Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փոխենք խաղի կանոնները

Փետրվար 01,2006 00:00

Եվ օլիգարխներն ու բյուրոկրատիան կընկնեն իրենց տեղը

«Հասարակության կուսակցականացման զավեշտալի գործընթացը». այսպիսի գնահատական պարունակող թեմայի շուրջ էր երեկ «Հայելի» ակումբում ծավալված քննարկումը, որն, ի վերջո, սահուն կերպով հանգեց քաղաքական դաշտ օլիգարխների մուտքի պատճառահետեւանքային կապերի քննարկմանը: Դրան երեկ մասնակցում էին ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ու «Արժանապատվություն» կուսակցության նախագահ Լյուդմիլա Հարությունյանը: Իհարկե, ի սկզբանե պարոն Մանուկյանը համամիտ չէր հիշյալ ձեւակերպմանը: Նրա դիտարկմամբ, «Հայաստանում հասարակությունը ոչ թե կուսակցականացված, այլ թայֆայացած է», իսկ երբ երկրում հարցերը ընտրությամբ չեն լուծվում, ԱԺՄ նախագահի դիտարկմամբ, կուսակցությունը իր դասական հասկացությամբ դառնում է անիմաստ:

Լ. Հարությունյանը ստեղծված իրավիճակը բացատրեց Հայաստանում կուսակցական մշակույթի պակասով: Նրա ասելով, ներկայիս կուսակցությունները, նաեւ նոր ձեւավորվողները կլաններ են հիշեցնում, «որովհետեւ մեր պատմության մեջ կա կլանների, ազգային-ազատագրական պայքարի, բայց ոչ կուսակցական մշակույթի փորձառություն»: Իսկ օլիգարխների մուտքը քաղաքականություն, ըստ բանախոսի, «այսօր չի սկսվել ու դեռ հասնելու է իր կուլմինացիային»: Ըստ նրա, «դեռ մինչեւ 1996-ը իշխանությունների միջոցով ձեւավորված ունեւորների խումբը, որ պաշտպանված է իշխանական լծակներով, հիմա այնքան է հզորացել, որ կարող է անգամ քաղաքական նպատակներ դնել իր առջեւ, քաղաքական իշխանության ձգտել ու սեփական կուսակցություն ձեւավորել»: «Արժանապատվության» նախագահի դիտարկմամբ, այսօր ՀՀ քաղաքական դաշտում հիմնական դերակատարը բյուրոկրատների ու հարուստների խավն է:

Բայց արդյոք այդ խո՞ւմբն է իշխանություն ուզում, թե՞ նրանց իշխանություն տալը հենց իշխանությունների ցանկությունն է: Ի պատասխան այս հարցադրմանը՝ Վ. Մանուկյանը նկատեց, որ եթե իշխանությունները ցանկանան զսպել օլիգարխների ախորժակները՝ կարող են դա անել ավելի հեշտությամբ, քան դա արվեց Ռուսաստանում. «Այնպես չէ, որ օլիգարխների մի խումբ է առաջացել, որը քաղաքական դաշտին թելադրում է: Մի հատ «փըխկ» անեն՝ նրանք (օլիգարխները- Ն. Մ.) կնստեն իրենց տեղերը, կսսկվեն: Պարզապես եղավ մի իրավիճակ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք Ռոբերտ Քոչարյանը սկսեց հենվել նրանց՝ օլիգարխների վրա, որովհետեւ ուրիշ հենարան չուներ, ու նրանց մի քիչ առաջ բերեց: Նորմալ իշխանություններ ունենալու դեպքում օլիգարխներն իրենց նորմալ տեղը կզբաղեցնեն: Իրականում ոչ թե օլիգարխներն են ձգտում քաղաքական իշխանության, այլ իշխանություններն են նրանց բերում քաղաքականություն, որպեսզի հենվեն օլիգարխների վրա: Շատերը չեն էլ ուզում գալ քաղաքականություն, բայց իշխանությունները խաղի կանոններն այդպես են սահմանել, թեեւ ուշ թե շուտ օլիգարխների ուժեղանալով հակասություններ կարող են առաջանալ նրանց ու իշխանությունների միջեւ»: Ի վերջո, պարոն Մանուկյանը հորդորեց «չգերագնահատել օլիգարխների վտանգավորությունը»:

Իսկ Լ. Հարությունյանը կոչ արեց քաղաքական դաշտին, գաղափարական կուսակցություններին՝ մարդու իրավունքների համար պայքարող հասարակական դաշտի հետ միավորվել ու դիմադրել բյուրոկրատա-օլիգարխիկ իշխանությունների առաջխաղացմանը, եթե չենք ցանկանում վերջնականապես խեղաթյուրել քաղաքական դաշտը:

«Ժողովրդավարության թշնամիները օլիգարխները չեն, հարուստները չեն, որ մենք էլ քաղաքական դաշտով համախմբվենք նրանց դեմ»,- առարկեց ԱԺՄ նախագահը: Նա հիշեցրեց, որ «զարգացած ժողովրդավարական երկրներում էլ օլիգարխներ կան, որոնք ազդեցություն ունեն քաղաքական դաշտի, ԶԼՄ-ների, կուսակցությունների վրա: Բայց այդ երկրներում նրանք կարող են իրենց փողն օգտագործել ժողովրդին խաբելու, համոզելու, բայց ոչ քվեաթերթիկ լցոնելու համար: Մենք հայտնվել ենք պրիմիտիվ պապուասի վիճակում, երբ հնարավոր է ռագատկայով գալ, կանգնել քվեատուփի կողքին ու քվեաթերթիկ լցոնել, որքան սիրտդ ուզում է: Խոսքը տվյալ դեպքում խաղի կանոնները փոխելու մասին է: Ես կարծում եմ, որ այդ նույն օլիգարխները, բյուրոկրատիան իրենց տեղը կունենան, եթե վերականգնվի ընտրական մեխանիզմը»:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել