Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՍԵՔՍ՝

Հունվար 28,2006 00:00

«ՍԵՔՍ՝ ՀԵՌԱԽՈՍՈՎ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ Հայաստանի «հագո՞վ» է այն, թե՞ ոչ Ժամանակին «Թելեպլաս» ընկերությունը Հայաստանում «սեքս՝ հեռախոսով» ծառայություն մատուցելու անհաջող մի փորձ արեց, որի արդյունքում հեռախոսային մեծ պարտքեր կուտակած բազմաթիվ քաղաքացիներ հայտնվեցին դատարաններում: Այժմ նման ծառայություններ մատուցվում են ավելի «զգուշորեն»: Ինտերնետային հանգույցներում Հայաստանում «սեքս՝ հեռախոսով» ծառայություն որոնելիս մի անգամ զվարճալի պատասխան ստացանք. «Արդյո՞ք մարդիկ սիրում են Հայաստանում անկեղծանալ հեռախոսով»: Իսկ որոշ կայքերում էլ պարտադիր պահանջվում էր գրանցվել, թողնել կոորդինատներ, որից հետո խոստանում էին կապվել: Բայց, ի տարբերություն «Թելեպլասի», պետք էր նախապես վճարելով ձեռք բերել համապատասխան քարտ: Թե ինչ արժե նման ծառայությունը Հայաստանում՝ առայժմ չհաջողվեց պարզել: Իսկ, օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում «սեքս՝ հեռախոսով» ծառայությունը վաղուց հեշտ հասանելի է եւ մատչելի: Դրա արժեքը սկսվում է 30 ռուբլուց, VIP-ի դեպքում՝ գներն աճում են: Ընդ որում, հաճախորդի ցանկությամբ նման ծառայություն մատուցվում է ոչ միայն ռուսերեն, այլեւ օտար լեզվով, ընդհուպ՝ հայերեն: Իսկ Ֆրանսիայում եւ Բելգիայում նման ծառայությունների գները սկսվում են 1 եվրոյից եւ այլն: Հայերս տարիներ առաջ չէինք էլ կարող պատկերացնել, թե ավանդապահ մեր կենցաղ մուտք կգործեն ստրիպտիզն ու sex-shop-ը, էրոտիկ ամսագրերն ու ֆիլմերը: Ինչ վերաբերում է «սեքս՝ հեռախոսով» ծառայությանը, վերջինիս մասին որեւէ տեղեկատու, որեւէ հեռախոս չտրամադրվեց: Պարզ պատճառով՝ դրանք լեգալ չեն գործում: Հոգեբան Սերգեյ Ղասաբյանի կարծիքով, «սեքս՝ հեռախոսով» ծառայություն ունենալու մեջ ոչ մի «կրիմինալ» չկա: «Եթե չի հակասում մեր օրենսդրությանը՝ թող գործի: Ու պարտադիր չէ, որ դա հենց պետությունը նախաձեռնի»,- ասաց հոգեբանը: Հեռախոսային սեքսի մասին իր նկատառումները հայտնեց նաեւ սեքսոպաթոլոգ Գեղամ Վարդանյանը: Բժիշկը նշեց, որ նման ծառայություն ունենալն անիմաստ չէ, սակայն, ինչպես ընդունված է աշխարհում, նմանատիպ ծառայությունները հիմնականում մեծ փողեր աշխատելու ձեւ են: «Վտանգ եմ տեսնում, որ հեռախոսի այն կողմում սեքսուալ ու գերող ձայնով կինը դեռահասների սեռական գիտակցության ու դրա զարգացման ընթացքը ուղղորդի իրեն նախընտրելի տարբերակով: Պարզից էլ պարզ է, որ շահութաբեր այս ծառայության աշխատակցուհին չի ցանկանա հաճախորդ կորցնել»,- նկատեց մասնագետը: Պրն Վարդանյանը չբացառելով մեր երկրում երբեւէ ոչ ծպտյալ «սեքս՝ հեռախոսով» ծառայություն ունենալը, այնուամենայնիվ, ցանկություն հայտնեց, որ նման ծառայությունում գոնե ընդգրկվեն մարդիկ, ովքեր, բացի հաճելի ու սեքսուալ ձայնից, որոշ չափով տիրապետեն նաեւ հոգեբանական գիտելիքների: Վիրտուալ աշխարհը մարդուն հնարավորություններ է տալիս համարձակ երազելու, խելահեղ ֆանտազիաների գիրկն ընկնելու, մինչդեռ սեռական դաստիարակությունը մեր երկրում այսօր էլ պատշաճ մակարդակի վրա չէ: Համակարծիք ենք սեքսոպաթոլոգի այն մտահոգությանը, որ ազատորեն գործելու դեպքում գուցե «սեքս՝ հեռախոսով» ծառայությունից փորձեն օգտվել նաեւ անչափահասները, գտնում ենք, որ անհրաժեշտ է պատշաճ զգուշավորություն: Դարձյալ ստիպված ենք բերել նույն Ռուսաստանի օրինակը: Այնտեղ նման ծառայություններ մատուցող որոշ կազմակերպություններ, օրինակ, ոչ բոլոր հաճախորդների հետ են աշխատում: Վերջիններս հատուկ թեստ են անցնում: «Քննվում» են նրանց սեքսուալ ցանկությունների սահմանները: Հետաքրքիր է, որ առաջարկվող թեստերում առաջին հայացքից սեքսի հետ կապ չունեցող հարցերի էլ են պահանջում պատասխանել: Օրինակ՝ կո՞ղմ եք, թե՞ դեմ ազգամիջյան թշնամանքին: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել