Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԻՍՈՒՆ ՏՈԿՈՍԱՆՈՑ ԱՐԴՅՈՒՆՔ

Հունվար 31,2006 00:00

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ավարտվեց շախմատի 19-րդ կարգի գերմրցաշարը, որին մասնակցում էին աշխարհի ներկայիս 14 ուժեղագույն գրոսմայստերները:

Շրջանաձեւ մրցակարգով անցկացված 13 տուրերի արդյունքով ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի գործող չեմպիոն Վեսելին Տոպալովը եւ հնդիկ Վիշվանաթան Անանդը, վաստակելով 9,0-ական միավոր, բաժանեցին 1-ին եւ 2-րդ տեղերը:

Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը 6,5 միավորով Սերգեյ Տվյակովի եւ Պետեր Լեկոյի հետ ամփոփիչ մրցաշարային աղյուսակում դասավորվեցին 7-9-րդ տեղերում:

Ի՞նչ գնահատական կարելի է տալ Հոլանդիայում աշխարհի գավաթակրի մրցելույթներին: Հաստատ նա ի վիճակի էր ավելին անել: Հենց միայն մեկնարկային տուրում Վասիլի Իվանչուկի նկատմամբ հաղթանակի ռեալ հեռանկարներ ունենալուց հետո ցավալի պարտություն կրելը Լեւոնին զրկեց այսօր առաջատարների շարքում հանգրվանելու հնարավորությունից:

Որ Արոնյանը բնությունից հազվագյուտ շռայլությամբ օժտված տաղանդի տեր շախմատիստ է՝ երկու կարծիք լինել չի կարող: Բայց այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե մինչեւ հիմա նա լիովին չի գիտակցել այդ շնորհի արժեքը: Շախմատ խաղում է ավելի շատ հաճույքի համար: Այսպես ասում եմ Լեւոնի՝ Խանտի-Մանսիյսկից վերադառնալու նույն օրը նրա ընկեր ու մարզիչ, միջազգային գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանի օջախում զրուցելուց հետո: Երբ հարցրի, թե գիտակցո՞ւմ է, արդյոք, մարզական այդ նվաճման արժեքը Հայաստանի համար, պատասխանեց. «Հաճույք եմ ստանում գեղեցիկ պարտիա խաղալուց, իսկ գրաված տեղին կարեւորություն չեմ տալիս»: Ամեն ինչ դրանով ասված է: Մեծամտանալու ոչ մի նշույլ, դեռեւս մանկական պարզություն: Բայց փաստենք, որ արդեն լրջանալու ժամանակն է: Շախմատի մասնագետ չեմ, բայց տեսնում եմ, որ իր վրա լուրջ աշխատելու դեպքում Լեւոն Արոնյանին կենթարկվեն շախմատային աշխարհի ամենաբարձր գագաթները: Նկատի ունեմ հոգեբանական պատրաստվածությունը (Արոնյանն առաջին անգամ էր հանդես գալիս նման ուժեղ կազմ ունեցող մրցաշարում), սկզբնախաղային տարբերակներին կատարելապես տիրապետելը: Իսկ ինչ մնում է պարտիայի ընթացքում իմպրովիզացիաներին, ինքնատիպ, ցանկացած մրցակցի համար անըմբռնելի շարունակություններ գտնելուն, այստեղ, համոզված եմ, խնդիրներ չկան:

Ինչեւէ, Լեւոն Արոնյանի նորամուտը շախմատային վերնախավ, անկախ մրցաշարային աղյուսակում նրա զբաղեցրած տեղից՝ հաջող է: Նա ցույց տվեց 50 տոկոսանոց արդյունք. 13 տուրերում տարավ երեք հաղթանակ, կրեց նույնքան պարտություն եւ յոթ անգամ խաղաղ դաշն կնքեց մրցակիցների հետ: Հուսանք, որ նա հետագայում ավելի պատրաստված կներկայանա նման մրցաշարերին, մանավանդ որ էլիտան Լեւոնին արդեն իսկ ընդունել է, ու լրջորեն ձեռնամուխ կլինի ամենաբարձր գագաթները նվաճելուն:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել