Լրահոս
Օրվա լրահոսը

Աջափնյակը

Հունվար 31,2006 00:00

Աջափնյակը «շանթապատվում» է Այգու փոխարեն՝ ավտոհավաքակայան Լուսանկարում պատկերվածը Աջափնյակ համայնքի Լենինականյան փողոցում գտնվող Շանթի անվան «այգին» է, որտեղ նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի, Աջափնյակի թաղապետ Արծրուն Խաչատրյանի, «Շանթ» հոլդինգի տնօրինության՝ Յուրա եւ Մանվել Ղարիբյանների, նախավերջինիս որդու՝ փոքրիկ Շանթիկի եւ էլի մի քանիսի, չորս տարի առաջ տնկած եւ մետաղասյուների վերածված «ծառերն» են: Պարզապես հենց իրենք՝ ծառատունկի հեղինակները մոռացել են իրենց անվանական ցուցանակները արդեն չեղած ծառերի վրայից տեղափոխել նորահայտ սյուներին: Ի դեպ, նույն հատվածում են տեղակայված նաեւ «Շանթ» հոլդինգին պատկանող «Շանթ» ռեստորանը, համանուն պաղպաղակի ֆիրման, «Եվրովագեն-սերվիս» ավտոկայանատեղը: Եթե վերոնշյալ ցուցակին ավելացնենք նույն համայնքում գտնվող եւ նույն հոլդինգին պատկանող եւս երկու սեփականության անուն՝ «Մավա-իմպուլս» եւ «Ֆոլկսֆագեն-սերվիս», որոնցից առաջինը գործում է, երկրորդը՝ կառուցվում (ընդ որում՝ չկա համապատասխան ցուցանակ, թե ինչ շինարարություն է իրականացվում եւ ում կողմից), կստացվի, որ Աջափնյակ համայնքում թեկուզ կանաչ հատվածի հաշվին շինարարություն իրականացնող որոշ ապարանցիների չեն մերժում ոչ քաղաքապետարանում եւ ոչ էլ, առավել եւս՝ թաղապետարանում: Իսկ, օրինակ, կանաչապատ մեկ այլ տարածքում կասեցրին մեկ ուրիշի (մի քանի «Ռուբոների» անուն էր շրջանառվում) կողմից կառուցվող բենզալցակայանի շինարարությունը, այնուհետեւ քիչ-քիչ քանդեցին եւ անբարեկարգ վիճակում էլ թողեցին: Ցավոք, Աջափնյակում զբոսայգիներ գրեթե չկան, ինչի պատճառով էլ համայնքային նշանակության բացօթյա միջոցառումներն անցկացվում են բակերում եւ նմանվում հարսանիքների: Ոչնչացված այգու վերաբերյալ փորձեցինք պարզաբանումներ ստանալ Աջափնյակի թաղապետարանից: Սակայն գործավարուհու փոխանցմամբ, թաղապետը մի քանի օր շարունակ տեղում չէր. կամ ընդմիջման էր, կամ խորհրդակցության, կամ էլ «մոտը նկարահանող խումբ կար»: Կապվեցինք նաեւ «Շանթ» պաղպաղակի գործարանի տնօրենի օգնական Էդիկ Համբարձումյանի հետ: Նա չժխտեց, որ այգու ծառերի փոխարեն հայտնված սյուները «Շանթ» հոլդինգի հետ կապ ունեն: Պրն Համբարձումյանն ասաց, որ իր տեղեկություններով՝ առաջիկայում հնարավոր է այդտեղ ավտոհավաքակայան կառուցվի կամ «գուցե նաեւ չկառուցվի»: ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել