Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԱՌԱՋԻՆ

Հունվար 28,2006 00:00

«ԱՌԱՋԻՆ ՀԱՐԿԸ» ՎԵՐՆԻՍԱԺ ՉԷ Այստեղ «նախշուն գործերը» չեն անցնում «Առաջին հարկը» մասնավոր պատկերասրահների մեջ առաջիններից էր, որ 6 տարի առաջ բացվեց Հայաստանում: Այժմ այն տեղացի եւ օտարերկրացի արվեստասերների սիրած վայրերից մեկն է դարձել: Պատկերասրահի տնօրեն Անահիտ Մարտիրոսյանը սիրով հարցազրույց տվեց «Առավոտին»: – Ի՞նչ նկարիչներ են ցուցադրվում ձեր պատկերասրահում: – Սկսենք Ռոբերտ Էլիբեկյանից, որ ողջ Երեւանում ցուցադրվում է միայն մեզ մոտ: Այստեղ են նաեւ Սարգիս Համալբաշյանը, Թենի Վարդանյանը, Կարինե Մացակյանը, Վարդան Թովմասյանը, Արարատ Սարգսյանը, Սամվել Չիբուխչյանը, Արա Հայթայանը, Արթուր Սարգսյանը, Վահան Ռոմելյանը: Վերջերս ավելացել է նաեւ Գարիկ Կարապետյանը: Երիտասարդ նկարիչներ էլ ունենք՝ Վահագն Համալբաշյանը, Արշակ Սարգսյանը եւ ուրիշներ: Այնպիսի դասական նկարիչներ, որոնց թվում են Պերճ Ակնունին, Պետրոս Բայբուրթյանը եւ այլք, թեեւ էքսպոզիցիայում չեն ցուցադրվում, բայց մեր պահոցում միշտ լինում են նրանց գործերը: – Ովքե՞ր են ձեր հիմնական այցելուներն ու գնորդները: – Մեր հիմնական այցելուներն ու գնորդները զբոսաշրջիկներն են՝ առաջին հերթին սփյուռքահայերը: Երկրորդ տեղում են Հայաստանում ապրող օտարները, ավելի քիչ են հայաստանցի գնորդները: – Հետաքրքիր է, օտարներն ի՞նչ նախասիրություններ ունեն՝ ի տարբերություն տեղացիների: – Կան օտարներ, ովքեր սիրում են, այսպես կոչված, հայկական գույներով նկարներ, ոմանք էլ նախապատվությունը տալիս են աբստրակցիային: Չեմ կարող ասել, թե դրսից եկածը սիրում է բացառապես մոդեռն, իսկ տեղացին միայն ֆիգուրատիվ նկարչություն: – Իսկ ձեզ մոտ ցուցադրվող նկարիչներից ամենաշատն ո՞ւմ գործերն են վաճառվում: – Բոլոր սփյուռքահայերը հիմնականում Ռոբերտ Էլիբեկյանի գործերից են գնում: Արարատ Սարգսյանը, Սարգիս Համալբաշյանը, Արթուր Սարգսյանը, Թենին եւս փնտրվող նկարիչներ են: – Մասնավոր պատկերասրահները համագործակցո՞ւմ են միմյանց հետ՝ այսպես ասած, գնորդներ «փոխանակելու» հարցում: – Իհարկե: Ես կարող եմ զանգահարել իմ կոլեգային եւ հետաքրքրվել՝ այսպիսի նկարչի գործ կա՞ քեզ մոտ ու հաճախորդին ուղարկել տվյալ պատկերասրահ, կամ վերջինիս նկարչին խնդրեմ նկարներ բերել ինձ մոտ: Այժմ Հայաստանում 6-7 մասնավոր պատկերասրահ կա՝ «Ականաթ», «Ակադեմիա», «Գեւորգյան», «Վալմար», «Գաբոնե» ու «Մկրտչյան»: Օրինակ, «Մկրտչյան պատկերասրահ» գնում են հիմնականում նրանք, ովքեր նախընտրում են կլասիկ նկարչություն: – Ի՞նչ խնդիրներ ունեն մասնավոր պատկերասրահները: – Ինչպես դրսի, այնպես էլ հայաստանյան պատկերասրահները ներդրումների կարիք ունեն, որովհետեւ անհրաժեշտ է լավ կատալոգներ ու գրքեր տպագրել: Բայց դրանք ծախսեր են, որ փոխհատուցվում են: Վերջապես պատրաստում ենք մեր պատկերասրահի ինտերնետային էջը, որը նաեւ մեր այցեքարտն է լինելու: Պետք է շատ աշխատել լավ գնորդներ ունենալու համար, ամենակարեւորը՝ շատ սիրել այս գործը: Ես որոշ սկզբունքներ ունեմ, օրինակ՝ երբեք վարձով չեմ տալիս մեր պատկերասրահը, որովհետեւ ոչ բոլոր նկարիչներին եմ ուզում պրոպագանդել: Սրահը վարձով տալու դեպքում գուցե ցուցադրվեն այնպիսի գործեր, որոնք ինձ համար ընդունելի եւ հետաքրքիր չեն: Այսօր կան նկարիչներ, որոնց գործերը շատ բարձր գներով վաճառվում են, բայց դրանք իմ նկարիչները չեն, իրենք կոմերցիոն են նկարում: Վերնիսաժ գնացող նկարիչների գործերը ես երբեք չեմ վերցնում: Նկարիչը պետք է մի քիչ էլ նեղ պայմաններում ապրի, բայց չգնա շուկայականի հետեւից, նախշուն բաներ չնկարի՝ վաճառվելու համար: Մյուս կողմից էլ՝ նկարչությունը առաջին անհրաժեշտության «ապրանք» չէ, եւ ոչ բոլորն են նկարներ գնում: Մանավանդ աշխարհում տեղի ունեցող ցանկացած տնտեսական ու քաղաքական ցնցում անպայման անդրադառնում է արվեստի վրա: Անցած տարի բոլոր նկարները միջին գնով ենք վաճառել՝ $1000-2000, պատճառը քաղաքական իրավիճակն էր: – Քաղաքական գործիչների, պաշտոնյաների մեջ կա՞ն «Առաջին հարկ» այցելողներ: – Քաղաքական գործիչներից հայտնի անուններ չկան իմ հաճախորդների մեջ: Ավելի հաճախ գալիս են նախագահի աշխատակազմից, նախարարություններից, շուտ-շուտ գալիս են նաեւ բանկային համակարգի աշխատողներ: Ճիշտ է՝ $1000-5000-անոց նկար չեն գնում, բայց պատահում է, որ կոլեկտիվով նվեր են գնում իրենց գործընկերոջ համար: – Մշակույթի որեւէ նախարար երբեւէ եղե՞լ է ձեզ մոտ: – Երբեք մշակույթի որեւէ նախարար այս դուռը չի բացել: Գուցե պատճառն այն է, որ հատուկ չեմ էլ հրավիրել, բայց ես առանձնապես չեմ տառապում դրանից: Ինձ համար ավելի կարեւոր է, երբ շատ սովորական արվեստասեր մարդ է գալիս՝ թեկուզ ոչ նկար գնելու, այլ ուղղակի դիտելու: – Իսկ ի՞նչ արժեն ձեզ մոտ նկարները: – Ամենաերիտասարդ նկարիչների գրաֆիկական գործերը սկսվում են $100-150-ից: Այս պահին ամենաթանկը Ռոբերտ Էլիբեկյանի գործերն են՝ $6000: Ուզում եմ փաստել, որ մեր պատկերասրահում ցուցադրվող նկարիչների աշխատանքների գները վաղուց ձեւավորված են, քանի որ այդ արվեստագետները հայտնի անուններ են: Նույն գնով, ինչպես վաճառվում է մեզ մոտ, նրանց գործերը կարելի է ձեռք բերել հենց իրենց արվեստանոցներից: Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել