Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՐՋԱՓԱԿՎԱԾ,

Հունվար 28,2006 00:00

ՇՐՋԱՓԱԿՎԱԾ, ԲԱՅՑ՝ ԱՌԱՆՑ ԹՌՉՆԱԳՐԻՊԻ «Հայելի» ակումբի երեկվա հյուրերն ընտրված էին այնպես, որ հայ-թուրքական հարաբերությունների շուրջ որեւէ բանավեճ չծավալվեց: ՀՅԴ ներկայացուցիչ Կիրո Մանոյանը եւ պատմական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանը հայ-թուրքական հարաբերություններին առնչվող գրեթե բոլոր հարցերում միակարծիք էին: Կիրո Մանոյանը պնդում էր, որ վերջին տասնհինգ տարիներին հայ-թուրքական հարաբերություններ չեն եղել, եղել են միայն հարաբերություններ հաստատելու փորձեր՝ «հատկապես ՀՀ առաջին իշխանության օրոք, երբ մոտեցում կար բավարարել Թուրքիայի բոլոր պահանջները»: Ճիշտ է, իր հաջորդ նախադասության մեջ «բոլոր պահանջներ» արտահայտությունը ձեւափոխվեց՝ «պահանջները բավարարել որոշ չափով», իսկ դրանից հետո՝ «ինչ-որ չափով», սակայն եզրահանգումը մեկն էր՝ «դա չհերիքեց, որ Թուրքիայի հետ հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ»: Սակայն պարոն Մանոյանը հանուն արդարության նկատեց, որ ՀՀ նոր իշխանություններին էլ առանձնապես ոչինչ չի հաջողվել այդ հարցում. «ՀՀ իշխանությունների կեցվածքը 98-ից հետո փոխվեց, բայց առայժմ արդյունք չի տվել»: Մեղավորը Թուրքիան է, «որովհետեւ Թուրքիայի թշնամական կեցվածքը ՀՀ հանդեպ չի փոխվել»: Եվ ընդհանրապես, «Թուրքիայի դերակատարությունը տարածաշրջանում բացասական է», քանի որ Թուրքիան ոչ միայն շրջափակել է Հայաստանը, այլեւ նրա մեղքով է Ադրբեջանը Ղարաբաղի հարցում նման «կոշտ կեցվածք որդեգրել»: Հայկ Դեմոյանը հաստատեց պարոն Մանոյանի ասածները. «Հայ-թուրքական հարաբերություններն ավելի շատ չկայացած երկխոսության փորձի տպավորություն են թողնում»: Ապա՝ «Ես դիվանագետ չեմ, բայց շատ լավ հասկանում եմ, որ Ղարաբաղի հարցում Թուրքիան կողմ է»: Սակայն պարոն Դեմոյանը մի դրական կողմ էլ գտավ Հայաստանի շրջափակման մեջ. «Այդ շրջափակմամբ նրանք չհասան իրենց ուզածին: Սահմանի բացումը կենաց-մահու հարց չէ, ինչպես ներկայացնում են ոմանք: Եթե 91թ. սահմանը բաց լիներ, մեր հայրենական արտադրությունը նման զարգացում չէր ունենա, իսկ Թուրքիան մեր ողջ տնտեսությունը վերահսկողության տակ կառներ, էլ չեմ խոսում թռչնագրիպի մասին»: Պարոն Դեմոյանը կանխատեսեց, որ Թուրքիայի համար այս տարին լինելու է թռչնագրիպի տարի: Այդ աղետը իրեն զգացնել կտա ամռանը՝ հայտարարեց բանախոսը՝ ենթադրելով, որ տուրիստական բիզնեսին այնպիսի հարված կհասցվի, որ Թուրքիան կկանգնի մեծ ճգնաժամի առջեւ, եւ ստիպված կլինի դիմել Արժույթի միջազգային հիմնադրամին: Երիտասարդ պատմաբանը, ելնելով ռազմական գործողությունների բնորոշման 14 ձեւերից, ենթադրեց, որ Թուրքիայի եւ ՀՀ միջեւ այժմ պատերազմական իրադրություն է, քանի որ Թուրքիան այդ 14-ից 6-ը կատարում է ՀՀ հանդեպ, այդ թվում՝ շրջափակում, ուժի ցուցադրում, դիվանագիտական հարաբերությունների բացակայություն, սպառնալիքներ եւ այլն: Ապագայի մասին ոչ միայն Հ. Դեմոյանի կանխատեսումներն էին մռայլ, այլեւ՝ Կ. Մանոյանի: Վերջինս կարծում էր, որ հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի առումով լավատեսության հիմք չկա, քանի որ այն բոլոր քայլերը, որ Թուրքիան անում է ԵՄ մտնելու համար՝ «թվացյալ են, ձեւական»: Պարոն Մանոյանի ասածից ստացվեց, որ Թուրքիայի ներկա իշխանությունն ուզում է մտնել ԵՄ՝ ավելի շատ անձնական ազատություններ ստանալու համար. «Թուրքիայի վարչապետի կինը չի կարող ոչ մի հանդիպման ժամանակ գլուխը ծածկված երեւալ, դրա համար ոչ մի հանդիպման չի գնում: Նրա դուստրերը ԱՄՆ-ում են սովորում, որպեսզի կարողանան գլուխները ծածկել, քանի որ Թուրքիայում այդ իրավունքը չունեն»: Այսինքն՝ ուզում են մտնել ԵՄ, որ լաչակ կապելու իրավունք ունենա՞ն: Խոսելով Թուրքիայի եւ ՀՀ միջեւ հնարավոր ռազմական զարգացումների մասին Կիրո Մանոյանն ասաց, որ «երաշխիք չկա, որ նոր ուժ չի գա Թուրքիայում եւ չի ասի՝ դուք էլ, ձեր ԵՄ-ն էլ: Ու քանի դեռ այդ հավանականությունը կա, ռուսական զորքերը պետք է մնան, մանավանդ, որ ՀՀՇ-ն 25 տարով է պայմանագիր ստորագրել»: Մի քիչ ավելի բարի գտնվեց Հայկ Դեմոյանը, որը ենթադրեց, որ «Թուրքիան չի պատերազմի, քանի որ ՆԱՏՕ անդամ է, ինքնուրույն չի»: Նա այս առումով կարեւորեց նաեւ ռուսական ռազմակայանների հարցը, ինչպես նաեւ այն, որ «Թուրքիայի զինտեխնիկայի մի մասը մետաղի ջարդոն է»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել