Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քննություն՝

Հունվար 27,2006 00:00

Քննություն՝ վիճակահանությամբ Բժշկականի կամայական նորամուծությունը Երեւանի պետական բժշկական համալսարանի գիտխորհուրդը նախորդ տարվա սեպտեմբերին կայացած նիստում որոշում է ընդունել՝ փոխել գիտելիքների ստուգման մինչ այսօր գործող ձեւը: Մինչ այդ, ուսանողը հնարավորություն ուներ միջանկյալ քննություններով որոշակի միավորներ հավաքել, եւ եթե արդյունքը բավարարում էր իրեն, ազատվել սեսիոն քննություններից: Սակայն գիտխորհրդի որոշմամբ՝ ամեն ինչ փոխվել է: Այս օրերին բուհերում քննությունների եռուն շրջան է, եւ բժշկականի ուսանողներից մենք մի քանի բողոք ունենք այն մասին, որ հենց քննության օրը դու կարող ես անակնկալի գալ՝ իմանալով, որ վիճակահանության արդյունքում քո խումբն ամբողջությամբ պետք է քննություն հանձնի՝ անկախ այն բանից, թե խմբի ուսանողներին բավարարո՞ւմ է իրենց գնահատականը, թե՞ ոչ: Բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ Կարեն Ավագյանը մեր խնդրանքով պարզաբանեց, որ այդ մեխանիզմն իրականացվում է դեկանատների, ամբիոնների եւ ուսանողների համաձայնությամբ (բողոքող ուսանողները վերջին փաստը հերքում են): Եվ որ այն նպատակ ունի ուսանողներին մղել հիմնավոր պարապելու բոլոր թեմաները, «իսկ միջանկյալ ստուգարքների անցկացումը հնարավորություն չի տալիս հիմնովին ստուգելու ուսանողի գիտելիքները: Այս դեպքում ուսանողը չգիտի՝ քննություն հանձնելո՞ւ է, թե՞ ոչ, բայց ամեն դեպքում պատրաստվում է»,- ասում է Կ. Ավագյանը: Եթե նույնիսկ հնարավոր չէ ստուգարքներն իրականացնել անհրաժեշտ եւ պարտադիր թեմաների շրջանակում, ապա ինչո՞ւ բոլորն էլ քննություն չեն հանձնում. գուցե մի ամբողջ խումբ բախտի բերմամբ շահո՞ւմ է վիճակահանությունում՝ առանց հիմնովին պարապելու: Այսինքն՝ այս նորամուծությունն էլ գիտելիքների ողջ մակարդակը պարզելու հստակ մեխանիզմ չէ: ԿԳՆ բուհերի գծով փոխնախարար Արա Ավետիսյանն այս առիթով մեզ ասաց, որ մինչ կրեդիտային համակարգին անցնելը (համակարգն այս պահին փորձարկվում է միայն Պոլիտեխնիկում, Ագրարային եւ Լեզվաբանական համալսարաններում), բուհերն ազատ են գիտելիքների ստուգման ձեւերի ընտրության հարցում: «Իսկ կրեդիտային համակարգի ներդրումն արդեն թույլ կտա հիմք ընդունել միջանկյալ քննությունների արդյունքները եւ կամայականություններ չեն լինի»,- ասաց փոխնախարարը: Հ. Գ. Կրեդիտային համակարգի վերաբերյալ ՄԱԿ-ի փորձագետների առաջարկներին կանդրադառնանք առաջիկա համարներում: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել