Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՅ

Հունվար 26,2006 00:00

ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է Քանի որ Հայաստանում կոսմետիկայի շուկան անվերահսկելի է Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը տարեվերջյան ասուլիսների ժամանակ հատկապես կարեւորագույն ձեռքբերում է համարում տարվա ընթացքում իրականացրած օրենսդրական բարեփոխումները: Դատելով նախարարի վերջին հաշվետվությունից՝ վարչապետը Կարեն Ճշմարիտյանին «լավ» էր նշանակել հենց օրենսդրական դաշտում ունեցած հաջողությունների համար: Մինչդեռ այդ օրենքներից շատերը այդպես էլ թղթի վրա են մնում: Վերջերս շրջանառության մեջ դրվեց «Համապատասխանության գնահատման մասին» օրենքը, որը մեկ առ մեկ սահմանում է վաճառվող ապրանքների փաթեթավորման չափանիշները, իսկ նախարարության որակի տեսչությունը, ըստ այդ օրենքի, հանդես է գալիս որպես վերահսկող մարմին, որը ոչ միայն պետք է հետեւի շուկայում հայտնված մի խումբ ապրանքատեսակների փաթեթավորմանը, այլեւ դրանց որակին: Ինչ վերաբերում է օրենքի դրույթներին՝ ամեն ինչ կատարյալ է, տեսչությունը նույնիսկ արդեն հաստատել է պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ վերահսկողությունը պետք է առավել քան խիստ լինի: Ցանկի հենց առաջին պարբերությունում նշված է կոսմետիկական միջոցների մասին: Պատկերացում կազմելու համար, թե ինչպես է որակի տեսչությունը հետեւում այդ միջոցների փաթեթավորմանն ու վաճառքին, բավական է շրջել միայն կոսմետիկայի նույնիսկ հեղինակավոր վաճառակետերում: Այսօր այդ շուկայում պարսկերեն, չինարեն ու ճապոներեն անհասկանալի տառերով մակնշված շպարման միջոցներից բացի, կան անանուն ապրանքատեսակներ, որոնց արտադրման տեղի մասին շատ հաճախ պատկերացում չեն ունենում նաեւ վաճառողն ու կրպակատերը: Երբ Ագաթանգեղոսի փողոցում տեղակայված կոսմետիկայի խանութներից մեկում հետաքրքրվեցինք, թե որտեղի՞ց են բերված առանց ապրանքի քաշի, ժամկետի, արտադրման տեղի մասին տեղեկություններ պարունակող ստվերաներկերը (ՑպվՖ), վաճառողուհին ասաց. «Եսիմ, նայեք-տեսեք՝ վրեն ի՞նչ ա գրված, եթե բան չկա, ուրեմն Պարսկաստան-մարսկաստանից կլնի»: Խանութներում կարելի է հանդիպել նաեւ անանուն ընկերության արտադրած աչքի մատիտներ, թարթիչների տուշեր, դիմափոշի եւ զանազան կրեմներ, որոնք պարունակում են քիմիական վտանգավոր նյութեր: Երկար ժամանակ օգտվելով նման միջոցներից՝ կանանց մաշկը կարող է շուտ կնճռոտվել ու փչանալ: Ըստ կոսմետիկայի բիզնեսով զբաղվողների՝ նման անհայտ բաղադրությամբ կոսմետիկան Հայաստան է ներկրվում հիմնականում Թուրքիայից: Բացի այդ, Հայաստանը նաեւ կոսմետիկա է ներկրում այնպիսի երկրորդական-երրորդական երկրներից, որտեղ դրանք արտադրող ընկերությունները նույնիսկ ներկայացուցչություն չունեն: Իսկ սա նշանակում է, որ Հայաստան են մտնում այդ երկրների կեղծած ապրանքները: Շուկայի այս բարձիթողի վիճակը հանգեցրել է նրան, որ մեր երկիր այցելած արտասահմանցիները կոսմետիկական միջոցների նկատմամբ վստահություն չեն տածում եւ խուսափում են այստեղից գնումներ անել: Բավական չէ, որ այս կամ այն երկրի կոսմետիկական «աղբն» ենք բերում, դեռ մի բան էլ իրենց կեղծ ապրանքներով շուկան համալրում են տեղական կեղծարարները: Կոսմետիկայի վաճառակետերում հաճախ կարելի է հանդիպել «ընդունում ենք օծանելիքի, շամպունի դատարկ շշեր եւ տուփեր» հայտարարությանը: Դրանք անհայտ հեղուկներով շշալցվելուց հետո կրկին հայտնվում են շուկայում: Ի դեպ, ներկրողները հաճախորդ հավաքելու համար սկզբնական շրջանում աշխատում են ֆիրմաների ներկայացուցիչների հետ եւ տվյալ ապրանքատեսակի քիչ թե շատ լավորակ խմբաքանակն են բերում: Հետո, որպես կանոն, առեւտուր են անում մեծածախ շուկաներից, որտեղ հիմնականում պատենտավորված ապրանքներ են վաճառվում: Այս առնչությամբ հույսներս չենք կարող դնել նաեւ Մաքսային պետական կոմիտեի վերահսկողության վրա, քանի որ ներկրվող կոսմետիկայի վրա ոչ մի սահմանափակում չի դրվում: Մաքսավորների մեկնաբանությամբ՝ եթե նույնիսկ որակի տեսչությունը օրենքը ձեռքին գա ու փորձի չմակնշված, խախտումներով փաթեթավորված կոսմետիկայի խմբաքանակում ստուգումներ իրականացնել, միեւնույն է, շուկայում նորից դրանք կհայտնվեն, քանի որ կոսմետիկայի բիզնեսով զբաղվողները կարող են փոքր խմբաքանակներով բերել՝ պատճառաբանելով, որ անձնական օգտագործման համար է: Այս դեպքում անգամ օրենքը չի կարող դրանց ներմուծումն արգելել: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել