Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նեղանաք-չնեղանաք՝

Հունվար 26,2006 00:00

Նեղանաք-չնեղանաք՝ էս ա Օրերս անձնվեր աշխատանքի դիմաց «Անանիա Շիրակացու» մեդալ ստանալուց հետո քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը երեկ հանդիպեց լրագրողներին: Եթե առաջ որոշ պաշտոնատար ընկերներ կարող էին Մանվել Բադալյանից նեղանալ, որ իրենց ծանոթ-բարեկամին չի ընդառաջել, ապա այսօր, ըստ պրն Բադալյանի, դա չկա, բոլոր մարմինների ղեկավարները հիմա ավելի լուրջ են վերաբերվում այս համակարգին, քան 2 տարի առաջ. «Եթե նախկինում հարցնում էիք ճնշումների մասին, դա եղել է բարոյական հարթության վրա՝ մարդկային հարաբերություններից ելնելով: Այսօր մեզնից որեւէ մեկը չի նեղանում: Եթե նեղանան էլ, դա ինձ չի էլ մտահոգում»: Ավելին, պրն Բադալյանը այս 3 տարիների ընթացքում մերժել է տարբեր գերատեսչությունների կողմից արված մոտ 20 միջնորդության կեսից ավելին, որ արվել են որեւէ մեկին աշխատանքից ազատելու կամ տեղավորելու համար: Դրանք մեծ մասամբ բնապահպանության նախարարության կողմից են եղել: Այս տարիներին 98 հոգի դադարել է քաղծառայող լինել՝ փաստաթղթերի կեղծման, մասնագիտական անհամապատասխանության ու կեղծ դիպլոմներ ունենալու համար: «Ցավոք, այդ քաղաքացիներին նման հարցերում օգնում են, որպես կանոն, պաշտոնյաներ, ովքեր տնօրինում են կնիքներ, փաստաթղթեր եւ այլն»: Պրն Բադալյանին խնդրեցինք մանրամասնել, թե հատկապես որ բուհերի պարագայում են կեղծ դիպլոմներ հայտնաբերվել: Անուններ, բնականաբար, չնշվեցին, սակայն, ըստ խորհրդի նախագահի, դրանք հիմնականում մասնավոր բուհերն են: Ընդհանուր առմամբ իրենց առաջին վերապատրաստումն է անցել 5671 քաղծառայող: Ատեստավորումը չանցածների շարքում զգալի թիվ են կազմում բարձր պաշտոնյաները: Մեր խնդրանքով պրն Բադալյանը որոշ չափով բացեց փակագծերը: Այսպես՝ 3 անգամ «բժշկի թղթով» ատեստացիայի չեն ներկայացել եւ աշխատանքից ազատվել են պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության կոմունալ հիգիենայի բաժնի պետը, պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Արարատի մարզային կենտրոնի պետի տեղակալը, ՀՀ հավատարմագրման գործակալության պետի տեղակալը: Ատեստացիոն քննություններում 2 անգամ «կտրվել» եւ «լիկվիդից» առաջ անձնական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել են՝ առողջապահության նախարարության՝ կրթության, գիտության եւ անձնակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետը, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության 2 վարչությունների պետեր, բնապահպանության նախարարության երկրաբանական գործակալության պետը, մշակութային արժեքների պահպանության գործակալության մշակութային արժեքների հայտարարագրման եւ վկայագրման բաժնի պետը, ՀՀ զբաղվածության ծառայություն գործակալության՝ Վաղարշապատի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենը: Ըստ պարոն Բադալյանի, գերատեսչություններում մարդիկ կան, որ առանց ղեկավարներին զգուշացնելու կարող են իրենք իրենց արձակուրդ տալ եւ մեկնել այլ երկրներ: Օրինակ, տրանսպորտի եւ կապի նախարարությունից ինչ-որ մեկը գնացել է Հնդկաստան, եւ ոչ ոք տեղյակ չի եղել այդ մասին: Վերջին պնդման հետ կապված դիմեցինք տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանին, որը «Առավոտին» փոխանցեց. «Հոկտեմբերի 22-23-ին Հնդկաստան էր մեկնել նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը՝ մասնակցելու «Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցք» միջազգային կազմակերպության՝ Հայաստանի լիիրավ անդամ դառնալու արարողությանը, որին մասնակցում էր նաեւ Հնդկաստանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Նույն օրը կազմակերպությանն անդամակցեցին Ադրբեջանն ու Սիրիան: Պրն Բեգլարյանի գործուղումը կատարվել էր, բնականաբար, վարչապետի որոշմամբ: Եթե Մանվել Բադալյանը դա նկատի ունի, ապա առաջինը՝ պետք է հաշվի առնի, որ Հ. Բեգլարյանը քաղծառայող չէ (փոխնախարարը հայեցողական պաշտոն է), երկրորդ՝ պետական պաշտոնյան պետք է ասուլիսներում հանդես գա ճշգրտված փաստերով»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել