Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պաշտոնյաների «խաթեր»

Փետրվար 01,2006 00:00

Դատավորը խուսափում է «սադոյանական» ելույթներից

Երեկ ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանը, որն իրեն լիազորել է «ԱրմենՏելից» տուժածների պաշտպան, «անկախ իրենց կամքից» միջազգային զանգեր կատարած բաժանորդների հետ կրկին ասուլիս էր հրավիրել: Նա զարմացել էր, որ չնայած հունական ընկերության՝ Հայաստանի քաղաքացիների նկատմամբ կատարած «խարդախություններին», հայրենի իշխանությունները դրան ոչ մի կերպ չեն արձագանքում: Ավելին՝ Սադոյանը համոզված է, որ «իշխանությունների կողմից դատարանի վրա ճնշում է գործադրվում, այդ պատճառով էլ դատավարությունն օբյեկտիվ չի ընթանում»: Նշենք, որ մի քանի ամիս է, ինչ մոտ 50 ինտերնետի բաժանորդներ դատարանի միջոցով պայքարում են «ԱրմենՏելի» դեմ՝ իրենց վճարային հաշվին գրանցված «աստղաբաշխական» գումարները չեղյալ հայտարարելու նպատակով:

Ուշագրավ է, որ վերջին երկու տարվա ընթացքում «ԱրմենՏելը» նմանատիպ գործերով տասնյակ դատեր է շահել: Քանի որ ընկերությունը մի գործով դատարանում հաղթանակ է տարել, մյուս դեպքերում վճիռները կայացվել են՝ հիմնվելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52 հոդվածի վրա, ըստ որի՝ եթե գոյություն ունի նմանատիպ գործով օրինական ուժի մեջ մտած վճիռ, ապա կողմի միջնորդությամբ ներկայացվում է այդ վճիռը, եւ հայցը մերժվում է: Տարօրինակ է, որ ընկերության դեմ վերջին հայցերի դեպքում Քաղդատօրի նշյալ հոդվածը չի կիրառվում: Ըստ մեր աղբյուրի, դատավորը խուսափում է խնդիրը նույն եղանակով լուծել, քանի որ գործին խառնված է Սադոյանը, որն այս ամենին քաղաքական աստառ է տվել: Բացի այդ, մեր տեղեկություններով, դատավորի՝ հայցերը չմերժելու պատճառներից մեկն էլ այն է, որ տուժողների թվում առողջապահության նախարարության մի բարձրաստիճան պաշտոնյա է եւ Սահմանադրական դատարանի անդամներից մեկը: «ԱրմենՏելը» գտնում է, որ բացի բաժանորդից՝ ինտերնետ մատուցող պրովայդերին էլ պետք է պատասխանատվության կանչել, քանի որ վերջինս, փայլուն իմանալով, որ ինտերնետի բաժանորդը կարող է խարդախությունների զոհ դառնալ, հեռախոսն արգելափակելու համար նախապես չի զգուշացրել: Այս մասին ընկերությունը բարձրաձայնեց նախորդ դատական նիստում, երբ լսվում էր տուժող Սիրուշ Հարությունյանի գործը: Սակայն պրովայդերին դատարան հրավիրելու՝ «ԱրմենՏելի» միջնորդությունը դատարանը մերժեց:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել