Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ԴԱԺԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՃԵՑ ԲԱՆԱԿՈՒՄ

Հունվար 28,2006 00:00

ԻՆՉՈ՞Ւ ԴԱԺԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՃԵՑ ԲԱՆԱԿՈՒՄ Հարցնում է «Զինվորի մայր» հ/կ նախագահ Գրետա Միրզոյանը – Տիկին Միրզոյան, դուք հաճախ եք շրջայցեր կատարում Պաշտպանության բանակի տարբեր զորմասեր եւ առնչվում բանակում առկա հիմնախնդիրներին: Վերջին այցերի ժամանակ ի՞նչ խնդիրների եք հանդիպել: – Այո, մենք պարբերաբար շրջայցեր ենք կատարում զորամասեր, ստանում ենք բազմաթիվ նամակներ, գնում ենք դրանց հետքերով եւ աշխատում ենք հնարավորության սահմաններում օգնել նամակագրին, իսկ մեր հնարավորություններն անսահմանափակ չեն եւ մենք չենք կարող ցանկացած հարց լուծել: Մենք համագործակցում ենք զինվորական ղեկավարության հետ եւ գնալով այդ համագործակցությունը դառնում է արդյունավետ, քանի որ իրենք էլ արդեն համոզվել են, որ մեր խնդիրը միայն օգնելն է եւ ոչ թե խանգարելը կամ վնասելը: Եթե մենք անընդհատ թմբկահարենք վատը, ապա առաջ չենք գնա: Ես այսօր չեմ ուզում խոսել մեզ հանդիպած բացասական երեւույթների մասին առանձին-առանձին: Այլ ուզում եմ խոսել այն երեւույթի մասին, ինչը հիմք է հանդիսանում բանակում տեղի ունեցող բոլոր վատ ու անցանկալի երեւույթների համար՝ իրենց ամենավատ հետեւանքներով: Բանակում արմատավորված է դաժանությունը, չարությունը: Հենց սա է պատճառը, որ 16-18-ամյա զինվորը ծեծում է կամ սպանում զինվորին, որովհետեւ չարացած է: Վերջերս առիթ ունեցա առնչվելու մի զինվորի հետ, որի մեջքին նավթ լցնելով՝ ընկերները փորձել էին այրել նրան, սակայն, բարեբախտաբար, նա փրկվել էր: Եվ այդ երիտասարդը, ում ընկերները կոչում էին «Կորկոտ» մականունով, որովհետեւ նա այդ ճաշը (հարիսա) շատ էր սիրում, չէր հասկանում, թե զինվորներն ինչու են իրեն ատում, ծաղրուծանակի առարկա դարձնում, դաժան վարվում իր հետ: Ես զրուցեցի նաեւ այդ դաժանության հեղինակ զինվորների հետ: Եվ իմ հարցին, թե ինչո՞ւ էին այդպես վարվել, նրանք շատ անմեղ կեցվածքով պատասխանում էին, թե խաղացել են: Մի՞թե մենք հասել ենք դաժանության այն աստիճանին, որ մեր երեխաները նման «խաղեր» են խաղում: Որտեղի՞ց է գալիս այդ չարությունը եւ մեզ ո՞ւր կտանի այն: Կարծում եմ, պետք է սկսենք բարեփոխել բանակը: Ո՞ւր է 88-ի մեր ազգային համախմբվածության ոգեւորությունը, ո՞վ մարեց եւ ինչո՞ւ: Ահա ինչն է ինձ անհանգստացնում: – Հարցը, թերեւս, հռետորական է, բայց, ըստ ձեզ, ո՞վ մարեց եւ ինչո՞ւ՝ համախմբվածության ոգեւորությունը: – Մեր կռված տղաների՝ ազատամարտիկների հիշողության մեջ դաջվեցին պատերազմի այն ծանր տեսարանները, որոնք կարելի էր տեսնել միայն սարսափ-ֆիլմերում, եւ ազդում են մարդու ներաշխարհի վրա: Եվ, բնականաբար, իր ազդեցությունն ունեցավ նաեւ այդ տղաների ներաշխարհի վրա: – Բայց չէ՞ որ մեր պապերն էլ 1941-ին տեսան արհավիրք, պատերազմ: Սակայն վերադառնալով տուն, նրանց մեջ չարություն ու դաժանություն չկար եւ նրանք էլ ավելի շատ էին սիրում իրենց պաշտպանած հայրենիքը: – Տարբերությունը մեր պապերի եւ այսօրվա կռված տղաների միջեւ հսկայական է: Մեր պապերը վերադառնալով՝ արժանացան պատվի, մեծարանքի, գտնվեցին ուշադրության կենտրոնում: Իսկ ինչ է այսօրվա ազատամարտիկի վիճակը՝ նրանցից շատերն ուղղակիորեն արհամարհված են պետության կողմից: Ունենք հաշմանդամ ազատամարտիկներ, որոնց ճակատագիրը չի մտահոգում ոչ ոքի: Էլ ինչպե՞ս նրանք կամ նրանց շրջապատի մարդիկ սիրեն հայրենիքը: Ահա այստեղից է ծնվում դաժանությունն ու չարությունը: – Իսկ դուք ի՞նչ ուղիներ եք առաջարկում: – Մարդկանց հետ պետք է տարվեն հոգեբանական եւ գիտական բնույթի աշխատանքներ: Մեր հ/կ-ն արդեն հրատարակել է 8 գիրք, որոնք նախատեսված են ընթերցող լայն խավերի, մասնավորապես նորակոչիկների, զինվորների եւ նրանց ծնողների համար: Ծնողը պետք է կիրթ լինի, որպեսզի իր որդուն բանակ ուղարկելիս ճիշտ կրթի: Հաճախ ծնողի տգիտությունը ճակատագրական է դառնում որդու համար: – Տիկին Միրզոյան, ի՞նչ տարբերություններ կան «լավ» եւ «վատ» զորամասերի միջեւ: – Իհարկե, հրամանատարական ու սպայական կազմով: Հրամանատարներ ունենք, ովքեր զինվորի նկատմամբ հայրական վերաբերմունք են ցուցաբերում, մտահոգվում են անձնական ու առողջական վիճակով, հոգատար են: Բնականաբար, նման զորամասերում հնարավոր չեն հանցագործություններ, սպանություններ: Մինչդեռ մենք ունենք հրամանատարներ, ովքեր միշտ «տեղում չեն», չեն հարգում զինվորին, անգամ նրանց արտաքինը ամեն ինչ ասում է (քանդված օձիքով, ոսկե շղթան պարանոցին, դուրս ընկած փորով, ասես խաշի սեղանից նոր է վեր կացել): Նախեւառաջ նման հրամանատարներին պետք է կրթենք, սովորեցնենք: Օրինակ՝ Ռուսաստանում հրամանատարական կազմը միշտ եղել է ընտրյալ եւ նրանք հպարտությամբ ասել են՝ «պատիվ ունեմ»: Նրանք, իրոք, միշտ պատվավոր այրեր են եղել: Կրթված հրամանատարական կազմի հետ աշխատելը դյուրին է ու արդյունավետ, միայն այդ պարագայում կարելի է բանակում բարեփոխումներ կատարել: Ուստի՝ բանակին պետք է վերաբերվել լուրջ: Հենց դրանք էլ մեր հ/կ-ի հիմնախնդիրն ու գերնպատակն են: Զրուցեց ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել