ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ «ՋԱՐԴՈՒՓՇՈՒՐ ԱՆԵԼ ԱՆՏԵՆԱՆԵՐԸ» Նրանք վստահ են, որ ալեհավաքները վնաս են առողջությանը: Իսկ դա այդպես է, թե ոչ՝ որեւէ մեկը «պաշտոնապես» չի ասում: Նախորդ տարվա ընթացքում խմբագրությունը բազմաթիվ բողոքներ է ստացել երեւանցիներից՝ իրենց կամ հարեւան շենքերի «գլխին» տեղադրված բջջային կապի ալեհավաքների անհանգստությամբ: Այս անգամ «Առավոտին» են դիմել Կոմիտասի 55, 51, 51/1, 49/4 եւ Տիգրանյան 11 ու 13 շենքերի բնակիչները, որոնք հայտնվել են հարեւան շենքերի տանիքներին տեղադրված ալեհավաքների «եռանկյունում»: «Կոմիտասի 49/4 շենքից մոտ 7 մետր հեռավորության վրա՝ բժիշկների կատարելագործման ինստիտուտի շենքի տանիքում, տեղադրված է «ՎիվաՍելլի» երկու անտենա: Եվս երկու անտենա կա շուրջ 100 մետր մեզանից հեռու՝ նախկին կոճակի գործարանի տանիքում, իսկ եռանկյունու մյուս անկյունում «ԱրմենՏելի» գլխավոր գրասենյակի «գլխին» տեղադրված հզոր ալեհավաքներն են: Մեր տարածքի բնակիչներն արդեն երկար ժամանակ է՝ տառապում են սուր գլխացավով, արյան բարձր ճնշումով ու սրտխառնոցով: Բացի այդ՝ հեռուստատեսային ոչ մի ալիք մեր թաղամասում նորմալ ցույց չի տալիս, թեպետ դրսի անտենաներ ենք դրել: Բայց սա դեռ հերիք չէ՝ հունվարի 19-ից «ԱրմենՏելի» աշխատակիցներն սկսել են Կոմիտասի շուկայի տանիքին նոր ալեհավաք տեղադրելու աշխատանքներ»,- սա վերոհիշյալ շենքերի բնակիչների՝ խմբագրությանն ուղղված բողոքից է: Իսկ նրանց՝ «ԱրմենՏելի» տնօրինությանն ուղղված նամակում նաեւ լրացում կա. «Տարբեր աղբյուրներից ճշտել ենք, որ ալեհավաքները պետք է տեղադրվեն բնակելի վայրից 2 կմ հեռավորության վրա, Սանէպիդկայանից իմացել ենք, որ այդ ալեհավաքները վնասակար են 20 մետր՝ հորիզոնական եւ 6 մետր՝ ուղղահայաց տարածության վրա: Իսկ հեռուստահաղորդակցությանը չխանգարելու համար բջջային կապի ալեհավաքները պետք է լինեն հարակից շենքերից 20 մետր բարձր: Ելնելով վերոգրյալից, պահանջում ենք դադարեցնել նոր անտենայի մոնտաժային աշխատանքները: Հակառակ դեպքում՝ ջարդուփշուր կանենք ձեր կողմից տեղադրված անտենաները»: Ի դեպ՝ այս նամակը ստորագրել է 90 ընտանիքի ներկայացուցիչ՝ անուն-ազգանունով, անձնագրի ու հեռախոսի համարներով եւ ընտանիքի կազմով: Կասկած չկա, որ նրանց սպառնալիքը իրական է, որովհետեւ գրեթե բոլորն էլ ունեն անչափահաս երեխաներ: Բնակիչները փորձել են բողոքել նաեւ «Կոմիտաս» շուկայի տնօրենին, բայց չեն ընդունվել՝ նրանց դուրս են հրավիրել: Ինչ խոսք՝ կապն ու նրա բարձր որակն անհրաժեշտ են, բայց եթե այն մեր առողջության հաշվին չի ապահովվի: Ո՞վ եւ ի՞նչ որակով է ստուգում տեղադրվող ալեհավաքների վնասակար ազդեցության չափը՝ փորձեցինք պարզել մենք: Հիգիենիկ-հակահամաճարակաբանական հանրապետական ծառայությունից ասացին՝ քանի որ բջջային կապը նոր երեւույթ է, հանրապետությունը դեռեւս չունի մարդու վրա դրանց ազդեցության նորմատիվներ. «Մշակում ենք, շուտով կավարտենք եւ կգրանցենք»: Չնայած դրան, բողոքի մասին ենթադրեցին, որ «սրտխառնոցները դրանից չեն կարող լինել, որովհետեւ անտենաների ճառագայթները տարածվում են հորիզոնական ուղղությամբ, իսկ տանիքների վրա մարդիկ չեն ապրում»: Նկատենք, որ դրանցից շատերը տեղադրված են բարձրահարկերի հարեւանությամբ գտնվող ցածրահարկ շինությունների վրա: Հաջորդ պատասխանատուն կապի եւ տրանսպորտի նախարարությունն է, որի տված լիցենզիայով ներկրվում են ալեհավաքները: Նախարարությունից պատասխանեցին, որ իրենց ենթակայության տակ գտնվող «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ն «միայն վերահսկում է, որ դրանք տեղադրվեն տեխնիկական նախագծին համապատասխան եւ աշխատեն իրենց համար սահմանված հաճախականության ալիքով, իսկ տեխնախագիծը սահմանում է «Հայպետստանդարտը»: Հիշյալ կազմակերպությունից մեզ տվեցին «Չափագետ» ՓԲԸ-ի հեռախոսահամարը, իսկ վերջինիս տնօրեն պարոն Սահակյանն էլ վերջ դրեց մեր փնտրտուքին՝ «մենք այդ առումով ոչ մի ֆունկցիա չունենք անելու, անողը կապի նախարարությունն է ու առողջապահությունը»: Այնուամենայնիվ, մասնագիտությամբ ֆիզիկոս տնօրենից հետաքրքրվեցինք՝ ինչպիսի՞ սարքեր են ներկրվում մեր երկիր: Պարզվեց՝ «վտանգավոր ոչինչ չկա, բջջային հեռախոսը կարող է ավելի վնասակար լինել, քան ալեհավաքը»: Ըստ մեր զրուցակցի, ժամանակակից տեխնիկան արտադրվում է Եվրամիության սահմանած «Էլեկտրամագնիսական համատեղելիություն» համակարգի անվտանգության նորմերին համապատասխան, իսկ մեզ մոտ վերահսկվում է կապի մասին օրենքով ու կառավարության որոշումներով: Մասնագետի կարծիքով, տեղադրվող ալեհավաքներն այնքան հզորություն չունեն, որ վնասեն մարդու առողջությունը: Սակայն նշեց, որ նոր ալեհավաք տեղադրելիս եւ հետո՝ նույնպես պարտադիր պետք է չափվի տվյալ տարածքի մագնիսական դաշտի լարվածությունը, որպեսզի այն չբարձրանա ընդունված «միկրոռենտգենային» սանդղակից: Այնուամենայնիվ, անհայտ մնաց՝ եթե հանրապետությունը չունի ալեհավաքներից մարդու վրա վնասակար ազդեցության նորմատիվ ցուցանիշներ, ինչպե՞ս են որոշել, թե մեր երկրի դեպքում ինչպիսի հզորության ալեհավաքն է անվտանգ: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ