«Փյունիկն» ու հերթական համազգային խարակիրին «Փյունիկի» ֆուտբոլիստները հրաժարվեցին խաղալ ադրբեջանցիների հետ: «Ազգային խայտառակություն», «Համազգային ողբերգություն», «Համահայկական ամոթ», «Ազգային արժանապատվության ոտնահարում». այդպիսի բացականչություններ հնչեցին այդ առթիվ: 1998-ից տոտալ դաշնակցականացած մեր համազգային միտքը, բնականաբար, այլ մոտեցում ունենալ չէր կարող: Վաղուց արդեն մեզ անհասկանալի են ազգային արժանապատվության իրական ըմբռնումները: Արդեն երկու տարի «Փյունիկի» ֆուտբոլիստները հայտնվում են փակուղային իրավիճակում: Հաղթել Ադրբեջանին եւ փառավորել մեր ազգային արժանապատվությունը՝ «Փյունիկի» համար անհնար է: Խնդիրը ոչ «Փյունիկի» մեջ է, ոչ էլ ազնիվ մարզական պայքարի: Ուղղակի ադրբեջանական թիմի հետեւում այսօրվա Ադրբեջան պետությունն է՝ իր ավանդական թասիբով, հայկական թիմի հետեւում էլ՝ այսօրվա Հայաստանը՝ իր ավանդական անթասիբությամբ: Ի՞նչ անենք, որ Ռուսաստանում մի երկու միլիոն հայ ունենք, մի քանի հարյուր հազար էլ՝ եվրոպական «լյուբոյ» պետությունում, կնունքները 1200 հոգով ենք անում, խաշն էլ ուտում ենք 120 մարդով: Հաստատ սխալվում էր Ռուբեն Հայրապետյանը, որ կարծում էր, թե կարող է թասիբի գցել Հայաստան պետությանը, երբ անցյալ տարվա համազգային խարակիրիից հետո հայտարարեց, որ ցանկանում է նորից հանդիպել ադրբեջանական թիմի հետ: Չնայած «Փյունիկի» հաղթանակն էլ առանձնապես չէր փառավորելու մեր ազգային արժանապատվությունը, այլապես Լեւոն Արոնյանի՝ ադրբեջանցի երիտասարդ հանճար Մամեդյարովին հաղթելը պիտի վերածվեր համազգային տոնի, Լեւոն Արոնյանն էլ հռչակված պիտի լիներ հայ ժողովրդի ազգային հերոս: Բայց պատկերացնո՞ւմ եք, ինչ կլիներ, եթե Լեւոն Արոնյանը պարտվեր ադրբեջանցուն կամ հրաժարվեր հանդիպումից: Հայոց համազգային պոռոտախոսությունը կընկներ երանության գիրկը: Ամբողջ աշխարհի հայերը՝ ի Հայաստան եւ ի սփյուռս, կմեղադրեին տաղանդավոր երիտասարդին համազգային դավաճանության մեջ: Իսկ արդյո՞ք աշխարհի հայերը եռագույն դրոշներով հավաքվել էին հոլանդական Վեյք Ան Զեեում՝ գիշեր-ցերեկ լինելու հայ շախմատիստի կողքին: Արդյո՞ք ողջ Հայաստանը շրջապատեց «Զվարթնոց» օդանավակայանը, երբ Լեւոն Արոնյանը Հայաստան վերադարձավ՝ բերելով շախմատի աշխարհի գավաթը: Արդյո՞ք Հայաստանում տոն էր, թեեւ տոն սարքելու ազնիվ կոչեր էլ հնչեցին: Արդյո՞ք Լեւոն Արոնյանն այնպես պարգեւատրվեց, ինչպես պարգեւատրվել են ադրբեջանցի ֆուտբոլիստները մոսկովյան մրցաշարում ընդամենը երկրորդ փուլ դուրս գալու համար: Թող համազգային պոռոտախոսները մտածեն: Երբ ֆուտբոլի Հայաստանի 19 տարեկանների հավաքականը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որն աննախադեպ հաղթանակ էր հայկական ֆուտբոլի պատմության մեջ, օդանավակայանում նրանց դիմավորողները տղաների ծնողներն էին: Ուշ ժամ էր ուղղակի: Ընդդիմության հանրահավաքի ամենաթեժ պահին էլ Դեմիրճյանենց տունն էր մարդ եկել: 19 տարեկան տղաների պարգեւատրումն էլ վարչապետի պատվոգիրն էր՝ փայլուն թղթից: Փոխարենը հրապարակ նետվեց հիմար խայծը՝ այս հաղթանա՞կն էր արժեքավոր, թե՞ «Արարատի» ԽՍՀՄ չեմպիոն դառնալը, ու մոռացանք 19 տարեկան տղաների իրական հաղթանակն էլ, 53 գերֆուտբոլային երկրների պայքարում հաղթելն էլ, տղաների ապագան էլ, ու8230 մեռնեմ անցյալին: Սկսվեց «բա որ Հովիվյանը ուգլավոյից գոլ էր խփում» շարքը ու հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով նսեմացրին տղաների փայլուն հաղթանակը: Անդրեն մասնակցելու է «Եվրովիդենիային» (եվրոտեսիլ չեմ գրում. ոնց որ տեսլական լինի) ու խնդրել է, որ աղոթենք իր հաջողության համար: Դրսի հայերով էլ որ մի-մի հատ «մեսիջ» ուղարկենք, Անդրեն «նաղդ» հաղթող է լինելու: Բայց Անդրեն չգիտի, որ մենք չենք աղոթում, մոմ ենք վառում, հայերն էլ անկապ տեղը «մեսիջներ» չեն ուղարկում: Բայց պատկերացնում եք, չէ՞, հետո ինչեր են ասելու: Հերն էլ անիծած, որ օրական քառասուն րոպե Կիրովաբադի ակցենտով հաղորդում ենք նայում: Հերն էլ անիծած, որ Երեւանում մեզ հիշեցնում են, որ մեր պետական լեզուն հայերենն է: Հերն էլ անիծած, որ մեր մշակույթը ոչ թե Մանսուրյանի, Տերտերյանի, Դուրյանի մշակույթն է, այլ KBH-ի տղերքի: Հերն էլ անիծած, որ Քոչարյանի ամբիոնին մեր երկիրը զինանշան չունի: Հերն էլ անիծած, որ մեր ֆորպոստային սերը 84 տոկոսանոց է: Հերն էլ անիծած, որ Հայաստանը ոչ թե երկիր է, այլ օֆիս: Գոնե «Փյունիկը» ադրբեջանցիներին տաներ, որ մեր ազգային արժանապատվությունը փառավորվեր: ՆԱՐԵԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ