Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂԻ

Հունվար 26,2006 00:00

ԼՐԱԳՐՈՂԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿՎԵԼՈՒ Է ԴԱՏԱՐԱՆ Մեկ շաբաթ առաջ ավարտվել է «Հայլուրի» թղթակից Տաթեւիկ Նալբանդյանի նկատմամբ իրականացված բռնարարքի գործով նախաքննությունը: Ընդդիմության նոյեմբերի 24-ի հանրահավաքից հետո կատարված այդ հարձակումից մի քանի օր անց Հ1-ը հաղորդեց, թե լրագրողը սեփական ուժերով պարզել է իր վրա ձեռք բարձրացրած կնոջը: Սակայն 2005-ի տարեվերջին հրավիրված ասուլիսում գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտնեց, որ թեեւ բռնության այս փաստի կապակցությամբ Մալաթիա-Սեբաստիա համայնքում հարուցվել է քրեական գործ՝ «Քննության ընթացքում դեռ ի հայտ չի բերված անձը, որը ենթակա է քրեական պատասխանատվության, եւ ոստիկանության կողմից ձեռնարկվում են որոնողական աշխատանքներ՝ այդ անձին հայտնաբերելու ուղղությամբ»: Այս հակասության վերաբերյալ մեր հարցին ի պատասխան Տաթեւիկ Նալբանդյանը հայտնեց. «Հավանաբար թյուրիմացություն է, եւ չգիտեմ, թե ինչպես բացատրել: Ես իսկապես դեպքի հենց հաջորդ օրն այդ կնոջը՝ Աննա Բաղդասարյանին ցույց եմ տվել ոստիկաններին: Եվ հաջորդ օրն իսկ՝ նոյեմբերի 26-ին նրանք անցկացրել են ճանաչում եւ առերեսում»: Սեփական հետաքննության առնչությամբ էլ պարզաբանեց. «Ես ուղղակի հաջորդ օրը գնացի հաջորդ հանրահավաքին՝ հույս ունենալով, որ այնտեղ կգտնեմ նրան: Եվ ոչ միայն նրան՝ ես նաեւ հայհոյող կանանց էի փնտրում, քանի որ այդ ամենն արդեն բավական տեւական ժամանակ է, ինչ շարունակվում է եւ ինձ բավական նյարդայնացրել ու վիրավորել է: Ուզում էի գտնել նրանց եւ ասել ոստիկաններին, որ սրանք են խուլիգանություն անում, իսկ այս մեկը խփել է»: Հակասական լուրեր կային նաեւ միջադեպի առնչությամբ՝ մեկ ասում էին, թե հարձակումն անմիջականորեն Տաթեւիկ Նալբանդյանի նկատմամբ է իրականացվել, մեկ էլ, թե հարձակվել են նրան ուղեկցողների վրա, Տաթեւիկը փորձել է պաշտպանել եւ արժանացել հարվածի: «Իրականում երկրորդ տարբերակն է ճշմարտությունը,- ասաց թղթակիցը:- Երկու անչափահաս երեխաներ՝ մի տղա եւ մի աղջիկ, այդ հանրահավաքի ընթացքում զրուցում էին ինձ հետ ու հետեւում այդ ագրեսիվ կանանց բոլոր գործողություններին: Նրանք հետո ինձ ուղեկցեցին մինչեւ մեր մեքենան՝ պաշտպանելու համար, ու նաեւ խնդրեցին, որ իրենց էլ մեզ հետ տանենք մինչեւ գործկոմի շենք: Տղան նստեց մեքենան, աղջիկը պատրաստվում էր նստել՝ այդ կինը հարձակվեց նրա վրա՝ ասելով. «Լրբի լակոտ, դրա շեստյորկե՞քն եք», եւ խփեց աղջկան: Տղան նետվեց իր ընկերուհուն պաշտպանելու, եւ տեսա, որ երեխաները խփում են այդ կնոջը՝ նրանից պաշտպանվելու համար, կինն էլ՝ նրանց: Ես էլ դուրս եկա մեքենայից, փորձեցի բռնել այդ կնոջ ձեռքը եւ հարվածը, որ ուղղված էր այդ աղջկան՝ բաժին հասավ ինձ: Այդ կինը հիմա էլ է պնդում, թե չի ունեցել ինձ խփելու մտադրություն: Բայց նաեւ ճիշտ է այն, որ ինքն այդ երեխայի վրա հարձակվեց իմ պատճառով»: Ի դեպ, հանրահավաքի ընթացքում «Հայլուրի» թղթակցին պաշտպանելու փորձեր է արել նաեւ Արշակ Սադոյանի ղեկավարած ԱԺԴ կուսակցության երիտասարդական կառույցի ղեկավար Կարեն Վարդանյանը: «Նա հանրահավաքի ընթացքում կանգնած էր հարթակի ու հավաքվածների արանքում եւ տեսնում ու լսում էր այդ կանանց հայհոյանքները,- պատմեց Տաթեւիկ Նալբանդյանը:- Փորձեր արեց սաստել, կարգի հրավիրել նրանց՝ ասում էր, որ չօգտագործեն նման բառեր: Ինձ էլ ասում էր. «Տիկին Տաթեւիկ, ես երաշխավորում եմ Ձեր անվտանգությունը», քանի որ տեսնում էր այդ կանանց ագրեսիվությունը, հնչող հայհոյանքներն ու սպառնալիքները: Բայց այդ կանանցից մեկը նրա գլխին էլ թեթեւ հարվածեց ու ասաց. «Պահ, դո՞ւ ով դառար, որ երաշխավորես դրա անվտանգությունը»: Քանի որ Աննա Բաղդասարյանը ՀԺԿ անդամ է, հետաքրքրվեցինք, թե Ստեփան Դեմիրճյանը որեւէ կերպ արձագանքե՞լ է կատարվածին. «Հաջորդ օրը՝ նոյեմբերի 25-ին, երբ դեռ չէի գտել այդ կնոջը եւ հայտնի չէր, թե ով է նա, բայց արդեն հայտնի էին դարձել դեպքի մանրամասները՝ հանդիպեցի Ստեփան Դեմիրճյանին: Նա ասաց, որ շատ ցավում է կատարվածի համար: Հարցրեց մանրամասները, թե ինչպես է եղել: Նույնիսկ ասաց, թե հուսով է՝ չեմ ենթադրում, որ որեւէ առնչություն ունի իրենց հետ: Ի դեպ, այդ կնոջ ՀԺԿ անդամ լինելու մասին ես տեղեկացել եմ միայն մամուլից՝ ինքս իսկապես չգիտեմ, թե արդյոք նա որեւէ կուսակցության անդա՞մ է»: Գործի նախաքննությունն ավարտված է: Ըստ Տաթեւիկ Նալբանդյանի՝ մեկ շաբաթ առաջ իրեն հրավիրել են ոստիկանություն եւ ասել այդ մասին: Շուտով կպարզվի նաեւ դատական քննության օրը: Այս ընթացքում Տաթեւիկ Նալբանդյանը ենթարկվեց 3 ժամ տեւած դիմածնոտային վիրահատության եւ առայժմ չի աշխատում. «Իրականում դա լուրջ ու ծանր վիրահատություն էր. կոտրվածքները կպցնելու համար պիտի կտրտեին եւ այլն: Հիմա էլ դեռ լրիվ վերականգնված չէ, եւ բժիշկը գտնում է, որ ապաքինման մասին կարելի է խոսել 6 ամիս հետո, իսկ լիակատար ապաքինման մասին՝ միայն 1 տարի հետո»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել