Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԳՆԱՑՔԸ ԳՆԱՑԵԼ Է

Հունվար 31,2006 00:00

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ
ԳՆԱՑՔԸ ԳՆԱՑԵԼ Է Մինչ հայրենի ընդդիմությունը՝ ի դեմս, մասնավորապես,
ՀՀ սահմանադրական հանրաքվեի օրինականությունը վերահսկող հասարակական հանձնաժողովի,
ճանապարհներ է որոնում 2005թ. նոյեմբերի 27-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները
վերանայելու ու չեղյալ համարելու ուղղությամբ ու փորձում է ՀՀ խորհրդարանում հանրաքվեի
ժամանակ տեղի ունեցած խախտումներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ձեւավորել,
սահմանադրական իրավունքի մասնագետ, «Ժողովրդավարություն» կենտրոնի ղեկավար Վարդան
Պողոսյանը «Առավոտին» ասաց. «Կռվից հետո բռունցքներով չեն թափահարում: Եթե ընդդիմությունը
ուզում էր հետամուտ լինել տեղի ունեցած կեղծիքների բացահայտմանը, նա պետք է ավելի
հեռատես լիներ ու ետ չկանչեր ընտրական հանձնաժողովներում ունեցած իր երկուական ներկայացուցիչներին»:
Վ. Պողոսյանի համոզմամբ, այսօր արդեն հանրաքվեի արդյունքները վիճարկելու բոլոր
իրավական հնարավորությունները սպառված են: Այդ նպատակով ՀՀ Սահմանադրական դատարանին
դիմելու ժամկետներն արդեն վաղուց անցել են: Ինչ վերաբերում է ՀՀ խորհրդարանում ժամանակավոր
հանձնաժողով ձեւավորելուն, ապա Վ. Պողոսյանի ասելով՝ հանձնաժողով, իհարկե, կարող
է ձեւավորվել, բայց նույնիսկ դրա աշխատանքներն ու եզրակացությունները դարձյալ ոչ
թե իրավական, այլ քաղաքական հետեւանքներ կարող են ունենալ: Վերջերս մի շարք
քաղաքական ու հասարակական կազմակերպություններ պահանջում էին իրենց տրամադրել հանրաքվեի
ընտրացուցակները՝ ստորագրամատյանները, դրանցում եղած ստորագրությունները հանրաքվեի
քվեարկությանը չմասնակցած քաղաքացիների ստորագրությունների հետ համեմատելու համար:
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն հայտարարել էր, թե դրանք հրապարակման եւ բազմացման ենթակա չեն:
Վ. Պողոսյանի ասելով, խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը, եթե այն ձեւավորվի,
իրավասու կլինի դրանք պահանջել ու ստանալ: Իհարկե, այս դեպքում էլ խոսքը կարող է
լինել ոչ թե սահմանադրական հանրաքվեի արդյունքները վերանայելու, այլ ենթադրվող զեղծարարության
փաստը հավելյալ անգամ արձանագրելու, գուցե նաեւ որոշ անձանց պատասխանատվության ենթարկելու
պահանջի մասին: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել