Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

21-րդ,

Հունվար 28,2006 00:00

21-րդ, բայց Քարի դար Բացառիկ ժայռապատկերները ոչնչացվում են Հայաստանում Նախիջեւանում վերջերս կատարված հերթական բարբարոսությունը, երբ ադրբեջանցիներն անխնա ջարդում էին հայկական խաչքարերը, Հայաստանում վրդովմունքի մեծ ալիք բարձրացրեց. հեռուստատեսությամբ պարբերաբար ցուցադրվում էին խաչքարերը ջարդուփշուր անելու կադրերը, մտավորականների խումբը՝ անկոտրում Ֆադեյ Սարգսյանի գլխավորությամբ, պատրաստվում էր դիմել միջազգային պատկան կառույցներին՝ արդար դատաստանի ակնկալիքով: Սակայն տեղական պատմամշակութային հուշարձանների հանդեպ տեղի ունեցող վանդալիզմը, որի հեղինակները, հավատացեք, ամենեւին էլ ադրբեջանցիները չեն, չգիտես ինչու, կարկառուն մտավորականների հրապարակային քննարկմանն արժանի թեմա չի դառնում: Վերջերս «Առավոտը» ներկայացրել էր մեր հնագետների կատարած պեղումների մի փոքրիկ մասը՝ խոստանալով ներկայացնել նաեւ համաշխարհային քաղաքակրթության պատմության ուսումնասիրության համար անգնահատելի արժեք ունեցող նոր պեղումների արդյունքները, ինչը եւ անում ենք: Համաձայն ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Արամ Քալանթարյանի տվյալների՝ անցյալ եւ այս տարվա պեղումների ժամանակ բավականին հետաքրքիր նյութեր են գտնվել հանրապետության մի քանի մարզերում, մասնավորապես՝ Սիսիանում, Ներքին Գոդեձոր կոչված վայրում: Հայտնաբերված հուշարձանից պեղվել են նյութեր՝ կապված Հյուսիսային Միջագետքի հետ, որտեղ մ.թ.ա. 5-րդ հազարամյակից տարածում է ստացել, այսպես կոչված, հյուսիս-ուբեյդյան մշակույթը: «Սակայն խնդիրն այն է, որ այդ հուշարձանը ներկայումս քարհանքի է վերածվել, անխնա ավերվում է, եւ դրա առաջը չենք կարողանում առնել»: Այն, որ մեր արշավախմբի կողմից հայտնաբերած եւ տակավին ուսումնասիրությունների ենթակա այս հուշարձանն անգնահատելի նյութեր եւ ինֆորմացիա է պարունակում, հաստատեց նաեւ Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության՝ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման բաժնի պետ Սուրեն Շաքարյանը: Ըստ նրա՝ 90-ականների պահպանության ենթակա հուշարձանների ցուցակում Ներքին Գոդեձորը չկար: 1995-ին կառավարությունը որոշում կայացրեց մարզ առ մարզ ճշտել հուշարձանների պահպանական տարածքները: Սակայն քանի որ կառավարության տրամադրած գումարներն այնքան շատ չէին, որ ուսումնասիրությունները կատարվեին միանգամից բոլոր մարզերում, Սյունիքի մարզի հուշարձաններն այդ ցուցակում ընդգրկել այդ տարի չհասցրին: Եվ 2000 թվականի սկզբին Ներքին Գոդեձորի տարածքում քարհանք բացվեց: 2003-ին, երբ հնագիտության ինստիտուտի կազմակերպած պեղումների ժամանակ խիստ արժեքավոր մշակութային շերտ հայտնաբերվեց, մասնագետները դիմեցին թե՛ մարզային, թե՛ հանրապետական պատկան մարմիններին՝ խնդրելով օրենքի շրջանակներում կարգավորել այս հարցն ու կասեցնել այդ տարածքում քարհանքի շահագործումը: Բանը հասավ դատարան, եւ քարհանքը տեղափոխվեց հարակից հատված, ուր, ինչպես ցույց տվեցին հնագիտական նոր ուսումնասիրությունները, դարձյալ հուշարձան կա: Քարհանքը շահագործելիս, ի դեպ, ավերել է անգնահատելի արժեք ունեցող ժայռապատկեր: Նման արժեքավոր նյութ, որպիսին հայտնաբերված է Ներքին Գոդեձորում, ըստ պարոն Շաքարյանի, ողջ Հարավային Կովկասում չկա: Սակայն քարհանքը 2004-ից նոր եռանդով շահագործվում է: Գոդեձորը պեղող արշավախմբի ղեկավար Պավել Ավետիսյանը եւս հաստատեց, որ քարհանքի շահագործումը շարունակվում է: Թե ով կամ ովքեր են քարհանքի տերերը, պարոն Ավետիսյանը չգիտի: Դա իմանալ չհաջողվեց նաեւ մեզ, քանի որ բնապահպանության նախարարության ընդերքի պահպանության վարչության պետ պարոն Ավագյանի օգնականը վերջին մեկ շաբաթվա ընթացքում օրվա տարբեր ժամերին մեր պարբերական հարցումներին միշտ պատասխանում էր, որ վերջինս նախարարի մոտ է: Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն էլ անընդհատ ինչ-որ քննարկումների մեջ էր եւ մեր հարցերին պատասխանելու ժամանակ մեկ շաբաթվա ընթացքում այդպես էլ չգտավ: Ներքին Գոդեձորի խնդիրը, սակայն, միակը չէ: Ինչպես Սուրեն Շաքարյանը նշեց, Արմավիր մայրաքաղաքի տարածքում տեղի բնակիչները թաղումներ են կազմակերպում՝ ոչնչացնելով հնագիտական շերտեր, դամբարաններ: Արմավիրի մարզի Աղավնատան տարածքում գիշերվա ժամերին գանձագողություն է կատարվում: Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի դամբարանադաշտից եւս գանձագողության դեպքեր են գրանցվել: Գործերը հանձնված են դատարան: Իսկ մինչ այդ՝ մեր հնագիտական արշավախմբերը շարունակում են իրենց աշխատանքները հանրապետության մարզերում: Արամ Քալանթարյանի ներկայացմամբ՝ Սիսիանում կտրվածքների միջից գտնվել են թերթաքարերի վրա տպված բուսական եւ կենդանական մնացորդներ, որոնք երբեմն հասնում են 1-2 միլիոն տարվա հնության եւ ցույց են տալիս, որ այնտեղ ժամանակին եղել են բոլոր պայմանները մարդու ապրելու համար. «Սակայն մինչ օրս Հայաստանում չենք կարողանում գտնել հին մարդու ոսկրային մնացորդներ, բայց մի օր դա էլ կգտնենք, որովհետեւ Հայաստանի տարածքում այն բնակլիմայական, էկոլոգիական պայմանները, որոնք եղել են, մարդու բնակության համար շատ մեծ պոտենցիալ են պարունակում»: ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել