Հիմնական պարտավորությունները կատարված են Ստրասբուրգից վերադարձած ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը երեկ մամուլի ասուլիսում դրական գնահատեց հունվարյան նստաշրջանը։ Անդրադառնալով նստաշրջանում ադրբեջանական պատվիրակության վիճակին Տիգրան Թորոսյանն ասաց. «Ավելի լավ էր՝ մինչեւ մայիս զրկվեին քվեարկելու իրավունքից, քան նման քննարկումների արդյունքում պատժամիջոցը մեղմացվեր»: Ըստ նրա՝ պատժամիջոցի մեղմացմանը նպաստել են որոշ կուլիսային գործընթացներ։ Պարոն Թորոսյանը նաեւ հիշեցրեց, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովը նիստից երկու օր առաջ եղել է ԵԽ-ում, եւ անգամ նախագահական մակարդակով են խնդրել զեկույցի քննարկումը հետաձգել մինչեւ մայիսյան ընտրություններ: Իսկ հայերի վիճակը Ստրասբուրգում ձմեռային նստաշրջանի ընթացքում երեւի այնքան էլ տխուր չի եղել: «Հայաստանի պարտավորությունների կատարման վերաբերյալ հաջորդ զեկույցը հավանաբար կլսվի ԵԽԽՎ 2006 թվականի հոկտեմբերյան նստաշրջանում»,- նշեց պարոն Թորոսյանը: Նրա գնահատմամբ՝ հիմնական պարտավորությունները Հայաստանը կատարել է, մնացել են սահմանադրական փոփոխությունների հետեւանքով առաջացած որոշ օրենսդրական փոփոխություններ, մասնավորապես՝ լուրջ անելիքներ կան դատական եւ ՏԻՄ համակարգերի բարեփոխման վերաբերյալ: Նախիջեւանի հայկական հուշարձանների հետ կատարված վանդալիզմի դեպքերի առնչությամբ Տիգրան Թորոսյանը հիշեցրեց, որ այդ հարցը նոր չէ, եւ այն բարձրացվել է դեռեւս 2002-ին, երբ պատվիրակության անդամ էր Աշոտ Գալոյանը: 2003 թվականին որոշում կայացվեց, որ խումբ գա Հայաստան՝ ուսումնասիրելու խնդիրը: Տարբեր պատճառներով մշակութային ժառանգության խնդիրներով զբաղվող խմբի այցելությունը հետաձգվեց, բայց այս տարի նրանք կայցելեն Հայաստան: Ասուլիսից հետո «Առավոտը» Տիգրան Թորոսյանին մի քանի հարց տվեց, մասնավորապես այն մասին, թե որքանո՞վ է արդարացված հայաստանյան պատվիրակության ամբողջական՝ եւ փոխարինողներ, եւ հիմնական անդամներ, մասնակցությունը ԵԽԽՎ նիստերին, արդյո՞ք դա բյուջեից լրացուցիչ ծախս չէ: Պատվիրակության ղեկավարն ասաց. «Այդ ծախսերը, որ արվում են, համեմատելի չեն այն օգուտների հետ, որ խորհրդարանը եւ երկիրը կարող են ունենալ այդ մարդկանց աշխատանքից: Բայց մի բան կա, որ ցավալի է: Անցած նստաշրջանից վերադառնալուց հետո ես ներկայացրի հանձնաժողովներում աշխատանքների վերաբերյալ տվյալներ: Ակնհայտ էր, որ շատ հանձնաժողովներում մենք ունենք բավականին անմխիթար մասնակցություն: Եթե մարդիկ ակտիվորեն աշխատեն հանձնաժողովներում եւ քաղաքական խմբերում, շատ լավ կլինի»: Հարցրինք նաեւ, թե պատվիրակության ղեկավարը նկատե՞ց որեւէ փոփոխություն Շավարշ Քոչարյան-Ստեփան Դեմիրճյան փոխատեղումից, դրանից պատվիրակությունը շահե՞ց, թե՞ հակառակը: Տիգրան Թորոսյանի գնահատմամբ. «Ես կարծում եմ, պարոն Դեմիրճյանը շատ ակտիվ եւ շատ բարեխիղճ աշխատեց նստաշրջանի ընթացքում, ինչը իսկապես կարեւոր է եւ շատ գնահատելի: Ես համոզված եմ, որ մենք առաջիկայում այս առումով ձեռքբերումներ կունենանք եւ ոչ թե կորուստներ»: Մ. ԵՍԱՅԱՆ