Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպես փրկվել «Գազավաթից»

Փետրվար 01,2006 00:00

Ռուսաստանի մասին, իբրեւ անհուսալի էներգետիկ գործընկերոջ, Եվրոպայում եւ Հարավային Կովկասում սկսեցին խոսել դեռեւս ռուս-ուկրաինական «գազային» հակամարտության ամենավաղ շրջանում:

Այդ խոսակցությունների «մեխն» այն էր, որ պետական խոշոր մասնաբաժին ունեցող ռուսական «Գազպրոմը» արտաքին հարցերում գազն օգտագործում է իբրեւ ճնշում բանեցնելու գործիք: Մոսկվան, բնականաբար, նման մեղադրանքները հակադարձում էր իբր շուկայական սկզբունքներին անցնելու իր որդեգրած նոր կուրսի մասին անհոդաբաշխ հայտարարություններով: «ԵՄ-ն Ուկրաինային ճանաչել է շուկայական տնտեսությամբ երկիր: Հրաշալի է: Ուրեմն ուկրաինացիք էլ թող բարի լինեն եւ գազը գնեն համաեվրոպական գներով»,- պնդում էին «Գազպրոմի» չինովնիկները: Մինչդեռ, ի տարբերություն այդ երանելի ժամանակների, երբ էներգետիկ վեճը ծավալվում էր ընդամենը ռուսական գազի գնի շուրջ, հիմա, առնվազն Հարավային Կովկասում, ռուսներին արդեն մեղադրում են գազատարի միտումնավոր պայթեցումների եւ այդպիսով՝ իրեն անհնազանդ միավորների նկատմամբ բացահայտ ուժային ճնշումներ գործադրելու մեջ: Մի քանի օր առաջ Հյուսիսային Օսեթիայում Անդրկովկասը սնող գազատարի պայթեցումների կապակցությամբ պաշտոնական Թբիլիսին ինչպես նախագահի, այնպես էլ ԱԳ եւ էներգետիկայի նախարարների մակարդակով աննախադեպ կոշտ հայտարարություններ արեց Ռուսաստանի հասցեին՝ պնդելով, որ հիշյալ պայթյունները «ծրագրվել են հենց «Գազպրոմի» ներսում եւ հեռուն գնացող քաղաքական նպատակներ ունեն»: Անկախ այն բանից՝ այդպես է, թե ոչ, այդ պայթյունները մի տեսակ կատալիզատորի դեր խաղացին հարավկովկասյան տարածաշրջանում, առնվազն Հայաստանի համար դառնալով ներկայիս էներգետիկ (եւ ոչ միայն) քաղաքականության վերանայման անհրաժեշտության ազդանշան:

Եվ այսպես, այժմ Հայաստանում առավել քան արդիական է դարձել էներգակիրների ներմուծման այլընտրանքային աղբյուրների ապահովման հիմնահարցը: Մինչդեռ, եթե հիշում եք, տառացիորեն մի քանի օր առաջ էներգետիկ անվտանգության համատեքստում եռանդով քննարկվում էր միայն մեկ՝ ռուսական գազի գնի թանկացման խնդիրը: Դառը փորձը ցույց տվեց, սակայն, որ ցրտաշունչ ձմռան պայմաններում հնարավոր քաոսային զարգացումներից խուսափելու համար Հայաստանն ավելի շատ պետք է մտածի այն մասին, թե ինչ պահեստային տարբերակներ ունի ֆորսմաժորային իրավիճակներում (ինչպիսին այժմ է) թեկուզ թանկ գնով ժամանակավորապես (կամ գուցեեւ՝ ընդմիշտ) գազ կամ այլ էներգակիրներ ներկրելու համար: Այս տեսակետից Վրաստանի օրինակը պետք է որ օրինակելի լինի Երեւանի համար: Նույնպիսի Էներգետիկ ճգնաժամ ապրող եւ, ի դեպ, ՌԴ-ի հետ թշնամական հարաբերություններ ունեցող Վրաստանն այսօր գազի լրացուցիչ խմբաքանակներ է ներմուծում Իրանից եւ Ադրբեջանից, իսկ հետագայում մտադիր է ավելի քչացնել ռուսական գազի բաժնեմասը: «Այդ բաժնեմասի կրճատումը թույլ կտա կանխել գնի հետ կապված մեքենայությունները եւ Վրաստանի վրա ճնշման մյուս ձեւերը». սա ստեղծված իրավիճակին Միխեիլ Սահակաշվիլու կողմից տրված թերեւս ամենադիպուկ գնահատականն է:

ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել