Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԻ՞ԹԵ,

Հունվար 27,2006 00:00

ՄԻ՞ԹԵ, ԻՐՈՔ, ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՌՆՈՒՄ ՊԱՏՐԻԿ ԲՅՈՒՔԵՆԵՆԻ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆԸ Եվ վրա է հասնում «Արեւմուտքի մահը»… Արտաշես Գեղամյանի ելույթները Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստերում մշտապես լուրջ մտահոգություն են պատճառում թուրքական եւ ադրբեջանական պատվիրակություններին: Ելույթները խորհելու տեղիք են տալիս նաեւ արեւմտաեվրոպական պատգամավորական ամենալայն շերտերին: Բարձրացված եւ քննարկվող հարցերի փաստարկված հիմնավորումները, կուռ տրամաբանվածությունը, պատմափիլիսոփայական եւ մշակութային հարուստ ու համոզիչ զուգահեռների մեջբերումները լույս են սփռում մեր ժողովրդի համար բախտորոշ եւ կենսահույզ հարցերի քննարկումների ժամանակ: Բացառություն չէր նաեւ 2006թ. հունվարի 26-ին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ունեցած ելույթը, որը ներկայացնում ենք ընթերցողի դատին: Արտաշես Գեղամյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստում (Նիդեռլանդներում կացարան չստացածների վերադարձի քաղաքականությունը /Doc.10741) Հումանիզմ, անձնական պատասխանատվության բարձր զգացում եւ եվրոպական մեր ընդհանուր տանը տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ խոր ապրումներ՝ այսպիսին է հարգելի տիկին Ռոզմարի Զապֆլ-Հելբինգի ելույթից ստացած առաջին տպավորությունն ու ընկալումը: Ելույթը մեզանից յուրաքանչյուրի մեջ ցանկություն է առաջացնում օբյեկտիվորեն ըմբռնել աֆրոարաբների, պակիստանցիների, թուրքերի զանգվածային ներգաղթի պատճառներն Արեւմտյան Եվրոպայի երկրներ, հատկապես Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Արդիական է դառնում համաեվրոպական այնպիսի քաղաքականության մշակումը, որը նպատակ կունենա կանխել հարյուր հազարավոր ներգաղթյալների՝ իրենց սոցիալ-տնտեսական ծանր վիճակից առաջացած դժգոհության վերաճումը միջքաղաքակրթական վտանգավոր բախման: 2005թ. նոյեմբեր, Ֆրանսիա: Հազարավոր այրված ավտոմեքենաներ, հարյուրավոր ավերված ու թալանված խանութներ, երկրի տարբեր քաղաքներում մոլեգնող հրդեհներ: Այդ ինչպե՞ս պատահեց, որ «մարդու իրավունքների» գաղափարի հայրենիքը, որն ավելի քան 200 տարի առաջ հռչակել է, որ ցանկացած մարդ, ով ոտք է դրել իր հողի վրա, դառնում է ազատ քաղաքացի, ի պատասխան ստացավ վանդալիզմի դրսեւորումներ: Ֆրանսիայում տեղի ունեցած դեպքերը սուր ցավով արձագանքեցին ողջ հայության սրտերում: Մեր ժողովրդի հիշողության մեջ երբեք չի խամրի քրիստոնեական Ֆրանսիայի, ինչպես եւ մահմեդական արաբական Արեւելքի նկատմամբ տածած երախտագիտության խոր զգացումը, որոնք իրենց մոտ հանգրվանեցին Օսմանական կայսրությունում 1915թ. իրականացված ցեղասպանությունից հրաշքով մազապուրծ հարյուր-հազարավոր հայ փախստականների: Որո՞նք են վերոհիշյալ բախման ակունքները, դրանք ունե՞ն, արդյոք, քաղաքակրթական արմատներ: Եթե մենք սպառիչ պատասխաններ չտանք այս հարցերին, ապա վաղ թե ուշ Եվրոպան կկանգնի ընտրության առջեւ. ենթարկվել «նոր բարբարոսների» աշխարհին կամ տրվել աջ ու ձախ ուղղվածության ծայրահեղ արմատականների, իսկ, ըստ էության, ֆաշիստների հովանավորությանը, դրանով իսկ ի հայտ բերելով սեփական բարբարոսության ուրվականը: Կարծում եմ, Ֆրանսիայում վերջերս տեղի ունեցած տագնապալի իրադարձություններն ունեն քաղաքակրթական խոր արմատներ: Դրանք պայմանավորված են արեւմտյան քաղաքակրթության եւ մահմեդական աշխարհի միջեւ եղած սկզբունքային տարբերություններով, սոցիալական հիմնարար արժեքների միջեւ եղած հակասություններով: Արեւմուտքի համար դա անհատի անվիճարկելի Ազատությունն է: Իսլամի կարեւորագույն արժեքն Արդարությունն է: «Մարդու ազատությունը» որպես հիմնարար արժեք ենթադրում է յուրաքանչյուր մարդու պատասխանատվությունը միայն ինքն իր համար եւ միայն ինքն իր առջեւ: Իսլամական արդարության սկզբունքը պահանջում է ամբողջ հանրության, առանձին խմբերի եւ անհատների համընդհանուր պատասխանատվություն իրար նկատմամբ, անցյալի եւ ապագայի եւ, առաջին հերթին, Ալլահի, Արարչի առջեւ: Ազատությունն անխուսափելիորեն, վաղ թե ուշ սպանում է Արդարությունը: Այս օբյեկտիվ ողբերգականությունն իր հայտնի ասացվածքում ձեւակերպել է Ֆրիդրիխ Նիցշեն. «Անհրաժեշտ է լինել ուժեղ, որպեսզի ապրել մոռանալով, թե որքանով դա միեւնույն բանն է. ապրել եւ լինել ոչ արդար»: Արեւմտյան քաղաքակրթության եւ մահմեդական աշխարհի միջեւ բախումը՝ դա Ազատության եւ իսլամի մեկնաբանությամբ Արդարության միջեւ ծայրահեղ սուր ընդհարման դրամա է: Այս նշված իրողությունների գիտակցումն առանձնահատուկ պատասխանատվություն է դնում Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներից յուրաքանչյուրի վրա: Այս առումով լուրջ տագնապ են առաջացնում Ադրբեջանի կառավարության անմիջական մասնակցությամբ իրականացվող վանդալիզմի գործողությունները: Այսպես, 2005թ. դեկտեմբերին շուրջ 100 ադրբեջանական զինվորներ ներխուժելով Նախիջեւանի Ինքնավարության տարածքում գտնվող Հին Ջուղայի հայկական գերեզմանատուն, ծանր տեխնիկայով եւ մուրճերով ջարդուփշուր արեցին 9-17-րդ դդ. հոյակապ խաչքարերը, որոնք հանդիսանում են ոչ միայն հայկական, այլեւ համաշխարհային մշակութային ժառանգության մասը: Հեղինակավոր եւ համընդհանուր ճանաչում գտած գիտապատմական աղբյուրների վկայությամբ՝ 18-րդ դարի կեսերին Ջուղայի գերեզմանատանը կար շուրջ 10 հազար խաչքար, մինչեւ ղարաբաղյան իրադարձությունները խորհրդային Ադրբեջանից որպես «ժառանգություն» մնացին քրիստոնեական ճարտարապետության ընդամենը 2700 փոքր հուշարձաններ: Նախիջեւանի Ինքնավարությունում գտնվող Հին Ջուղայի հայկական պատմական ժառանգության ոչնչացումն ավարտվում է մեր օրերում: Ակամայից վերհիշում ես մի զարմանալի պատմություն: 1820-ական թվականներին լորդ Ջորջ Նոյել Գորդոն Բայրոնն ամենագործուն մասնակցությունն ունեցավ թուրքական տիրապետության դեմ հույն ժողովրդի ազատագրական պայքարին: Նա ուղղակի ցնցված էր, երբ նրան պատմեցին օսմանցիների կողմից նվաճված Պարթենոնի՝ Աթենքի Ակրոպոլիսում գտնվող Աթենաս Պարթենոսի տաճարի հունական պաշարման մասին: Պաշարված թուրքերի մոտ վերջացել էր փամփուշտների համար նախատեսված արճիճը, եւ այդժամ նրանք որոշեցին հալեցնել Պարթենոնի զանգերն ու մ.թ.ա. 5-րդ դարի զարմանահրաշ հուշարձանի մետաղական բոլոր բաղադրիչները՝ փամփուշտներ եւ արկեր ձուլելու նպատակով: Տեղեկանալով օսմանցիների մտադրության մասին, հույներն իրենք արճիճ հասցրին թուրքերին, պայմանով, որ նրանք ձեռք չտան Պարթենոնի զանգերին: Այդ արճիճից ձուլվում էին արկեր եւ փամփուշտներ, որոնցով էլ թուրքերն այնուհետեւ սպանում էին հույներին: Ի՞նչ գին վճարենք Ադրբեջանին մենք՝ հայերս, որպեսզի ազերիները չոչնչացնեն Նախիջեւանի հայկական սրբությունները: Իսկ միգուցե պայման դնել Թուրքական Հանրապետության առջեւ, որը Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ 1921թ. մարտի 16-ին կնքված պայմանագրի համաձայն՝ հանդիսանում է Նախիջեւանի ինքնավարության կարգավիճակի երաշխավորը, որպեսզի նա, կանխելով ադրբեջանցիների կողմից հայկական սրբությունների անարգումը, գործով ապացուցի սեփական նվիրվածությունը համաեվրոպական արժեքներին եւ դրանով իսկ իր պատրաստակամությունը՝ դառնալ Եվրամիության լիիրավ անդամ: Ելույթս ցանկանում եմ ավարտել 90-ական թվականների սկզբին Հանրապետական կուսակցության կողմից ԱՄՆ նախագահի թեկնածու Պատրիկ Բյուքենենի «Արեւմուտքի մահը» քաղաքական բեսթսելերից մեջբերումով: Բյուքենենը նախազգուշացնում էր, արտահայտելով հետեւյալ միտքը. «Գիտության, տեխնոլոգիաների, տնտեսության, արդյունաբերական արտադրության, գյուղատնտեսության, զինամթերքի նախագծման եւ արտադրության, հասարակության ժողովրդավարացման բնագավառներում Ամերիկան, Եվրոպան, Ճապոնիան առաջ են անցել մի քանի սերունդների կտրվածքով: Բայց մահմեդական աշխարհը պահպանել է Արեւմուտքի կողմից կորցրած ինչ-որ բան, այն է. ցանկություն՝ ունենալ երեխաներ եւ շարունակել սեփական քաղաքակրթությունը, մշակույթը, ընտանիքն ու հավատը: Այսօր գրեթե անհնար է գտնել եվրոպական մի պետություն, որի հիմնական բնակչությունը չնվազի եւ այսօր գրեթե անհնար է գտնել մահմեդական մի երկիր, որի բնակչությունը օրեցօր չաճի: Այո, Արեւմուտքն իմացավ շատ բան, ինչն անհայտ է իսլամին: Սակայն իսլամը հիշում է այն, ինչի մասին Արեւմուտքը մոռացել է. «Չկա այլ աշխարհ, քան հավատով արարվածը»: Եկեք խորհենք, ինչի՞ են վերասերվում եվրոպական արժեքներն այսօր, մեր օրերում: Դա սոսկ անափ հանդուրժողականությունն ու ազատությունն է, գործնականում՝ յուրաքանչյուրի իրավունքն ապրել յուրովի: Ինչն էլ առօրեական կյանքում, ըստ էության, վերածվում է ավտոմեքենաների եւ խանութների հրկիզման, անպատիժ, ավելին՝ հնագույն հայկական քրիստոնեական ազգի սրբությունների անարգանքի խրախուսման, այն էլ Ադրբեջանի՝ Եվրոպայի Խորհրդի անդամ երկրի կողմից: Մի՞թե, իրոք, իրականություն է դառնում Պատրիկ Բյուքենենի մարգարեությունը եւ վրա է հասնում «Արեւմուտքի մահը»: ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ Եվրոպական ժողովրդական կուսակցություններ/քրիստոնյա դեմոկրատներ, Ստրասբուրգ, 26 հունվարի 006թ. R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել