Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՓՈՐՁԱՐԿՄԱՆ

Հունվար 28,2006 00:00

ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ՝ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՎՐԱ Ի՞նչ է կատարվում, երբ «ակտիվ բեզդելնիկները» սկսում են հարցեր լուծել Երեկ «Հայաստանի գիտնականների հասարակական խորհուրդը» հրավիրել էր համաժողով՝ քննարկելու գիտության ոլորտի բարեփոխումներին առնչվող հարցեր, ինչպես նաեւ ներկայացնելու իր նախագիծը։ Միջոցառման սկզբում խորհրդի անդամ, կենսաբանական գիտությունների թեկնածու Սոնա Մարդանյանը հայտարարեց, որ նախօրեին Ակադեմիայից զանգեր են եղել ԳԱԱ ինստիտուտներ, ԶԼՄ-ներին, որոշ գերատեսչությունների՝ կոչերով, որ վերջիններս չմասնակցեն այս քննարկումներին, «որ կազմակերպիչները ավանտյուրիստներ են, եւ որ այսպիսի ժողովը միայն վնաս կբերի գիտնականներին»։ Դահլիճից եղան ընդդիմացողներ, սակայն Ս. Մարդանյանը պատրաստակամություն հայտնեց դատարանում անուններով հանդես գալ։ Ի դեպ, այս քննարկմանը թեեւ հրավիրված էր, սակայն չէր մասնակցում Ֆադեյ Սարգսյանը։ Զանգերի իսկությունը ճշտելը մեր խնդիրը չէ, սակայն փաստ է, որ Ակադեմիայի ղեկավարությունը լսել անգամ չի ուզում որեւէ մեկի ներկայացրած ծրագրի մասին, եւ ինչպես վերջերս մեզ հետ զրույցում ասել էր ԳԱԱ նախագահ Ֆ. Սարգսյանը, իրենք ունեն բարեփոխումների իրենց փաթեթը, իսկ մնացած բոլոր առաջարկություն անողները «ազգի թշնամիներ են»։ Սակայն ելույթ ունեցողներից ոչ ոք որեւէ ծրագրի գովքը չէր անում, ավելին, ոմանք առաջարկում էին քննարկել երրորդ տարբերակը, որ կարող էր լինել «Հայաստանի գիտնականների հասարակական խորհրդի» առաջարկածը կամ՝ բոլորը միասին։ Քննարկումների վերաբերյալ միասնական որոշում այդպես էլ չկայացվեց։ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Բագրատ Ղարիբջանյանն իր ելույթում դրական արտահայտվեց ՄԱԿ-ի փորձագետների առաջարկած բարեփոխումների փաթեթի առաջին 50 էջի վերաբերյալ միայն։ Իսկ դա իրավիճակի նկարագրությունն է, որտեղ մասնավորապես նշվում է, թե ինչ անգործություն է տիրում ԳԱԱ ինստիտուտների մեծ մասում։ Սրա հետ համաձայն է նաեւ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը։ Նա «Առավոտի» հետ զրույցում հայտնեց նաեւ, թե այս փաթեթի հատկապես որ կետերին է դեմ. «Կատեգորիկ դեմ եմ, որ երկաստիճան համակարգը վերացվի։ Դա կբերի գիտության անկմանը, դիսերտացիաների որակի անկմանը։ ԲՈՀ-ի վերացումն էլ դիսերտացիաների որակի վրա բացասական ազդեցություն կունենա։ 90-ականների փորձը ցույց տվեց, որ երբ ինստիտուտներն իրենք էին որոշում ում տալ կոչում, ում՝ ոչ, այդ ընթացքում գիտությանը նմանություն չունեցող դիսերտացիաների մի ամբողջ հոսք գնաց»։ Պրոֆեսոր Ղարիբջանյանը ավագ գիտաշխատողի այսօրվա աշխատավարձը համեմատեց խորհրդային ծաղկուն շրջանի հետ։ Այն ժամանակվա 300 ռուբլին, ըստ նրա, այսօր պետք է կազմեր 300 դոլար, բայց հազիվ 50 է կազմում։ Այս առիթով մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Կոնստանտին Ղարագյոզյանը հիշեց, թե ինչպես ֆինանսների փոխնախարարներից մեկը վերջերս հեռուստատեսությամբ հայտնել էր, թե կհասնեն նրան, որ այս տարի ավագ գիտաշխատողի աշխատավարձը 23-ից 28 հազարի կհասցնեն։ Կ. Ղարագյոզյանն առաջարկում է փոխնախարարի վրա փորձարկում կատարել՝ միայն մեկ ամիս նրան թողնել 28 հազար դրամի հույսին, եւ այդ ընթացքում մանրակրկիտ հետազոտության ենթարկել նրա եւ իր տան անդամների ֆիզիկական ու հոգեկան վիճակը։ Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի առաջարկներին, ապա, ըստ ինստիտուտի տնօրենի, «ՄԱԿ-ը առաջարկում է ծրագիր, որ բերում է Ակադեմիայի դեմոնտաժին, քայքայմանը։ Ովքե՞ր են այդ մարդիկ (խոսքը ՄԱԿ-ի փորձագետների մասին է- Հ. Բ.), որ պատասխանատվություն են վերցրել, ում չենք էլ Ճանաչում։ Ո՞ւմ պատվերն են նրանք կատարում։ Ինչո՞վ պետք է այս ամենն ավարտվի,- հարցնում է Կ. Ղարագյոզյանն ու ինքն էլ պատասխանում,- շենքերի բռնազավթումով, ակադեմիական հիմնարկների շենքերի զավթումով… թող քիթները չխոթեն»։ Բոլոր բանախոսներն էլ կասկածի տակ էին առնում այն հանգամանքը, թե որքանով են այսօր ազնիվ բաշխվում Ակադեմիային հատկացվող գումարները։ Իսկ Բագրատ Ղարիբջանյանը, առանց կոնկրետ անուններ տալու, հիշեց Վիկտոր Համբարձումյանի խոսքերը, թե գիտության մեջ կան «ակտիվ բեզդելնիկներ» եւ «պասիվ բեզդելնիկներ»։ Վերջիններս, ըստ նրա, անվնաս են, իսկ առաջինները համ չեն աշխատում, համ էլ աշխատողներին են խանգարում։ «Եվ աստված չանի, որ այդ ակտիվ բեզդելնիկները ղեկավար դառնան ու հարցեր լուծեն»։ Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել