Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎՏԱՐՈՒՄ ԵՆ ՏԵՔՍՏԻԼԱԳՈՐԾՆԵՐԻՆ

Հունվար 28,2006 00:00

Գյումրիում խիստ մոդայիկ դարձած անօթեւանների վտարման գործողությունը սկսել են իրականացնել «Տեքստիլ»» ԲԲԸ թիվ 1 հանրակացարանում:

Որքան էլ զարմանալի թվա՝ այս անգամ բնակիչներին «փողոց հրավիրելու» հեղինակային իրավունքը մարզպետարանին չի պատկանում: Մեր թերթին ուղղված բողոք-նամակում Գ. Նժդեհի թիվ 26 հասցեի հանրակացարանի 54 բնակիչներ դժգոհում են, որ մի քանի սենյակներ ապօրինաբար վաճառվել են քաղաքի որոշ մեծահարուստների: Ի դեպ, հանրակացարանը նորակառույց դատարանի հարեւանությամբ է, քաղաքի ամենակենտրոնական, հետեւաբար եւ՝ սպասարկման օբյեկտներ բացելու առումով անչափ գայթակղիչ հատվածում:

Բնակիչների ներկայացնելով, մոտ 30 հոգի հանրակացարանում ունեն հիմնական գրանցում, միայնակ ծերեր են եւ իրենց ամբողջ կյանքը «անցկացրել» են «Տեքստիլ» կոմբինատում: Իսկ մնացածները այստեղ ժամանակավորապես օթեւանել են երկրաշարժից հետո. «Տեքստիլի» տնօրինությունը՝ չկարողանալով իր աշխատակիցներին տնակներ հատկացնել, փոխարենը առաջարկել է հանրակացարանային սենյակներ: Սակայն օրերից մի օր պարզվել է, որ «միլիարդների հասնող մեքենասարքավորումներ ու շենք-շինություններ ունեցող գիգանտը»՝ «Տեքստիլ» կոմբինատը, սնանկ է ճանաչված եւ մնացած գույքի հետ միասին Շիրակի մարզի ԴԱՀԿ ծառայության կողմից հարկադիր աճուրդ-վաճառքի են հանված հանրակացարանի առաջին եւ երկրորդ հարկերը: «Հունան Ավետիսյանը ինքնագլուխ, առանց մեր կամքը հարցնելու, առանց փայատերերի ժողով անելու անթույլատրելի առուվաճառք է կատարել, մի բան էլ՝ ընտրությունների ժամանակ կամենդատորին ուղարկել էր, թե՝ թող իմ օգտին քվեարկեն»,- ասում է բնակիչներից մեկը՝ Համլետ Մինասյանը: Հիշեցնենք, որ Հունան Ավետիսյանը Գյումրիի քաղաքապետի թեկնածուներից մեկն էր: Արդյունքը եղել է այն, որ նոր սեփականատերերը «Գյումրիի տեքստիլ» ԲԲԸ հետ համատեղ դատի են տվել առաջին հարկի «գրանցում չունեցող» երկու ընտանիքների:

Շահելով դատը, 2005թ. սեպտեմբերի 23-ից սկսած՝ վերջիններս ամեն վայրկյան պահանջել են ազատել առաջին հարկից գնված 4 սենյակները: Այդ դեպքում որտե՞ղ էին բնակվելու անօթեւանները. ոչ սեփականատերն է շանս տալիս ապրելու, ոչ էլ պետությունն է իր պարտականությունը կատարում. ակնահայտ է, որ կորցրածի փոխարեն ոչ մեկին ոչ մի նոր բնակարան չի հատկացվում: Բնակիչների պատմելով՝ Հունան Ավետիսյանը մտադրված էր ծերերին ծերանոց տանել, իրենց էլ «լռեցնելու» նպատակով առաջարկել է տեղափոխվել հանրակացարանի 3-րդ հարկ: «Ոչ կռիշ կա, ոչ էլ՝ թամամ պատ, էդ նույնն է՝ օր դուրսը մե կառավատըմ դնես ու քնիս»,- բնութագրում են վտարման ենթակաները: Այսինքն՝ բնակիչներին առաջարկվել է մի տեղ, որը, ըստ սեյսմիկ ծառայության 2005թ. հունիսի 21-ի տեղեկանքի՝ այսպիսի տեսք ունի. «Անմխիթար վիճակում են կտուրը եւ երրորդ հարկի փայտյա ծածկը: Կոտրված եւ որոշ տեղամասերում՝ ընդհանրապես բացակայում են կտուրի ազբոցեմենտյա թերթերը: Մթնոլորտային ջրերը լցվում են ծածկի մեջ՝ առաջացնելով քայքայման օջախներ: Որոշ տեղամասերում հանված է փայտյա ծածկի վերին շերտը: Շենքի երկրորդ եւ երրորդ հարկերում ընդհանրապես չկան կոմունալ հարմարություններ»: Բնակիչները բնականաբար մերժել էին առաջարկը: Ի դեպ, առաջին ատյանի դատարանը եւս 3-րդ հարկ վտարելու վճիռ էր կայացրել, որը բողոքարկվել էր: Վտարվածների ասելով՝ դատական պրոցեսի ընթացքում իրենց փաստաբանի կողմից «հայտնաբերվել էր մի առեղծված»: Պարզվել էր, որ հանրակացարանը կառավարության 2001թ. հունվարի 10-ի թիվ 15 որոշմամբ անցել է մարզպետարանին: Կառավարության այս որոշումից հետո արդյունաբերության եւ առեւտրի նախարարության նախկին փոխնախարար Ա. Շահնազարյանը Շիրակի ԴԱՀԿ բաժնի պետ պարոն Ծատուրյանին գրություն է ուղարկել՝ հայտնելով, որ «Գյումրի- տեքստիլ» ՓԲԸ-ն (այժմ ԲԲԸ է ) առանձին իրավաբանական անձ է, ունի առանձնացված գույք եւ որպես բաժնետիրական ընկերություն՝ նրան է պատկանում գույքի տնօրինման իրավասությունը»: Գույքի ցանկի մեջ հիշատակվում է նաեւ վերոհիշյալ հանրակացարանը: Ակնհայտ է, որ կառավարության որոշումը ժամանակին արհամարհվել է մարզպետարանի կողմից, որի արդյունքում էլ սկսվել է նման «շիլաշփոթ»: Մեծ աղմուկից հետո միայն մարզպետը գրություն է ուղարկել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանին՝ դժգոհելով, որ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը «տեղյակ լինելով ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշման մասին, Շիրակի մարզպետարանին դատական նիստին չի ներգրավել եւ մարզպետարանին առնչվող վճիռ չի կայացրել»:

Այժմ վերաքննիչ դատարանում գործի վարույթը կասեցված է: Իսկ խեղճուկրակ բնակիչների համար կրկին լարված օրեր են սպասվում 1-ին ատյանի դատարանում, ուր աճուրդ-վաճառքը չեղյալ հայտարարելու հայցով այս անգամ բնակիչների հետ միասին դիմել է մարզպետարանը:

Մեր աղբյուրների հաղորդմամբ՝ հանրակացարանի սենյակները վաճառվել են «ջրի գնով». 1 քմ-ն՝ 3000 դրամով:

Ա. Ն.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել