Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

28

Հունվար 27,2006 00:00

28 ԴՈԼԱՐ՝ 3 ՕՐՎԱ ՀԱՄԱՐ Այդպիսի օրապահիկով հունվարի 22-ին Մոսկվայի Կրեմլի պալատում ամբողջ աշխարհի աչքի առջեւ հանդես էին գալիս հայ արվեստագետները: Այժմ փնտրում են «սլաքավարին», որ պատժեն ՌԴ-ում Հայաստանի տարվա բացման միջոցառման առիթով: Ըստ մեր տեղեկությունների, հենց Պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Լաերտ Մովսիսյանի գլխին են սեւ ամպեր կուտակվել: Մինչդեռ, բացի նրանից, ուրիշ մարդիկ ու կազմակերպություններ էլ էին պատասխանատու ներկայացված ծրագրի համար: Իսկապես որ պարտությունը որբ է, իսկ հաղթանակը ունենում է շատ հայրեր: Նշենք, որ սցենարի հեղինակն էլ «Շարմ» ընկերությունն էր՝ Ռուբեն Ջաղինյանի ղեկավարությամբ: Համերգն անհաջող կազմակերպելուց բացի (ինչին «Առավոտն» արդեն անդրադարձել է), արժե խոսել նաեւ այն մասին, թե ինչպես էր կազմակերպվել մեր արվեստագետների՝ Երեւան-Մոսկվա-Երեւան ուղեւորությունը: Քաղաքակիրթ երկրներում արվեստագետները մի քաղաքից մյուսը ուղեւորվելու ընթացքում չեն ընկնում այնպիսի քաշքշուկների ու տհաճ իրավիճակների մեջ, ինչի «զոհ» են դարձել հայաստանցի արվեստագետները, որոնցից շատերն իրենց ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում չեն հիշում նման ճամփորդություն՝ հոգնածություն, քաղցած վիճակով՝ փորձ, անքնություն, նվաստացում: Օրինակ, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը հրաժարվել է ռուսական կողմի տրամադրած խղճուկ օրապահիկից՝ երեք օրվա համար 800 ռուբլի (մոտ $28): Մինչդեռ մենակատարներից մեկի հավաստմամբ, մեր գործարարները զգալի հովանավորչական գումարներ էին ներդրել: Այս առիթով ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը «Առավոտին» տեղեկացրեց. «Օրապահիկը, ըստ ստորագրված պայմանագրի, վճարում է ընդունող կողմը: Ցավոք, սահմանված գումարը նորմայից ցածր էր եւ մենք էլ անակնկալի եկանք: Օրապահիկի հետ կապված դեռ վերջնական ճշտումներ չեն կատարվել, բայց հավաստիացնում եմ, որ հաջորդ միջոցառումներին գումարների հետ կապված այս պրոբլեմը կվերանա»: Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի գծով ղեկավար Գայանե Դուրգարյանն էլ ասաց, որ ՌԴ-ում ՀՀ-ի տարվա միջոցառումների համար կառավարությունը հատկացրել է $500.000-ին համարժեք դրամ, «ինչը, անշուշտ, բավարար չէ»: Հարցին, թե համերգային ծրագրի հետ կապված ո՞ւմ պետք է գոհունակություն կամ դժգոհություն հայտնել, տիկին Դուրգարյանը նորից շեշտեց, որ ներկայացված ծրագրում ռեժիսոր Լ. Մովսիսյանը մշակույթի նախարարության ներկայացուցիչն է: Իրենց՝ արվեստագետների բնորոշմամբ, «կրիմինալ օրերին» բառիս բուն իմաստով անտերության էին մատնված հատկապես մեր երեխաները: Խոսքը Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մասին է: Նրանց սննդի հարցը կցել-կցմցելով հոգացել են իրենց ավագ կոլեգաները: Բախտի բերմամբ՝ երեխաները մի անգամ կուշտ կերան՝ Արամոյի ծննդյան օրն էր: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ. Գ. «Կուլտուրա» ալիքը համերգի հեռարձակման տեսագրությունից հանել էր «Նոր հայերի» ելույթը՝ դրանով իսկ պահելով մեր՝ սովորական հայերիս պատիվը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել