Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հունվար 28,2006 00:00

ԱՐՄԵՆ
ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ
ԺԱՄԱՆԱԿ Գիրք
առաջին
Գլուխ
առաջին Գլուխ
երկրորդ Գլուխ
երրորդ Գլուխ
չորրորդ Գլուխ
հինգերորդ Գլուխ
վեցերորդ Գլուխ
յոթերորդ Գլուխ
ութերորդԳլուխ
իններորդԳլուխ
տասներորդ Գլուխ
տասնմեկերորդ Գլուխ
տասներկուերորդ Գլուխ
տասներեքերորդ Գլուխ
տասնչորսերորդ Գլուխ
տասնհինգերորդ ¶ÉáõË
ï³ëÝí»ó»ñáñ¹
Գլուխ տասնյոթերորդ Գլուխ
տասնութերորդ Գլուխ տասնիններորդ
Գլուխ քսաներորդ Գլուխ
քսանմեկերորդ Գլուխ
քսաներկուերորդ Գլուխ
քսաներեքերորդ Գլուխ
քսանչորսերորդ Գլուխ
քսանհինգերորդ Գլուխ
քսանվեցերորդԳլուխ
քսանյոթերորդ Գլուխ
քսանութերորդ Գլուխ քսանիններորդ Գլուխ
երեսուներորդ Գլուխ
երեսունմեկերորդ Գլուխ
երեսուներկուերորդ Գլուխ
երեսուներեքերորդԳիրք
երկրորդ
Գլուխ
առաջին Գլուխ
երկրորդ ¶ÉáõË
»ññáñ¹ Գլուխ
չորրորդ Գլուխ
հինգերորդ Գլուխ վեցերորդ
Գլուխ յոթերորդ Գլուխ
ութերորդԳլուխ
իններորդ Գլուխ տասներորդ
Գլուխ
տասնմեկերորդ Գլուխ
տասներկուերորդԳլուխ
տասներեքերորդ Գլուխ
տասնչորսերորդ Գլուխ
տասնհինգերորդ Գլուխ
տասնվեցերորդ Գլուխ տասնյոթերորդ ՉԱՐԱԲԱՍՏԻԿ
ԿԻՆՈ Ես արդեն նեղվում էի ու չգիտեի՝ ինչ ասեմ, եւ էդ պահին Ֆրունզիկը
փորձեց ինձ փրկել: – Արմենին տասը տարեկան վախտից գիտեմ,- ասաց Ֆրունզիկը.-
ինքը ժիվոպիսեց Հակոբի տղեն ա: – Հայրդ գեղանկարի՞չ է,- հարցրեց Ներսիսյանը:
– Կենդանագիր է,- ասացի ես: – Կենդանագիրը ո՞րն է,- հարցրեց Ներսիսյանը:
– Էն որ տառեր ու լոզունգներ են գրում,- ասաց Ֆրունզիկը: – Հասկանալի
է,- ասաց Ներսիսյանը.- այդ լոզունգներն Արմենի պոեզիայի վրա շատ ուժեղ ազդեցություն
են թողել: – Էդ լոզունգները ոչ մի կապ չունեն, ընկե՛ր Ներսիսյան,- ասացի ես:-
Ումառյա՛նն ինձ ստիպեց, որ էդ ոտանավորը գրեմ: – Բավակա՛ն է,- գոռաց Ներսիսյանը:-
Ոչ ոք ոչ ոքի ոչինչ չի կարող ստիպել: Հայրիկիդ էլ ե՞ն ստիպել, որ այդ անհեթեթ «կենդանագրական»
բառն իր արհեստանոցի ճակատին գրի: – Արմենի հորը դու էլ ե՞ս ճանաչում, Լեւո՛ն,-
հարցրեց Ֆրունզիկը: – Արմենի հորը չեմ ճանաչում, բայց ամեն անգամ այդ արհեստանոցների
մոտով որ անցնում եմ, ուղեղիս որդերն ուղղակի շարժվում են,- ասաց Ներսիսյանը: –
Ուղեղիդ որդե՞րը խի են շարժվում, ա՛յ Լեւոն,- հարցրեց Շերենցը: – Կենդանագրակա՜ն,-
հեգնեց Ներսիսյանը:- Այդպիսի բառ հայերենում գոյություն չունի: Իմ անունից հայրիկիդ
կխնդրես, որ այդ բառն իր արհեստանոցի ճակատից վերացնի: – Արդեն վերացրել է,-
ասացի ես: – Փոխարենն ի՞նչ է գրել,- հարցրեց Ներսիսյանը: – Գեղագրական,-
ասացի ես: – Իսկապե՞ս,- անկեղծորեն ուրախացավ Ներսիսյանը:- «Գեղագրականն»
անհամեմատ հաջող բառ է. շատ ճիշտ է արել, որ փոխել է: Լավ է ուշ, քան՝ երբեք: –
Իշխանյանը «Գրական թերթում» քննադատել էր էդ «կենդանագրական» բառը եւ տեղը «գեղագրական»
բառն էր առաջարկել,- ասացի ես: – Փա՜ռք Աստծո, որ մեր շարքերում դեռեւս Իշխանյանի
պես մարդիկ կան,- ասաց Ներսիսյանը:- Հիմա արդեն «գեղագրակա՞ն» են գրում: –
Այո,- ասացի ես.- հիմա բոլորն արդեն էդ բառն են գրում, որովհետեւ պետությունը հատուկ
որոշում է կայացրել, բայց հայրս Իշխանյանի էդ հոդվածից հետո անմիջապես ինքնուրույն
փոխեց: – Փա՜ռք Աստծո,- ասաց Ներսիսյանը: – Փառք Աստծո, որ մեր շարքերում
Հակոբի պես մարդիկ կան,- Ներսիսյանին նայելով՝ ասաց Ֆրունզիկը:- Որ Արմենի հորը ճանաչես՝
շատ կհարգես, Լեւո՛ն ջան: Որ ասում են քայլող հանրագիտարան՝ էդ ի՛նքն ա: Ես ու Խորիկը
մենակ Հակոբի մոտ ենք մեր ավտոների համարները գրել տալի: Առաջ որ Հակոբի արհեստանոցը
հրապարակի մոտ էր, պապադ է՛լ էր շուտ-շուտ իրա արհեստանոց գալի: – Ո՞ւմ պապան,-
զարմացավ Ներսիսյանը: – Հրաչյա Ներսիսյանը,- ասաց Ֆրունզիկը:- Ինքն է՛լ էր
Հակոբին շատ հարգում: – Որպես ի՞նչ էր հարգում,- հարցրեց Ներսիսյանը: –
Որպես մարդ,- ասաց Ֆրունզիկը: – Հայրերը պատասխանատու չե՛ն իրենց որդիների
համար,- ասաց Ներսիսյանը:- Արմենի հայրը ոչ մի մեղք չունի, որ իր որդին զոհված զինվորների
մասին ոտանավորներ է գրում: – Էդ ի՞նչ զոհված զինվորներ են, ա՛յ Լեւոն,- հարցրեց
Շերենցը: – ձՋՈր,- բացականչեց Ներսիսյանը: – Մոռանանք, ընկե՛ր Ներսիսյան,-
խնդրեցի ես: – Մոռանալու բան չէ,- ասաց Ներսիսյանը: – Հակոբն իգդիրցի
շատ կարգին մարդ ա,- ասաց Ֆրունզիկը:- Խորիկենք է՛լ են իգդիրցի, դրա համար էր իրա
ավտոյի համարները միշտ Հակոբին ա գրել տալի: Կարծեմ՝ Խորիկենց բարեկամ եք, չէ՞, Արմեն:
– Բարեկամ չենք, բայց Խորիկի մայրն ու տատս Իգդիրից իրար ճանաչում են,- ասացի
ես: – Տատդ էն չաղ կնիկն ա, չէ՞,- հարցրեց Ֆրունզիկը: – Հա,- ժպտացի
ես.- տատիս լավ եք ճանաչում: – Աշխարհով մեկ ինձ խայտառակ արեց,- ծիծաղեց
Ֆրունզիկը: – Ո՞վ խայտառակ արեց, ա՛յ Ֆրունզ,- հարցրեց Շերենցը: –
Արմենի տատը,- ասաց Ֆրունզիկը: – Ո՞նց խայտառակ արեց,- հարցրեց Շերենցը: –
Շատ գեշ,- ասաց Ֆրունզիկը:- Մինչեւ հիմի Խորիկն ամեն տեղ պատմում ա էդ պատմությունը:
– Այդ ի՞նչ պատմություն է,- հարցրեց Ներսիսյանը: – Հին պատմություն
է,- ասացի ես: – Հին պատմություն ա, բայց հեչ չի հնանում,- ասաց Ֆրունզիկը.-
Խորիկն ամեն տեղ հիշում ու պատմում ա էդ դեպքը: – Էդ ի՞նչ պատմություն ա,
ա՛յ Ֆրունզ. պատմի՝ մե՛նք էլ իմանանք,- ասաց Շերենցը: – Պատմե՞մ, Արմեն,-
հարցրեց Ֆրունզիկը: – Եթե հարմար եք գտնում՝ պատմե՛ք,- ասացի ես: –
Էն վախտ դու քանի՞ տարեկան կըլնեիր, Արմեն,- հարցրեց Ֆրունզիկը: – Երրորդ
դասարան էի,- ասացի ես: – Մայիսի մեկի պառադի օրն էր,- սկսեց Ֆրունզիկը: –
Բա Արմոյի տա՞տն ինչ կապ ունի,- հարցրեց Շերենցը: – Շատ ես վռազում,- ասաց
Ֆրունզիկը.- զարմանում եմ՝ կնիկդ ո՞նց ա տղա բերել: Մի խանգարի. հերթով պատմում եմ:
– Հերթով պատմի՛,- ասաց Շերենցը: – Ուրեմն՝ մայիսի մեկի պառադի օրն
էր.- ասաց Ֆրունզիկը.- թատրոնի կոլեկտիվով պիտի հրապարակով անցնեինք: Հակոբն էլ էր
հետներս: – Ի՞նչ Հակոբ,- հարցրեց Շերենցը: – Արմենի հերը,- ասաց Ֆրունզիկը:
– Արմենի հե՞րն ինչ կապ ուներ թատրոնի կոլեկտիվի հետ,- հարցրեց Շերենցը: –
Իրանք էլ իրա՛նց կոլեկտիվով պիտի հրապարակով անցնեին,- ասաց Ֆրունզիկը:- Հակոբը համ
էլ ուժեղ ֆոտոգրաֆ ա: «Արմենիայի» մոտ թատրոնի կոլեկտիվով շարվեցինք ու Հակոբին խնդրեցինք,
որ մեզ նկարի: – Հետո՞,- հարցրեց Շերենցը: – Էն պահին, երբ Հակոբը
չխկացրեց պրծավ, հանկարծ մի հատ տարիքով կնիկ վրա պրծավ ինձ ու սկսեց դմբուզներով
դոշիս խփել,- ասաց Ֆրունզիկը: – Ի՞նչ կնիկ էր,- հարցրեց Շերենցը: –
Հետո իմացանք, որ Արմենի տատն ա,- ասաց Ֆրունզիկը:- Արմենն է՛լ էր հետը: –
«01-99»-ը հեռուստացույցով մի քանի օր առաջ էին ցույց տվել,- ասացի ես: –
«01-99»-ը ի՞նչ կապ ունի,- հարցրեց Շերենցը: – Էդ խեղճ կնիկն էդ կինոյից շատ
էր ազդվել,- ասաց Ֆրունզիկը,- ու որ ինձ տեսավ, հարձակվեց վրես ու գոռաց. «Ա՛յ խուժան,
էն խեղճ մարդկանց խի՞ էիր խառնել իրար. բա մեղք չէի՞ն»: – Հետո՞,- հարցրեց
Շերենցը: – Դմբուզներով ինչքան ուժ ուներ՝ խփում էր,- ասաց Ֆրունզիկը: –
Ա՜յ քեզ բա՜ն: Հետո՞,- հարցրեց Շերենցը: – Էլ ի՞նչ հետո. Հակոբը մի կերպ մոր
ձեռից ինձ խլեց,- ասաց Ֆրունզիկը:- Գլխներիս ահագին ժողովուրդ էր հավաքվել. մարդիկ
չէին հասկանում՝ ինչ ա կատարվում: Հիշո՞ւմ ես, Արմեն: – Լավ եմ հիշում,- ասացի
ես:- Էդ օրերին մենք նոր էինք հեռուստացույց առել, ու «01-99»-ը տատիս տեսած առաջին
ֆիլմն էր. դրա համար էր վրան էդքան ուժեղ ազդել: – Հակոբը մի կերպ մոր ձեռից
ինձ խլեց ու մորն ասեց. «Ա՛յ կնիկ, գնա՛նք. աշխարհով մեկ խայտառակ արիր»: –
Հետո տատիս բացատրեցինք, որ էդ ամեն ինչը կինո էր, ու ինքը ամեն անգամ ուզում էր
ձեզ հանդիպի, որ ներողություն խնդրի,- ասացի ես: – Ի՞նչ ներողություն,- ասաց
Ֆրունզիկը.- հազիվ ձեռից պրծա: Հիմի ինքը կա՞: – Հա,- ասացի ես: –
Աստված իրան երկար կյանք տա,- ասաց Ֆրունզիկը:- Շա՜տ զոռբա կնիկ էր: Հետո Խորիկն
ասեց, որ իգդիրցի ա: – Հետաքրքիր պատմություն է,- ասաց Ներսիսյանը.- դերասանի
համար դա իսկական հաղթանակ է: – Ի՞նչ հաղթանակ, ա՛յ Լեւոն,- ասաց Ֆրունզիկը.-
հազիվ կաշիս փրկեցի: Հակոբը որ չըլներ՝ արդեն աչքերս հանում էր: – Ամեն անգամ
էդ պատմությունը հիշում ու ծիծաղում ենք,- ասացի ես: – Կծիծաղեք, խի՞ չեք
ծիծաղի,- ծիծաղեց Ֆրունզիկը: – Տատիկդ էլ է՞ իգդիրցի, Արմե՛ն,- հարցրեց Ներսիսյանը:
– Այո,- ասացի ես: – Իգդիրն Արազի էն ափին ա, չէ՞,- հարցրեց Շերենցը:
– Այո՛,- ասաց Ներսիսյանը:- Դրոյի հայրենիքն է: – Էս Կիրովի այգում
գունավոր թղթերից ծաղիկ սարքող մի հատ Օնիկ կա. ինքն է՛լ ա իգդիրցի,- ասաց Շերենցը:-
Շատ ուժեղ ձեռ ունի. գունավոր թղթերից էն բացովի-փակովի ծաղիկներից ա սարքում, տոն
օրերին ծախում ա: – Օնիկը տատիս քրոջ տղեն ա,- ասացի ես: – Էդ նույն
տատի՞դ,- հարցրեց Շերենցը: – Էդ նույն տատիս,- ասացի ես: – Հաստա՞տ,-
զարմացավ Շերենցը: – Հա,- ասացի ես:- Օնիկն առաջ հորս մոտ աշկերտ էր, հետո
որ իրա էդ արհեստը սովորեց, հիմի արդեն ինքնուրույն գործ ա դրել: – Իրա տան
մեջ ա, չէ՞, էդ գործն անում,- հարցրեց Շերենցը: – Հա,- ասացի ես:- Տանը հատուկ
ստանոկ ունի: Սկզբում էդ բարակ գունավոր թղթերն իրար վրա շարում ու սոսնձում ա, հետո
էդ ստանոկով ձեւավոր կտրտում ա ու վերջում փայտե պոչերն ա կպցնում: – Էդքան
չարչարանքից հետո խեղճ տղեն ընդամենը տասնհինգ կոպեկով ա ծախում իրա էդ ծաղիկները,-
ասաց Շերենցը: – Հա,- ասացի ես.- իրա էդ չարչարանքի համեմատ տասնհինգ կոպեկը
հեչ բան ա: – Միլիցեքն էլ խեղճին օր ու արեւ չեն տալի. ասում են՝ լեւի գործ
ես անում, ու իրա աշխատած էդ կոպեկների մեծ մասը ձեռից խլում են,- ասաց Շերենցը:
– Մի կերպ ա ծերը ծերին հասցնում,- ասացի ես: – Չեմ հասկանում,- վրդովվեց
Ներսիսյանը.- իգդիրցիները մի ժամանակ ռազմատենչ ժողովուրդ էին, իսկ հիմա, պարզվում
է, ավտոմեքենաների համարներ ու լոզունգներ են գրում, թղթե ինչ-որ ծաղիկներ են պատրաստում
ու դեկլարատիվ ոտանավորներ են ձոնում հայրենական պատերազմում զոհված զինվորներին:
– Արմենի էս նոր բանաստեղծությունները հաստատ չես կարդացել, Լեւո՛ն ջան,-
ասաց Ֆրունզիկը: – Ի՞նչ նոր բանաստեղծություններ,- հարցրեց Ներսիսյանը: –
Էս որ «Գարունում» տպել ա,- ասաց Ֆրունզիկը: – Չեմ կարդացել,- ասաց Ներսիսյանը.-
ոչ էլ պատրաստվում եմ կարդալ: – Շատ նորմալ բանաստեղծություններ են,- ասաց
Ֆրունզիկը.- էնտեղ զոհված զինվորների մասին ոչ մի բան չկա: – Իսկ ի՞նչ կա,-
հարցրեց Ներսիսյանը: – Էրկու հատը սիրային էին, մեկը ոնց որ փիլիսոփայական
էր,- ասաց Ֆրունզիկը:- Շատ օրիգինալ գործեր էին: – Դուք կարդացե՞լ եք,- զարմացա
ես: – Հա՛,- ասաց Ֆրունզիկը:- Հակոբի արհեստանոցում եմ կարդացել. ի՛նքը տվեց,
որ կարդանք: Էդ բանաստեղծությունները ե՛ս էլ հավանեցի, Խորի՛կն էլ: Հակոբը քեզ չի
ասե՞լ: – Չէ,- ասացի ես:- Ինքը արհեստանոցում «Գարունի» էդ համարն ունի՞:
– Մի քանի հատ,- ասաց Ֆրունզիկը:- Սաղին ցույց ա տալի: – Չեմ իմացել,-
կարկամեցի ես: – Բա ինքը չի ասե՞լ, որ ես ու Խորիկն էդ գրածներդ շատ ենք հավանել:
– Նույնիսկ չի ասել, որ դուք «Գարունի» էդ համարը տեսել եք,- ասացի ես: –
Ի՛նքն ա ցույց տվել,- ասաց Ֆրունզիկը:- Հակոբն էդ ժուռնալի հաշվով շատ ա ուրախացել:
– Չեմ զգացել-, ասացի ես: – Ինքը քեզանով շատ ա հպարտանում,- ասաց
Ֆրունզիկը: – Մնում է, որ Արմենն իրեն արդարացնի,- ասաց Ներսիսյանը: –
Ի՞նչ իմաստով ինձ պիտի արդարացնեմ,- հարցրի ես: – Առաջին հերթին՝ հենց բանաստեղծության
իմաստով,- ասաց Ներսիսյանը.- եթե բանաստեղծություններ ես գրում, էդ գործին պետք է
շատ լուրջ վերաբերվես: – Եթե լուրջ վերաբերվեմ՝ ընդհանրապես չպիտի բանաստեղծություն
գրեմ,- ասացի ես: – Եթե լուրջ չվերաբերվես՝ գրամոլների բանակը պիտի համալրես,-
ասաց Ներսիսյանը: – Ձեր ասած էդ գրամոլնե՛րն են ամենից լուրջ վերաբերվում
իրենց գրածներին,- ասացի ես: – Գրականությանն ու պոեզիային պիտի լուրջ վերաբերվես,-
ասաց Ներսիսյանը:- Գրամոլները միայն իրենց գրածներին են լուրջ վերաբերվում: –
Ճիշտ է,- ասացի ես: – Մեր ընդհանուր ընկերն էլ էր իր գրածին շատ լուրջ վերաբերվում,
բայց երբ տպագրվեց, տեսանք, որ այդ պատմվածք կոչվածը մի խղճուկ բան է,- ասաց Ներսիսյանը:
– Մեր ընդհանուր ընկերն ո՞վ է,- հարցրի ես: – Ամարյա՛նը,- ասաց Ներսիսյանը:
– «Դեղձի կորի՞զը» նկատի ունեք,- հարցրի ես: – Այո,- ասաց Ներսիսյանը:-
Ինքը չափազանց գրագետ եւ նույնիսկ տաղանդավոր անձնավորություն է, սակայն, պարզվում
է, իր իսկ տեքստի հանդեպ խստապահանջ չէ: – Բայց էդ պատմվածքը հավանողներ էլ
եղան,- ասացի ես: – Հավանողներ միշտ էլ կգտնվեն,- ասաց Ներսիսյանը:- Այդ հավանողների
մի մասը շողոքորթներն են, մյուս մասն էլ ընդհանրապես ճաշակ չունի: Կարեւորն այն է,
որ մշտապես սթափությունդ պահես եւ կուլ չգնաս շողոքորթների ու անճաշակների այդ խառնամբոխին:
– Հիմի որ ես Արմենի էդ «Գարունում» տպած բանաստեղծությունները հավանել եմ,
շողոքո՞րթ եմ, թե՝ անճաշակ,- հարցրեց Ֆրունզիկը: – Մհե՛ր ջան, ես քո ե՛ւ անկեղծությանն
եմ հավատում, ե՛ւ ճաշակին,- ասաց Ներսիսյանը:- Քո գնահատականից հետո Արմենի այդ բանաստեղծություններն
ի՛նձ էլ սկսեցին հետաքրքրել: – Ինձ թվում ա՝ դո՛ւ էլ դրանք կհավանես, Լեւո՛ն
ջան,- ասաց Ֆրունզիկը: – Մի բան Արմենից կարդացել եմ, բայց, անկեղծ ասած,
ավելի ճիշտ՝ մեղմ ասած, չեմ հավանել,- ասաց Ներսիսյանը: – Դու քթի մազ ես.
ո՞նց կհավանեիր,- ասաց Շերենցը: – Ինչ ե՞մ,- զարմացավ Ներսիսյանը: –
Ասում եմ՝ դու շատ չմահավան ես, Լեւո՛ն ջան,- ասաց Շերենցը.- պարզ ա, որ չպիտի՛ հավանեիր:
– Եթե քթի մազ եմ, քո դերակատարումներն ինչո՞ւ եմ հավանում,- հարցրեց Ներսիսյանը:
– Գովում ես, որ ինձ լավ զգամ, Լեւո՛ն ջան,- ասաց Շերենցը:- Տարիքս առած մարդ
եմ. ինձ խի՞ պիտի քննադատես: – Եթե հավանած չլինեի՝ չէի գովի,- ասաց Ներսիսյանը.-
միգուցե չքննադատեի, բայց չէի էլ գովի: -Դու որ ինձ գովաբանում ես, ես իմ
աչքում շատ կարեւոր մարդ եմ դառնում, Լեւո՛ն ջան,- ասաց Շերենցը.- քու գովեստն ախր
սովորական մարդու գովեստ չի: – Դա նրանից է, որ ես հազվադեպ եմ գովեստներ
շռայլում,- ասաց Ներսիսյանն ու ավելացրեց.- ի տարբերություն ոմանց: – Ի՞նձ
նկատի ունես,- խեղճացավ Ֆրունզիկը: – Չէ,- ասաց Ներսիսյանը.- ես ու Արմենը
մի ուրիշ ընդհանուր ընկեր էլ ունենք. նրա՛ն նկատի ունեմ: – Արամյանի՞ն նկատի
ունեք,- հարցրի ես: – Ճիշտ կռահեցիր,- ասաց Ներսիսյանը:- Ասենք՝ դժվար չէր
կռահել. չէ՞ որ Արամյանը հանրապետության թիվ մեկ գովաբանն է: – Ռաֆո՞ն, թե՞
մեծ ախպերը,- հարցրեց Ֆրունզիկը: – Ռաֆայե՛լը,- ասաց Ներսիսյանը.- Վալտերն
անհամեմատ լուրջ է. ինչքան չլինի՝ կյանքի մի զգալի մասը սիբիրյան ճամբարներում է
անցկացրել: – Ի՞նչ ճամբարներ. պիոներակա՞ն,- հարցրեց Շերենցը: – Ո՛չ,-
ժպտաց Ներսիսյանը,- պիոներական ճամբարների գծով կրտսե՛ր եղբայրն է մասնագիտացել:
– Բայց, ասում են, որպես գրող Ռաֆոն ախպորից ուժեղ ա,- ասաց Ֆրունզիկը: –
Շատ հնարավոր է,- ասաց Ներսիսյանը:- Եթե Վալտերն իր ճամբարային կյանքից գրի, միգուցե
շատ մեծ բան ստացվի: – Ճամբարի կյանքից ախր ի՞նչ պիտի գրի, որ հետաքրքիր ըլնի,-
հարցրեց Շերենցը: – Պիոներական ճամբար չի,- ծիծաղեց Ֆրունզիկը.- աքսորին է՛լ
են ճամբար ասում: – Հասկացա,- ասաց Շերենցը:- Ռաֆոյի ախպերն աքսորում ա՞ էղել:
– Ավելի քան տասնհինգ տարի,- ասաց Ներսիսյանը: – Լավ էլ դիմացել ա,-
ասաց Շերենցը: – Հազար ու մի հիվանդություններ է հետը բերել,- ասաց Ներսիսյանը:
– Հեչ չես ասի. արտաքինից շատ էլ պինդ ա էրեւում,- ասաց Շերենցը: –
Արտաքինը խաբուսիկ է,- ասաց Ներսիսյանը:- Տասնհինգ տարի դժոխքում է, փաստորեն, ապրել:
– Իրանց էդ ճամբարի կյանքից հեչ չի պատմո՞ւմ,- հարցրեց Շերենցը: –
Ինքն էդ թեմայով սովորաբար չի խոսում, բայց անձամբ ինձ որոշ բաներ պատմել է,- ասաց
Ներսիսյանը:- Շատ ճիշտ կանի, եթե իր կյանքի այդ դժոխային հատվածի մասին գիրք գրի:
– Որ գրի՝ կտպե՞ն,- հարցրի ես: – Ես կխելագարվեմ,- Ֆրունզիկին նայեց
Ներսիսյանը:- Եվ դու պնդում ես, որ այս երիտասարդը «Գարունում» նորմալ բանե՞ր է տպագրել:
– Նորմալից մի բան էլ լավ,- ասաց Ֆրունզիկը: – Լեւո՛ն ջան, ախր խի՞
չես հավատում, որ մեր Արմոն կարա նորմալ բան գրի,- ասաց Շերենցը:- Որ ուրիշների պես
բեղմորուք չի պահում, ուրեմն չի կարա՞ նորմալ բան գրի: – Բեղմորո՞ւքն ինչ
կապ ունի,- զարմացավ Ներսիսյանը:- Դու որ բեղմորուք ես պահում՝ պակա՞ս դերասան ես:
– Ես բեղմորուք չեմ պահում,- ասաց Շերենցը.- ուղղակի չեմ թրաշվում: Ամոթ ա
ասելը, բայց էս տարիքիս մարդավարի թրաշվել չսովորեցի. հարուր տեղից էրեսս կտրտում
եմ: – Չեմ հասկանում, թե ինչո՞ւ եք որոշել ինձանից պաշտպանել այս երիտասարդին,-
ձայնը բարձրացրեց Ներսիսյանը:- Ձեր արածը, փաստորեն, արջի ծառայություն է. ձեր այդ
ծառայությամբ ավելի՛ եք փչացնում իրեն: – Մեղայասծո,- ասաց Շերենցը.- թողենք,
որ խեղճ էրեխին հում-հում ուտե՞ս: – Նախ՝ Արմենն ամենեւին էլ երեխա չէ, եւ
երկրորդ՝ իմ սիրտն իր համար ավելի է ցավում, քան՝ ձերը,- ասաց Ներսիսյանը: Այդ
պահին Ֆրունզիկը ձեռքով կանչեց Շողիկ մայրիկին, ասաց, որ չորս հատ սուրճ բերի, հետո
մի հինգանոց տվեց ու ականջին ինչ-որ բան փսփսաց՝ ըստ երեւույթին եւս մի շիշ օղի պատվիրեց:
Շողիկը վերցրեց հինգանոցը, դրեց գոգնոցի գրպանը, հայացքով ոտից գլուխ չափեց Լեւոն
Ներսիսյանին ու գնաց: Ժամանակ առ ժամանակ նկարիչներն ու արվեստագետները մոտենում
էին մեր սեղանին, բարեւում էին հատկապես Ֆրունզիկին ու Ներսիսյանին, ոտները կախ էին
գցում, բայց Ֆրունզիկն ու Ներսիսյանը նրանց մեր սեղան չէին հրավիրում. երեւի գտնում
էին, որ մենք մեզ հերիք ենք: – Լեւոն ջան, քո ասածից ստացվում ա, որ ես ու
Ֆրունզն Արմոյի թշնամին ենք,- ասաց Շերենցը: – Այդպես է ստացվում,- ասաց Ներսիսյանը:-
Ես իրեն ուզում եմ մի քանի օգտակար խորհուրդ տալ, բայց դուք խանգարում եք. ինձ վատամարդ
եք դուրս բերում եւ դուք էլ լավամարդ եք դառնում: – Խորհուրդ տուր, Լեւո՛ն
ջան, չե՛նք խանգարում,- ասաց Շերենցը:- Ինչքան կարաս՝ իրան խորհուրդ տուր. ինքը մեծին
լսող ա: – Ամեն ինչ զավեշտի եք վերածում,- նեղսրտեց Ներսիսյանը: –
Ա՛յ Լեւոն, Ֆրունզն էդ «Գարունի» ոտանավորները որ հավանել ա՝ ասի չեմ հավանե՞լ,-
ասաց Շերենցը: – Իսկ դու հավանե՞լ ես,- հարցրեց Ներսիսյանը: – Ես չեմ
էլ կարդացել,- ասաց Շերենցը: – Իր գրածներից որեւէ բան կարդացե՞լ ես,- հարցրեց
Ներսիսյանը: – Արմոն էն տղեն չի, որ իրա գրածներն ամեն արժող-չարժողի ցույց
տա,- ասաց Շերենցն ու ավելացրեց.- դրա համար եմ իրան հարգում: – Դու արժող-չարժո՞ղ
ես,- հարցրեց Ներսիսյանը: – Բա հո գրականագե՞տ չեմ,- ասաց Շերենցը:- Մեր Արմոն
էն բանաստեղծներից չի, որ իրանց գրածները վզիդ են փաթաթում ու ստիպում են կարդաս:
Մի քանիսն էլ կան, որ անձամբ իրա՛նք են իրանց էդ գրածները գլխիդ բարձր-բարձր արտասանում.
էնքան են արտասանում, մինչեւ քնացնում են: – Դա արդեն գովելի է,- ասաց Ներսիսյանը.-
եթե իր գրածները մարդկանց չի պարտադրում, շատ լավ է: – Ի՞նչ պարտադրել, ա՛յ
Լեւոն. քանի անգամ խնդրել եմ, որ իրա էդ գրածներից մի բան ինձ ցույց տա, բայց ինքը
ամեն անգամ ցրում ա,- ասաց Շերենցը:- Ուրիշը որ իմ տեղն ըլներ, երեւի նեղանար էլ:
– Ուրիշը ո՞նց քո տեղը կըլներ, ա՛յ Շերենց,- ասաց Ֆրունզիկը.- դու անկրկնելի
ես: Արմենից նեղանում ես, որ իրա գրածները քեզ ցույց չի տալի, մյուսներից էլ նեղանում
ես, որ իրանց գրածները վզիդ են փաթաթում: – Իրա գործն ա,- ասաց Շերենցը.-
հեչ էլ չեմ նեղանում: – Դա արդեն արժանիք է,- ասաց Ներսիսյանը: – Որ
չեմ նեղանո՞ւմ,- հարցրեց Շերենցը: – Որ Արմենն իր գրածներն ամեն մեկին ցույց
չի տալիս,- ասաց Ներսիսյանը: – Այսինքն, ես ամեն մեկ ե՞մ,- նեղացավ Շերենցը:
– Ընդհանուր առմամբ եմ ասում,- ասաց Ներսիսյանը:- Զզվում եմ մերօրյա գրամոլներից:
Իրենցից պարզապես անհնար է փախչել. ուր էլ փախչես, միեւնույն է՝ քեզ գետնի տակից
էլ կգտնեն ու իրենց էդ հում ձեռագրերը դեմ կանեն: – Պատկերացնում եմ,- ասաց
Շերենցը:- Իմ գլխին իրանց էդ գրածները որ մի գլուխ կարդում են, պատկերացնում եմ՝
քո զահլեն ոնց կտանեն: Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել