Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ «ՋԱՐԴՈՒՓՇՈՒՐ ԱՆԵԼ ԱՆՏԵՆԱՆԵՐԸ»

Հունվար 31,2006 00:00

Նրանք
վստահ են, որ ալեհավաքները վնաս են առողջությանը: Իսկ դա այդպես է, թե ոչ՝ որեւէ
մեկը «պաշտոնապես» չի ասում: Նախորդ տարվա ընթացքում խմբագրությունը բազմաթիվ
բողոքներ է ստացել երեւանցիներից՝ իրենց կամ հարեւան շենքերի «գլխին» տեղադրված բջջային
կապի ալեհավաքների անհանգստությամբ: Այս անգամ «Առավոտին» են դիմել Կոմիտասի 55,
51, 51/1, 49/4 եւ Տիգրանյան 11 ու 13 շենքերի բնակիչները, որոնք հայտնվել են հարեւան
շենքերի տանիքներին տեղադրված ալեհավաքների «եռանկյունում»: «Կոմիտասի 49/4
շենքից մոտ 7 մետր հեռավորության վրա՝ բժիշկների կատարելագործման ինստիտուտի շենքի
տանիքում, տեղադրված է «ՎիվաՍելլի» երկու անտենա: Եվս երկու անտենա կա շուրջ 100
մետր մեզանից հեռու՝ նախկին կոճակի գործարանի տանիքում, իսկ եռանկյունու մյուս անկյունում
«ԱրմենՏելի» գլխավոր գրասենյակի «գլխին» տեղադրված հզոր ալեհավաքներն են: Մեր տարածքի
բնակիչներն արդեն երկար ժամանակ է՝ տառապում են սուր գլխացավով, արյան բարձր ճնշումով
ու սրտխառնոցով: Բացի այդ՝ հեռուստատեսային ոչ մի ալիք մեր թաղամասում նորմալ ցույց
չի տալիս, թեպետ դրսի անտենաներ ենք դրել: Բայց սա դեռ հերիք չէ՝ հունվարի 19-ից
«ԱրմենՏելի» աշխատակիցներն սկսել են Կոմիտասի շուկայի տանիքին նոր ալեհավաք տեղադրելու
աշխատանքներ»,- սա վերոհիշյալ շենքերի բնակիչների՝ խմբագրությանն ուղղված բողոքից
է: Իսկ նրանց՝ «ԱրմենՏելի» տնօրինությանն ուղղված նամակում նաեւ լրացում կա. «Տարբեր
աղբյուրներից ճշտել ենք, որ ալեհավաքները պետք է տեղադրվեն բնակելի վայրից 2 կմ հեռավորության
վրա, Սանէպիդկայանից իմացել ենք, որ այդ ալեհավաքները վնասակար են 20 մետր՝ հորիզոնական
եւ 6 մետր՝ ուղղահայաց տարածության վրա: Իսկ հեռուստահաղորդակցությանը չխանգարելու
համար բջջային կապի ալեհավաքները պետք է լինեն հարակից շենքերից 20 մետր բարձր: Ելնելով
վերոգրյալից, պահանջում ենք դադարեցնել նոր անտենայի մոնտաժային աշխատանքները: Հակառակ
դեպքում՝ ջարդուփշուր կանենք ձեր կողմից տեղադրված անտենաները»: Ի դեպ՝ այս նամակը
ստորագրել է 90 ընտանիքի ներկայացուցիչ՝ անուն-ազգանունով, անձնագրի ու հեռախոսի
համարներով եւ ընտանիքի կազմով: Կասկած չկա, որ նրանց սպառնալիքը իրական է, որովհետեւ
գրեթե բոլորն էլ ունեն անչափահաս երեխաներ: Բնակիչները փորձել են բողոքել նաեւ «Կոմիտաս»
շուկայի տնօրենին, բայց չեն ընդունվել՝ նրանց դուրս են հրավիրել: Ինչ խոսք՝
կապն ու նրա բարձր որակն անհրաժեշտ են, բայց եթե այն մեր առողջության հաշվին չի ապահովվի:
Ո՞վ եւ ի՞նչ որակով է ստուգում տեղադրվող ալեհավաքների վնասակար ազդեցության չափը՝
փորձեցինք պարզել մենք: Հիգիենիկ-հակահամաճարակաբանական հանրապետական ծառայությունից
ասացին՝ քանի որ բջջային կապը նոր երեւույթ է, հանրապետությունը դեռեւս չունի մարդու
վրա դրանց ազդեցության նորմատիվներ. «Մշակում ենք, շուտով կավարտենք եւ կգրանցենք»:
Չնայած դրան, բողոքի մասին ենթադրեցին, որ «սրտխառնոցները դրանից չեն կարող լինել,
որովհետեւ անտենաների ճառագայթները տարածվում են հորիզոնական ուղղությամբ, իսկ տանիքների
վրա մարդիկ չեն ապրում»: Նկատենք, որ դրանցից շատերը տեղադրված են բարձրահարկերի
հարեւանությամբ գտնվող ցածրահարկ շինությունների վրա: Հաջորդ պատասխանատուն կապի
եւ տրանսպորտի նախարարությունն է, որի տված լիցենզիայով ներկրվում են ալեհավաքները:
Նախարարությունից պատասխանեցին, որ իրենց ենթակայության տակ գտնվող «Հեռահաղորդակցության
հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ն «միայն վերահսկում է, որ դրանք տեղադրվեն տեխնիկական
նախագծին համապատասխան եւ աշխատեն իրենց համար սահմանված հաճախականության ալիքով,
իսկ տեխնախագիծը սահմանում է «Հայպետստանդարտը»: Հիշյալ կազմակերպությունից մեզ տվեցին
«Չափագետ» ՓԲԸ-ի հեռախոսահամարը, իսկ վերջինիս տնօրեն պարոն Սահակյանն էլ վերջ դրեց
մեր փնտրտուքին՝ «մենք այդ առումով ոչ մի ֆունկցիա չունենք անելու, անողը կապի նախարարությունն
է ու առողջապահությունը»: Այնուամենայնիվ, մասնագիտությամբ ֆիզիկոս տնօրենից
հետաքրքրվեցինք՝ ինչպիսի՞ սարքեր են ներկրվում մեր երկիր: Պարզվեց՝ «վտանգավոր ոչինչ
չկա, բջջային հեռախոսը կարող է ավելի վնասակար լինել, քան ալեհավաքը»: Ըստ մեր զրուցակցի,
ժամանակակից տեխնիկան արտադրվում է Եվրամիության սահմանած «Էլեկտրամագնիսական համատեղելիություն»
համակարգի անվտանգության նորմերին համապատասխան, իսկ մեզ մոտ վերահսկվում է կապի
մասին օրենքով ու կառավարության որոշումներով: Մասնագետի կարծիքով, տեղադրվող ալեհավաքներն
այնքան հզորություն չունեն, որ վնասեն մարդու առողջությունը: Սակայն նշեց, որ նոր
ալեհավաք տեղադրելիս եւ հետո՝ նույնպես պարտադիր պետք է չափվի տվյալ տարածքի մագնիսական
դաշտի լարվածությունը, որպեսզի այն չբարձրանա ընդունված «միկրոռենտգենային» սանդղակից:
Այնուամենայնիվ, անհայտ մնաց՝ եթե հանրապետությունը չունի ալեհավաքներից մարդու
վրա վնասակար ազդեցության նորմատիվ ցուցանիշներ, ինչպե՞ս են որոշել, թե մեր երկրի
դեպքում ինչպիսի հզորության ալեհավաքն է անվտանգ: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել