխիկ: Ըստ հայցվորի, ինքը «Լենտ-բանկին» պարտք է եղել 7114 դոլար, հետեւաբար 554 դոլար տարբերության դիմաց բանկը խլել է նրանից իր բնակարանը: Հայցվորը հայտնեց դատարանին, որ Ա. Բաղիրյանը առքուվաճառքի պայմանագիր չի կնքել ԴԱՀԿ-ի հետ եւ, բացի այդ, շուրջ 5 տարի 5 ամիս ԴԱՀԿ-ի հաշվապահությունից չի պահանջել իր կողմից մուծված 6560 դոլարին համարժեք դրամը ետ վերադարձնել, քանի որ փաստացի բնակարանի սեփականատեր է դարձել ոչ թե ինքը, այլ բանկը: «Լենտ-բանկը» ներկայացնող Վլադիմիր Հովհաննիսյանը ստեպ-ստեպ նայելով «Առավոտի» ներկայացուցչիս, գտնում էր, որ Բաղիրյանի գումարի դրվագով (կանխիկ տալ-չտալու) գործ ունենք բանկային գաղտնիքի հետ եւ պահանջում էր դռնփակ նիստ՝ «կողմնակի անձանց դահլիճից դուրս հրավիրելու պայմանով»: Նա ասաց, որ բանկը լիազորել է Ա. Բաղիրյանին, կա լիազորագիր եւ որ աճուրդում հաղթած Բաղիրյանի բոլոր գործողությունները եղել են օրինական:

Սակայն հայցվորին համոզիչ չէր թվում այն, թե ինչպես նոտարի մոտ պայմանագիր կնքած Ա. Բաղիրյանը ներկայացվել է քաղաքացի եւ ոչ թե բանկի լիազորված անձ-ներկայացուցիչ: Ըստ նրա, նոտարը պարտավոր էր պահանջել աճուրդում նրա հաղթելու արձանագրությունը, նաեւ այն լիազորագիրը, որով քաղաքացին բանկի փոխարեն կատարել էր գործառույթներ: Ի դեպ, բանկից հայցվորը խոստացավ պահանջել 2000-ից առայսօր իրեն հասցրած վնասը: «Վարձով եթե տայի՝ որքա՞ն գումար կկազմեր»,- հարցրեց նա: ԴԱՀԿ ներկայացուցիչ Հովակիմ Հովակիմյանը գտնում էր, որ ԴԱՀԿ-ում կայացած աճուրդին (7 անգամ է աճուրդ հայտարարվել) փաստացի մասնակցել է Ա. Բաղիրյանը, որը ճանաչվել է աճուրդի հաղթող, հետագայում բնակարանի առուվաճառքի պայմանագրի կողմ է դարձել ԴԱՀԿ-ն, որից էլ «Լենտ-բանկը» գնել է քաղաքացու բնակարանը՝ անշարժ գույքի կադաստրից ստանալով սեփականության իրավունքի վկայական: Հայցվորը միջնորդեց դատարանին՝ ներկայացնել նախկին հարկադիր կատարող Հովակիմ Հարությունյանի նկատողության հրամանը: Նրա կարծիքով, այն առնչվում է նաեւ իր բնակարանի խնդրի հետ: Տեղեկացնենք, որ հայցվոր Ռ. Հունանյանի գործը գտնվում է Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարանում (իբրեւ գործարար՝ խախտվել են նրա իրավունքները ՀՀ-ում):

Դատական նիստին չէր ներկայացել երրորդ պատասխանող ճանաչված Կենտրոն տարածքի գրասենյակի նոտար Աիդա Աբրահամյանը: Նա իր առարկություններն էր ներկայացրել դատարանին եւ նաեւ պատրաստակամությունը՝ հարկ եղած դեպքում ներկայանալ դատարան:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել