Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կրկին

Հունվար 28,2006 00:00

Կրկին «կերտվեց» մշակույթի ապագա նախարարի կերպարը Իսկ Սարգիս Ասատրյանը խորհուրդ տվեց փորփրել նախկին նախարարների «մութ» անցյալը «Օրինաց երկիր» կուսակցությանը, իր օրեցօր ընկնող վարկանիշը փրկելու համար, խորհուրդ եմ տալիս թաթը հանել մշակույթի նախարարի պաշտոնից»,- հորդորեց Հայաստանի երիտասարդական կուսակցության նախագահ (ՀԵԿ) Սարգիս Ասատրյանը, երեկ «Համայնք եւ իրավունք» հ/կ-ի կազմակերպած «Արդյո՞ք մշակույթի նախարարի պաշտոնը պետք է լինի քաղաքական» քննարկման ժամանակ: «Օրինաց երկրի» «թասիբը» պահելու էր կուսակցության «Իսահակյան» մշակութային միության ներկայացուցիչ Գեղամ Մելիքսեթյանը: Վերջինիս զարմացրել էր, թե ինչո՞ւ է քննարկման թեմա դարձել հենց մշակույթի նախարարի պաշտոնը: Գ. Մելիքսեթյանը խորհուրդ տվեց քննարկման նյութ դարձնել մշակութային հայեցակարգի բացակայությունը: «Մշակութային օջախները հանձնեցինք համայնքներին, ստեղծեցինք վակուում եւ այժմ թույլ ենք տալիս, որ այդ վակուումը լցնեն մշակույթից տիեզերական չափերով հեռու գտնվող մարդիկ»,- դժգոհեց պրն Մելիքսեթյանը: Հետո էլ ավելացրեց. «Կուսակցությունը թեւ ու թիկունք պիտի լինի այն մարդուն՝ ում նշանակել է»: Այնուհետեւ, 1999 թվականից մինչեւ մեր օրերը պատմական էքսկուրս անելով՝ բանախոսը իր ելույթն ավարտեց ՕԵԿ- ին մեղադրելու փոխարեն համախմբվելու եւ միասնական ուժերով իրավիճակը փրկելու կոչերով. «Մշակույթն այսօր ուղղակի անդամահատվում է, դրա մասին մտածեք»: «Համայնք եւ իրավունք» հ/կ-ի նախագահ Սամվել Մկրտչյանն էլ, թերեւս Գ. Մելիքսեթյանին չնեղացնելու համար, եւս մեկ անգամ պարզեցրեց հավաքի պատճառը՝ ասելով. «Մենք որեւէ կուսակցության բանջարանոցը քար նետելու համար չենք հավաքվել: ՕԵԿ-ը մեր լավ բարեկամն է»: «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության (ԺԱԿ) նախագահ Սպարտակ Մելիքյանն էլ ներկայացնելով իրենց կուսակցության դիրքորոշումը հարցի վերաբերյալ, ասաց, որ առաջին հերթին պետք է ապաքաղաքականացնել մշակույթի նախարարությունը. «Վերջին 3 տարում համոզվեցինք, որ կուսակցության անդամ լինելուց է կախված այդ նախարարությունում նույնիսկ հավաքարարի պաշտոն զբաղեցնելը»: Գ. Մելիքսեթյանն էլ ի պատասխան Ս. Մելիքյանի՝ հայտարարեց, թե նախարարության 147 աշխատակիցներից միայն երեքն են ՕԵԿ-ից: ԺԱԿ- ի նախագահն առաջարկեց հավաքվածներին՝ ՀՀ նախագահին առաջարկել, որպեսզի մշակույթի նախարար նշանակվի անկուսակցական մշակույթի գործիչ: ՀԵԿ-ի նախագահ Սարգիս Ասատրյանը լրագրողներին առաջարկեց ստուգել, թե 2003 թվականից մինչ օրս որքա՞ն գումար է հատկացվել պետբյուջեից մշակույթի նախարարության առաջին դեմքերի գործուղումներին: Կամ երիտասարդական մրցանակաբաշխություններին ովքե՞ր են մրցանակներ ստացել: Քանի՞ մշակութային գործիչներ են կարողացել այդ գումարներից օգտվել՝ փառատոների մասնակցելու համար: Ս. Ասատրյանի կարծիքով՝ մշակույթի գործիչներն այսօր արարում են, բայց արարման գործընթացին աջակցելու համար նախարարությունը «մատը մատին չի տալիս»: Գրող Արեւշատ Ավագյանի կարծիքով էլ՝ այժմ կարծես սառը պատերազմ է հայտարարված մշակույթի դեմ: Կոմպոզիտոր Արամ Սաթյանի պատկերացմամբ՝ նախարարը պետք է լինի բանիմաց, կազմակերպիչ եւ հեղինակություն: Գեղամ Մելիքսեթյանն ավելացրեց. «Մշակույթի նախարարը պետք է պրոֆեսիոնալ լինի պրոդյուսինգի հարցերում, լավ իմանա մշակույթի նախարարությունը՝ ներսից»: Ասաց, որ նման մարդիկ ՕԵԿ-ի մշակութային խորհրդի կազմում շատ կան, բայց այդպես էլ անուններ չտվեց: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել