Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՐԻԿԱՆԵՐ».

Հունվար 31,2006 00:00

«ՍՐԻԿԱՆԵՐ». ՈՉ ՈՔ ՉԻ ՄԱՀԱՑԵԼ Մոտ օրերս «Պարադիզ» պրոդյուսերական կենտրոնը եւ ռեժիսոր Ալեքսանդր Աթանեսյանը «Մոսկվա» կինոթատրոնում կներկայացնեն «Սրիկաներ» ֆիլմը՝ ըստ Վլադիմիր Կունինի նույնանուն պատմվածքի: Դեպքը ծավալվում է 1943 թվականին: Երիտասարդների մի խումբ հեռու սարերում տարածք է օկուպացրել: Ներքեւում՝ Համբերդի գեղատեսիլ կիրճն է: Աջից՝ ամրոցի բեկորներն են, որն, ասում են, նույնիսկ Թամերլանին է հետ մղել: Մոտակայքում՝ ութերորդ դարում կառուցված եկեղեցի է: Հորիզոնում Արարատն է, հեռու ներքեւում՝ Երեւանը: Իսկ այստեղ՝ սարերում, տղաները մարզահարթակ են ստեղծել: Տղաները մարզվում են փորձառու վարպետների հսկողության տակ: – Ես տան տղա էի,- հիշում է մանկությունը ռեժիսոր Ալեքսանդր Աթանեսյանը,- երաժշտական դպրոց էի հաճախում: Սա հենց այն է, ինչի պակասն եմ զգացել: Իր հերոսներին տան տղա ոչ մի կերպ չես անվանի: Բավական է լսել «Սրիկաներ» անվանումը, եւ շատ բան պարզ է դառնում: Տղաներին «սրիկա» են անվանում մեծահասակները, «ստրատեգները», որոնք մտածում էին 1943 թվականին սարերում գաղտնի ճամբար ստեղծել, ավելի ճիշտ՝ թշնամու թիկունքում գործող երիտասարդ դիվերսանտներ պատրաստող դպրոց: Այս դպրոցում հավաքվել են դեռահաս հանցագործներ, որբեր եւ այլ՝ կոմունիզմ կառուցողների համար ոչ այնքան օգտակար «մարդկային նյութ»: Թիկունքում հայտնված տղաները դատապարտված են եւ շատերը գիտեն այդ մասին: Սա չհորինված պատմություն է, սակայն դեպքը տեղի է ունեցել կովկասյան սարերում, իսկ ռեժիսոր Աթանեսյանը՝ պրոդյուսեր Գեւորգ Ներսիսյանի օրհնությամբ, բերեց իր նկարահանող խումբը Երեւանի մոտակայքում գտնվող սարեր, հայտնվելով երկուսից ավելի հազար մետր բարձրության վրա: Նայելով հորիզոնում երեւացող ձյունով պատված Արարատին, հասկանում ես, ինչու է ռեժիսորը հենց այս տեղն ընտրել: Արվեստը զոհեր է պահանջում, եւ փաստի տաղտկալի իրականությունը կարելի է զոհաբերել գեղեցիկին՝ այստեղ արդեն օպերատոր Դմիտրի Յաշենկովը պետք է աշխատի: Թեպետ «Սրիկաները» տղամարդկային, կոպիտ ֆիլմ է: Ժանրով դրամա է, սյուժեն կառուցված է «էքշն» ոճով: «Իսկ պատերազմը,- պնդում է Աթանեսյանը,- միայն ֆոն է: Սա ռազմական ֆիլմ չէ»: Թույլ տալով աշխարհագրական որոշ անճշտություններ, «Սրիկաները» հավատարիմ է մնում ամենակարեւոր ճշմարտությանը: Սցենարի հեղինակն է Վլադիմիր Կունինը, անցյալում՝ հայտնի «Ինտերաղջկա» հեղինակ, մինչ այդ՝ օդաչու, կրկեսի դերասան, իսկ ավելի վաղ՝ Ղազախստանի հենց այդ դիվերսիոն դպրոցի աշակերտ: Ժամանակին նա փախուստի էր դիմել եւ միայն այդ պատճառով ողջ մնացել: Տարիներ անց նա գրել էր «Միկան եւ Ալֆրեդը» ինքնակենսագրական վեպը: Հետո այս վեպի երեք գլուխը զարգացրել էր առանձին պատմության մեջ, եւ այսպես ծնվեց «Սրիկաների» սցենարը, որն ընկավ Աթանեսյանի ձեռքը: «Սրիկաները» դառը իրական ֆիլմ է, այստեղ մահը սովորական բան է, այն հերթով տանում է տղաներին: Բայց ավարտը պետք է երջանիկ լինի՝ ի հեճուկս ճակատագրի: «Ես ուզում եմ, որ նրանք անմահ լինեն,- վստահ ասում է Ալեքսանդր Աթանեսյանը,- ես ցավով եմ մտածում, որ այս ճամբար ընկած բոլոր երեխաներն արդեն մահացել են»: Եվ մի պահ լռելով՝ ավելացնում է. «Ոչ ոք չի մահացել»: R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել