Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԴԱ ՖԱՆՏԱՍՏԻԿ ԳԵՂԵՑԻԿ ԵՐԿԻՐ ԷՐ»

Հունվար 28,2006 00:00

«ԴԱ ՖԱՆՏԱՍՏԻԿ ԳԵՂԵՑԻԿ ԵՐԿԻՐ ԷՐ» Ըստ գորգագետ, երգահան Վահրամ Թաթիկյանի՝ հենց այդ պատճառով էլ կորցրինք Արեւմտյան Հայաստանը Վահրամ Թաթիկյանը ամիսներ առաջ ուսումնասիրությունների նպատակով այցելել էր Արեւմտյան Հայաստան: Նա եղել է բոլոր այն գավառներում ու անգամ ամենախուլ գյուղերում, որտեղից, իր խոսքով՝ հայկական գորգի հոտ էր գալիս: Շուրջ 3000 լուսանկար է արել՝ գորգեր, մարդիկ, հայկական ավերված հուշարձաններ: Նա հիշեց, թե ինչպես է քաղաքակրթությունից կտրված գյուղերից մեկում, հայկական խումբ տեսնելով, մի թրքուհի զարմանքով հարցրել. «Աշխարհում հիմա հայ կա՞»: Հետաքրքրվեցինք, այժմ քանի՞ մասնագիտացված գորգի թանգարան կա Թուրքիայում: Վ. Թաթիկյանը տեղեկացրեց, որ այնտեղ պետականորեն 1923-ից սկսվել է հայկական գորգերի կենտրոնացում, մինչդեռ Հայաստանում գորգեր հավաքվել են ընդամենը 70-ականներից ու ոչ մի գորգի թանգարան չունենք: Ողջ Թուրքիայում 300 ազգագրական թանգարան կա, որոնցից յուրաքանչյուրն ունի գորգի հարուստ հավաքածու, իսկ զուտ գորգի թանգարան՝ 64-ն է: Ընդ որում, հայկական գորգերը Թուրքիայում ներկայացվում են ոչ թե որպես հայկական, այլ, ասենք՝ որպես Այնթապի, Մալաթիայի, Վանի, Մուշի, Երզնկայի գորգեր: Դրանց օրիգինալները անձեռնմխելի պահվում են, բայց կա նաեւ այդ գորգերի համատարած արտադրություն: Վ. Թաթիկյանը ներկայացրեց իր տպավորությունները այցելած վայրերից, որտեղ ամեն քայլափոխի հանդիպել է ավերված հայկական հուշարձանների, իսկ հատուկենտ վերականգնվածներն էլ, նրա համոզմամբ, հայկական մշակույթի հետ ոչ մի աղերս չունեն: Ըստ Թաթիկյանի, հաճախ թուրք -ժանդարմները իրեն խորհուրդ չեն տվել այցելել քրդաբնակ ապստամբ գյուղերը, որովհետեւ չեն ցանկացել, որ հուշարձաններ նկարվեն: «Շատ եկեղեցիներ քանդված էին: Իսկ Վանի ափին գտնվող սուրբ Հակոբի վանքը ավերելու համար նույնիսկ հատուկ ավտոմեքենայի ճանապարհ էր սարքված: Օրինակ՝ Գագիկ արքայի փոքրիկ մատուռը, որ իբր վերականգնել էին, վրացական տուն էր հիշեցնում»,- փաստեց երգահանը: Նա պնդում է, որ բոլոր այն հուշարձանները, որտեղ արքաների կամ Հիսուս Քրիստոսի քանդակներ ու նկարներ կան, հատուկ խոշոր տրամաչափի գնդակներով այնպես էին գնդակոծված, որ վերականգնելն անհնար է: «Մուշում մի հայի հանդիպեցինք: Հարցրին՝ ինչո՞ւ Հայաստան չես գալիս, պատասխանեց՝ ես հիմա էլ Հայաստանում եմ»,- հուզված պատմում էր Թաթիկյանը: Ընդ որում, նա հատուկ անուններ ու տեղանուններ չէր նշում՝ ծպտված կամ իսլամացած ու քրդացած հայերի մասին պատմելիս, որպեսզի վերջիններս հետագայում խնդիրներ չունենան: «Շատերը, երբ տեսնում էին հայերեն ենք խոսում, ձեռքներս համբուրում, դնում էին ճակատներին, արցունքն աչքերին թուրքերենով ասում էին, որ հայ են: Կային իսլամացած հայեր, որոնք գյուղ մտնելիս հարձակվում էին՝ ֆոտոապարատները խլելու, թույլ չէին տալիս լուսանկարել: Իրականում դա զուտ ներկայացում էր: Զարմանալիորեն, հենց նման գյուղերում քանդված չէին հայկական եկեղեցիները: Գյուղերից մեկում էլ, երբ նկարում էի տեղի հայկական եկեղեցին, շուրջս երեխաներ էին վազվզում: Հետո լուսանկարում տեսա, թե ինչպես է խաղացող երեխաներից մեկը ձեռքերը միացրել իրար՝ ինձ ցույց տալու համար, թե աղոթել գիտի»,- պատմեց Վահրամ Թաթիկյանը: Նա նաեւ հիշեց, որ Վանանդ գավառի Ուռութ գյուղում, որտեղ հայերի փոխարեն հիմա մեսխեթցի թուրքեր են ապրում, հայտնաբերել է գոբելեն՝ Հիսուս Քրիստոսի պատկերով, բայց «հայկական եկեղեցիներ չեն մնացել, միայն դրանց փորոտիքներն էին»: Մշո գյուղերից մեկում էլ, ուր բազմաթիվ հայկական գորգեր է նկարել, տեղացի մի երիտասարդ խոստովանել է, որ իր տատն ու պապը հայ են, իսկ սարի վրա «լիքը խաչեր են հողի տակ թաքցրել, որ թուրքերը չվնասեն»: Ըստ Թաթիկյանի, պատմաբաններն ու քաղաքագետները Արեւմտյան Հայաստանի կորստի մասին բազմաթիվ մեկնաբանություններ են տալիս, իսկ ինքը այս այցելությունից հետո հասկացել է պատճառը. «Դա մի ֆանտաստիկ գեղեցիկ երկիր է, այնքան լավը, որ հնարավոր չէր պահել»: Թաթիկյանը պատմում է, որ իրեն հանդիպած քրդերը անընդհատ ասում էին. «Մենք ծույլ ժողովուրդ ենք, դուք շենացնել գիտեք: Հիմա էլ եկեք տեղներս փոխենք, մենք գանք ձեր երկիր, դուք՝ այստեղ»: «Սկզբում կարծում էի, թե կատակ են անում: Հետո հասկացա, որ դա հոգեբանություն է: Պատահական չէ, որ նրանք ամբողջը փորփրել էին՝ ոսկու մոլուցքով: Դրա համար էլ հենց հայ էին տեսնում՝ գլխների վրա էին ընդունում, ասում էին՝ քարտե՞զ եք բերել, որ ձեր ոսկիները փնտրեք»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել