Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿՈՄՈՒՆԻԶՄԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ ՎԱԽԵՑՐԵԼ ԷՐ ԵԽԽՎ-ԻՆ

Հունվար 31,2006 00:00

Ասում
է ՀԿԿ ԿԿ 1-ին քարտուղար Ռուբեն Թովմասյանը ԵԽԽՎ-ն օրերս տեղի ունեցած ձմեռային
նստաշրջանում վճռականորեն դատապարտել էր կոմունիստական տոտալիտար ռեժիմների գործած
հանցագործությունները, որոնց հետեւանքով տեղի էին ունեցել մարդու իրավունքների զանգվածային
ոտնահարման փաստեր: Բանաձեւում նշված է, որ «այդ հանցագործությունները ներառում են
սպանություններն ու մահապատիժները, համակենտրոնացման ճամբարներում մարդկանց մահվան
դեպքերը, սովը, տեղահանումները, կտտանքները, ստրկական աշխատանքն ու զանգվածային ֆիզիկական
ահաբեկչության մյուս ձեւերը»: Ընդ որում, փաստաթղթում արձանագրված է նաեւ, թե կոմունիզմի
զոհերի հիմնական մասը բաժին է ընկնում նախկին ԽՍՀՄ երկրներին: ԵԽԽՎ-ն միաժամանակ
կոչ էր անում ԵԽ անդամ բոլոր, այդ թվում՝ նախկին կոմունիստական երկրների կոմունիստական
կուսակցություններին, որոնք դեռեւս «չեն վերագնահատել կոմունիզմի պատմությունն ու
սեփական անցյալը աներկբայորեն չեն դատապարտել», անել դա: Բանաձեւի առաջարկների
նախագծում կոչ կար՝ ուղղված եվրոպական երկրներին. ընդունել համանման հռչակագրեր եւ
դատական հետաքննություն սկսել այն անձանց նկատմամբ, ովքեր մասնակցել էին կոմունիստական
տոտալիտար ռեժիմների օրոք տեղի ունեցած այդ հանցագործություններին: Այս վերջին առաջարկը,
սակայն, անհրաժեշտ կողմնակիցներ՝ խորհրդարանականների 2/3, ԵԽԽՎ-ն չէր ունեցել, ու
բանաձեւի տեքստից դուրս էր եկել: ԵԽԽՎ-ում այս հարցի քննարկումը մեծ դժգոհություն
էր առաջացրել մասնավորապես ԵԽ անդամ երկիր կոմունիստական կուսակցությունների շրջանում:
Բանաձեւի քվեարկության ժամանակ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունն էլ ձեռնպահ էր մնացել
քվեարկությանը մասնակցելուց: Ու թեեւ հայկական պատվիրակության այս քայլը պայմանավորված
է եղել ոչ այնքան կոմունիստների նկատմամբ ջերմ վերաբերմունքով, որքան, թերեւս, «մեծ
եղբորը»՝ Ռուսաստանին, դեմ չգնալու ցանկությամբ, այդուհանդերձ, ՀԿԿ ԿԿ 1-ին քարտուղար
Ռուբեն Թովմասյանը երեկ «Առավոտին» իր գոհունակությունը հայտնեց ՀՀ պատվիրակության
կեցվածքից. «Դա խոսում է այն մասին, որ այդ հարցն այնքան անհեթեթ էր, որ դրան նույնիսկ
«դեմ» քվեարկել չարժեր»: Ռ. Թովմասյանը երեկ էր վերադարձել Մոսկվայից, որտեղ
նա մասնակցել էր կոմունիստների միջազգային կոնֆերանսին՝ նվիրված ռուսական հեղափոխության
100-ամյակին, որտեղ նաեւ քննարկվել էր կոմունիստական կուսակցությունների վերաբերմունքը
ԵԽԽՎ նախաձեռնած հիշյալ հարցի նկատմամբ: «Այդ հարցը դեռ անցյալ տարվանից էին
«քարշ տալիս» ԵԽԽՎ-ում: Բայց ԵԽ անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի, կոմունիստական
կուսակցությունները՝ բացառությամբ մի քանի երկրների՝ Մերձբալթյան երկրներ, Վրաստան
եւ այլն, բավականին սուր քննադատական նամակով դիմել էին ԵԽ համապատասխան հանձնաժողովին՝
այդպիսի հարցերը քննարկման առարկա չդարձնելու հորդորով: Հայաստանի Կոմկուսը ԵԽ-ին
ուղղած իր նամակում նշել էր, թե ինչի է հասել կոմկուսը Հայաստանում իր կառավարման
70 տարիների ընթացքում»: ԵԽԽՎ-ում այդ բանաձեւին բավականին թվով կոմունիստ
պատգամավորներ՝ Ֆրանսիայից, Պորտուգալիայից եւ այլ երկրներից՝ թվով 42 հոգի, դեմ
են քվեարկել ու դատապարտել հիշյալ նախաձեռնությունը: Ռ. Թորոսյանի դիտարկմամբ,
ԵԽԽՎ-ում այդ հարցը այս օրերին բարձրացնելը մի քանի պատճառներ ուներ. «Գաղտնիք չէ,
որ անցյալ տարի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 60-ամյակն էր, ու աշխարհի առաջադեմ
մարդկությունը բավականին բարձր մակարդակով էր տոնում այդ տոնը: Այդ տարեդարձի առիթով
նաեւ կոմունիստական կուսակցությունների դերն էր բարձրացել»: Բացի այդ, ըստ նրա, ԵԽԽՎ-ի
այդ քայլն ուղղված էր նախկին ԽՍՀՄ երկրների դեմ. «Նրանք՝ ԵԽԽՎ-ում, փորձում էին դատապարտել
մեր ժողովուրդների բարեկամությունը եւ այն հաղթանակները, որոնք ունեցել էր ԽՍՀՄ Կոմկուսն
ու Խորհրդային Միությունը, բայց սովետական ժողովուրդն ու աշխարհի 3 մլն կոմունիստներն
իրենց կյանքի գնով ամբողջ աշխարհը փրկեցին ֆաշիզմի վտանգից»: Ըստ ընկեր Թովմասյանի,
ԵԽԽՎ անդամ երկրները վախենում են աշխարհում ընթացող այնպիսի երեւույթներից, ինչպիսիք
հիմա տեղի են ունենում Հարավային Ամերիկայի երկրներում, որտեղ իշխանության են գալիս
սոցիալիստական ուժերը, կոմունիստական կուսակցությունները: ՆԱԻՐԱ
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել