Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ, ԱՄՈՒՐԻ

Հունվար 27,2006 00:00

Ըստ
Խոսրով Հարությունյանի, ՀՀ-ն չպիտի ամուսնանա ոչ մի երկրի հետ եւ ոչ էլ՝ «սրա անկողնուց
նրանը մտնի» «ՌԴ վարքագիծը դժվար է այլ կերպ որակել, քան ՀՀ հետ փոխհարաբերությունների
ռազմավարական նշանակությունը միակողմանիորեն վերանայելու քաղաքականություն՝ կարեւորության
ավելի ցածր մակարդակ տեղափոխելու անթաքույց միտումով»,- երեկ հայտարարեց ՀՔԴՄ նախագահ
Խոսրով Հարությունյանը: Գազի սակագների բարձրացման հետ կապված աժիոտաժը ստիպել էր
ՀՔԴՄ-ին հայտարարել որոշ միջոցների անհապաղ ձեռնարկման նպատակահարմարության մասին:
ՀՔԴՄ-ն կոչ է անում «զերծ մնալ հուզական նկատառումներից», քանի որ «միջպետական
հարաբերությունները գթասրտության եւ բարեգործության հետ առնչություն չունեն, դրանք
պետք է բխեն մեր երկարաժամկետ հետաքրքրություններից, ոչ թե որեւէ մեծ պետությանը
դուր գալու ցանկությունից, որեւէ պետության հետ ամուսնական հարաբերությունների մեջ
մտնել պետք չի»: Նա նկատի ունի ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Իրանը. «Կապ չունի՝
Իրանի՞ց, թե՞ Ռուսաստանից ենք կախված: Հայաստանը պիտի պահանջի, որ Իրանից եկող գազը
լինի տարանցիկ՝ դեպի Եվրոպա: Եթե մենք իրանական գազի միայն սպառողը լինենք, ապա անվտանգության
տեսակետից որեւէ փոփոխություն չենք արձանագրի: Հյուսիսի ալտերնատիվը Հարավը չի, ՀՀ
իշխանությունները ինչ-որ մեկի սիրուհին չեն, որ սրա անկողնուց նրա անկողինը մտնեն»:
Խոսրով Մելիքիչը վստահ է, որ ճիշտ ժամանակն է պահանջելու, որ Իրան-Հայաստան կառուցվող
գազատարի տրամագիծը 700մմ-ից 1100մմ դարձվի. «Առավել հարմար պահ այլեւս չենք ունենա,
քանի որ Եվրոպան էլ է ռուսական գազին այլընտրանք փնտրում: Եթե դա ծախսատար է, պետք
է աղբյուրներ գտնել, ոչ թե գնի պատճառով հրաժարվել»: Սակայն մինչ այդ, ըստ
պարոն Հարությունյանի, ՀՀ-ն իրավունք ունի եւ պետք է պահանջի ՌԴ-ից գազի ավելի ցածր
սակագին սահմանել մեր երկրի համար, քանի որ «հետխորհրդային տարածքում Հայաստանից
ավելի լավ պարտնյոր Ռուսաստանը չի ունեցել»: Չնայած դրան, նա չի բացառում, որ ՌԴ-ն
բանի տեղ չդնի մեր պահանջները, եւ այդ պարագայում, ըստ ՀՀ նախկին վարչապետի, ԱԺ նախկին
նախագահի եւ ի վերջո, ՀՀ նախագահի երբեմնի պաշտոնակատարի՝ «ՀՀ-ն պարտավոր է հայտարարել,
որ ՌԴ նախաձեռնությամբ մեր հարաբերությունները հայտնվել են դրանք կարգավորող քաղաքական
պայմանագրերի ոգուն հակասող իրողությունների առջեւ, եւ ՀՀ-ն իրեն իրավունք է վերապահում
համապատասխանեցնել ՌԴ հետ իր հարաբերությունները իր անվտանգության երկարաժամկետ հետաքրքրություններին»:
Այս ենթատեքստում պարոն Հարությունյանը ի նկատի ունի հատկապես «ռուսաստանյան ռազմակայանի՝
ՀՀ տարածքում գտնվելու ժամկետի եւ պայմանների հարցը»: Այստեղ կարելի է շոշափել, ասենք,
ռազմակայանի պահպանման ծախսերի մասով ՀՀ պարտավորությունները դադարեցնելու եւ ռազմակայանի
զբաղեցրած հողատարածքի վարձավճարի արտոնությունները վերացնելու հարցը: Կարելի է վերանայել
ռազմակայանի տեղակայման ժամկետները՝ կախված գազի սակագներից եւ այլն… Ի վերջո,
կարելի է Ռուսաստանին հասկացնել, որ «մեր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ խաղեր չեն»:
Չնայած ՔԴՄ նախագահը նշեց, որ ինքը «դեմ է հակառուսական հիստերիայի ձեւավորմանը»,
սակայն պետք է նախեւառաջ մտածել ՀՀ տնտեսական անվտանգության երաշխիքների մասին: Դրա
համար, ըստ Խ. Հարությունյանի, կան այլ տարբերակներ եւս. օրինակ, ընդունել ԱԺ որոշում
նոր ատոմակայանի կառուցման ռազմավարական կարեւորության վերաբերյալ, ընդունել օրենք
ՀՀ ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներում օտար պետության սեփականությունն
արգելելու մասին եւ պահանջել, որ ՌԴ-ն օտարի ՌԴ կառավարության սեփականությունը հանդիսացող
ՀՀ էներգետիկ օբյեկտները, օրենքով արգելել ՌԱՕԵԷՍ-ին ՀՀ բաշխիչ ցանցերի օտարումը
եւ այլն. «Դեմ չենք, որ, ասենք, ՊՇԵԿ-ը լինի ռուսական որեւէ մասնավոր ֆիրմայի սեփականություն,
բայց ոչ՝ պետության սեփականությունը»: Խոսրով Մելիքիչը այժմ ընդունում է,
որ «սխալ էր «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով մեր որոշ ռազմավարական օբյեկտների հանձնումը
ՌԴ-ին»: «Կարելի էր 150 մլն-ով վաճառել Սեւան-Հրազդան կասկադը որեւէ ռուսական ֆիրմայի
եւ ոչ թե 25 մլն-ով տալ պարտքի դիմաց»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել