Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԻՍԻ՞ ՆԱԽԱՐԱՐ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ

Հունվար 26,2006 00:00

Նրանցից շատերը ցանկանում են, որ մշակույթի նախարար դառնա «չարիքի փոքրագույնը»

Բուհերում քննական շրջանն է սկսվել, սակայն երիտասարդներին, բացի իրենց քննություններից, հետաքրքրում է, թե ով պետք է լինի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարը եւ ինչ արժանիքներով օժտված։

Ուսանողների շրջանում անցկացրած մեր փոքրիկ հարցախույզը ցույց տվեց, որ նրանք մշակույթի գալիք նախարարից չեն ուզում, որ իրենց համար երկնքից աստղեր իջեցնի կամ բոլոր բուհերում վերացնի քննությունները, բայց մի կարեւոր պահանջ, այնուամենայնիվ, ունեն. թատրոնի, կինոյի, ցուցահանդեսների, թանգարանների մուտքի տոմսերի գները պետք է իջեցվեն։ Հարցմանը մասնակից երիտասարդներից շատերն ապագա նախարարին խորհուրդ էին տալիս թափառական երաժիշտների, բացօթյա ցուցահանդեսների կազմակերպման մասին էլ մտածել։

Իհարկե՝ ռոմանտիկ, բայց արդիական ու 21-րդ դարին բնորոշ մոտեցում է։

Երիտասարդների մեծամասնությունը մշակույթի նախարարի պաշտոնում տեսնում է մշակույթի գործող փոխնախարար Կարինե Խոդիկյանին։ Սակայն ոմանց կարծիքով էլ անընդունելի է այս պատասխանատու պաշտոնը վստահել իգական սեռի ներկայացուցչի. «Կանայք չպետք է պաշտոն զբաղեցնեն։ Նրանք բնավորությամբ փոփոխական են, իսկ դա լավ բան չի խոստանում»,- վստահեցրեց ԵՊՃՀ ուսանող Նարեկ Մարգարյանը։

Երիտասարդների առաջադրած թեկնածուների ցանկում են իրենց դասախոսներ՝ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, Ավիկ Իսահակյանն ու Հենրիկ Էդոյանը: Ոմանց նախընտրելի թեկնածուն Սոս Սարգսյանն է: ԵՊՀ ուսանողուհի Հռիփսիմե Խաչատրյանի կարծիքով՝ «միայն ոչ Հենրիկ Էդոյանը։ Նա գրականության փայլուն մասնագետ է, բայց կազմակերպչական հարցերում թերանում է»։

Երիտասարդներին չի գոհացնում նաեւ «Օրինաց երկիր» կուսակցությունը։ Մշակութային ասպարեզում նրանք իրենց չեն արդարացնում, այդ պատճառով ԵՊՀ ուսանող Արարատ Դավթյանն այսպիսի կարծիք ունի. «Մշակույթի ապագա նախարարը թող նախկինների նման չլինի։ Եթե նա պիտի այդպիսին լինի, ավելի լավ է այդ պորտֆելը տալ ՀՅԴ-ին։ Չեմ կարծում, որ վերջիններս փայլում են իրենց գործունեությամբ, բայց գոնե ընտրենք չարիքի փոքրագույնը»։

Իսկ այդ «չարիքի փոքրագույն» նախարարը, ըստ երիտասարդների՝ պետք է լինի հմուտ կազմակերպիչ, արվեստի մարդ, գնահատի մշակութային բարձր արժեքները, աջակցի արվեստագետներին՝ դրսում մեր մշակույթը ներկայացնելու հարցում, երիտասարդներին ներգրավի մշակութային միջոցառումների կազմակերպման մեջ։ ԵՊՀ ուսանողուհի Մանե Մադոյանն այս ամենին ավելացնում է մեկ հատկանիշ եւս. «Ոչ թե միայն ինքն աշխատի, այլ նաեւ կարողանա աշխատեցնել»։

Մեր հաջորդ զրուցակիցը՝ Անի Սարգսյանը վստահ է, որ Արտաշես Գեղամյանը միակն է, ով ունի թվարկված բոլոր հատկանիշները։

Ըստ երիտասարդների՝ պարարվեստի նվիրյալ Վանուշ Խանամիրյանը եւս կարող է ստանձնել մշակույթի նախարարի պաշտոնը։ Եթե ուսանողների մեծամասնությունը մշակույթի նախարար դառնալու համար կարեւոր է համարում մշակութային գործիչ լինելու պայմանը, ապա ԵՊՀ ուսանողուհի Նատաշա Հարությունյանն այլ կարծիք ունի. «Քանի որ մարզիկները կամքով ավելի ուժեղ են, եւ նախարարը ոչ միայն մշակույթի, այլեւ սպորտի (այդպես է կարծում ուսանողը- Տ. Հ.) եւ երիտասարդության հարցերով պետք է զբաղվի, ավելի լավ կլինի այդ պաշտոնը վստահել մի վաստակավոր մարզիկի»։

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել