Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամուսնալուծությունները գյուղերում շատացել են

Հունվար 31,2006 00:00

Բաժանվում են նույնիսկ 70-80 տարեկանները

Վերջին ամիսներին Հայաստանի մարզերում ամուսնալուծվողների թիվը կտրուկ աճել է: Համենայնդեպս, այս մասին են խոսում Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վարչության տարածքային բաժինների տվյալները: Ընդ որում, ՔԿԱԳ աշխատակիցների վկայությամբ, ավելացել է մեծահասակ ամուսնալուծվողների թիվը. «Արդեն մեզ համար էլ սովորական է դարձել, առաջ հատուկենտ դեպքեր էին լինում, երբ, ասենք, 50-60 տարեկանից բարձրերն ամուսնալուծվում էին, հիմա 70-80 տարեկան ծեր ամուսինների բաժանման դեպքերն էնքան են շատացել, որ էլ ոչ մի բան չի զարմացնում»:

Սեքսապաթոլոգների տեսակետով, եթե մայրաքաղաքում ամուսնալուծվում են հիմնականում ինտիմ խնդիրների, միմյանց հոգեպես ու ֆիզիկապես չբավարարելու պատճառներով, ապա մարզերում ամուսնալուծությունների թիվը հիմնականում կարելի է կապել սոցիալական խնդիրների հետ: Սակայն Վաղարշապատի ՔԿԱԳ տարածքային բաժնի պետ Գայանե Խուբեսերյանը բոլորովին այլ մեկնաբանություն ունի: Ըստ նրա, խնդիրն այն է, որ գյուղերում դեռ մնացել է այն ավանդույթը, որ աղջիկը պետք է ամուսնանա Ջուլիետի տարիքում՝ 14-15 տարեկանում, դրանից հետո «տանը մնացած» է համարվում: Մինչդեռ «ՀՀ Ընտանեկան օրենսգրքի» 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, ամուսնության տարիքը կանանց համար 17-ն է, տղամարդկանց համար՝ 18-ը: Ուստի աղջիկները, տանը չմնալու համար, ամուսնական տարիքը չբոլորած՝ արդեն 1-2 երեխա են ունենում, հետո միայն «գլխներին տալիս»:

Ինչ վերաբերում է 70-80 տարեկանների ամուսնալուծությանը, Երեւանի թիվ 1 պոլիկլինիկայի սեքսապաթոլոգ, հոգեթերապեւտ Մարատ Զաքարյանի կարծիքով՝ դա Եվրոպայի ազդեցության արդյունքն է. «Առաջ հայ կանայք, մանավանդ այդ տարիքում՝ երեխաների պատիվը բարձր պահելու, խնամիների առաջ սեւերես դուրս չգալու, իրենց զավակի տեղը չնեղացնելու, մարդկանց խոսակցության առարկան չդառնալու համար ամեն ինչ կուլ էին տալիս, հիմա այդպես չեն մտածում, «աբուռ ու նամուս» հասկացության ընկալումը փոխվել է: Հետո մեծ տարիքում մարդիկ ավելի նյարդային ու փնթփնթան են դառնում, ասում են՝ էսքան տարի կյանքս կերել ա, ձեն չեմ հանել, ըտենց մարդը իմ ինչի՞ս ա պետք: Հազարումի պատճառ են բռնում, ընտանիքն ընենց բան ա, որ ոչ ոք չի կարող ասել՝ հետո ինչ կլինի: Այդ տարիքում ամուսինները մտածում են միայն, կոպիտ ասած, մի փոր հացի ու մահվան մասին եւ ստանալով տղաներից մեկի նյութական աջակցությունը՝ շատ հանգիստ բաժանվում են»: Մարատ Զաքարյանը «Առավոտի» հետ զրույցում ամուսնալուծությունների թվի աճը պայմանավորեց նաեւ չբերության հետ. «Գնալով չբերության ցուցանիշներն ավելանում են, դա սեռավարակների եւ դրանց դեմ չբուժվելու հետեւանքն է: Էնքան շատ են 17-20 տարեկան վարակվածները, նորմալ չեն բուժվում, խորանում-խորանում ա, հանգեցնում ա չբերության: Դեռ 10-15 տարի հետո չբերությամբ տառապողների թիվը Հայաստանում ավելի կմեծանա, քանի որ երկրաշարժ, մութ ու ցուրտ տարիներ տեսած երեխաների շրջանում դա ավելի շատ գլուխ կբարձրացնի»:

Ի դեպ, վերջերս լուրեր էին պտտվում, որ ՔԿԱԳ բաժիններում ամուսնությունը գրանցելն արժե 15-20 հազար դրամ: Այս լուրերը հասել են նաեւ Գայանե Խուբեսերյանի ականջը, որի հավաստիացմամբ՝ Էջմիածնում նման երեւույթը բացառվում է. «Ես նույնիսկ մտքովս էլ չեմ անցկացրել, որ նման կերպ կարելի է փող աշխատել: Պաշտոնապես հայտարարում եմ՝ որ ամուսնությունը գրանցելու համար պետականորեն պահանջվում է 1000, ծնունդը գրանցելը՝ 100, ամուսնալուծվելը՝ 10 հազար դրամ: Եթե կա մեկը, որից ավել գումար եմ վերցրել՝ թող կանգնի դեմս ու ասի»: Ամուսնանալու կամ բաժանվելու համար թե ինչքան պետք է օրենքով վճարեն, մարդիկ իմանում են միայն բաժնի պետի կամ աշխատակիցների հետ զրույցի ընթացքում, որովհետեւ պաշտոնական տեղեկատվություն այդ մասին ոչ մի տեղ փակցված չէ: Ըստ տիկին Խուբեսերյանի՝ «բազմիցս գրել եւ պատերին փակցրել ենք, նույնիսկ ապակիների ետեւում ենք դրել, բայց ամեն անգամ պատռում են ու գցում, նույնիսկ ապակիներն են կոտրել: Իրենց էմոցիաներն այդպես են արտահայտում հատկապես ամուսնալուծվողները: Ասում են՝ հերիք չի բաժանվում ենք՝ մի բան էլ պիտի 10 հազար դրամ մուծե՞նք»:

Գ. ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել